Ապրիլ 19, 2024
exclusive
11351 դիտում

Արոնյանական շախմատ՝ Մեսսիին հատուկ ֆուտբոլային գրավչությամբ



Աշխարհի գավաթի խաղարկությունում Լեւոն Արոնյանն իր ցուցադրած խաղով ապացուցում է, որ մարզավիճակով չի զիջում նույնիսկ Լիոնել Մեսսին: Մեսսին իր հերթին շախմատային գոլեր է հեղինակում «Բարսելոնայում»: Up&Down-ում Mediamax Sport-ը ընդհանուր գիծ է գտել Լիոնել Մեսսիի, Լեւոն Արոնյանի եւ Անտոնիո Ադանի միջեւ․ նրանք շաբաթվա լավագույներն են:

Լեւոն Արոնյան

Լեւոն Արոնյանը մեկնում էր Թբիլիսի միայն մեկ նպատակով. ձեռք բերել աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր: Մնացած բոլոր ճանապարհները փակվել էին. Բեռլին տանող գլխավոր արահետն անցնում էր Թբիլիսիով: Աշխարհի գավաթի խաղարկության մրցակարգը, մեղմ ասած, դաժան է. դասական շախմատի կանոններով երկու պարտիա, ու եթե հաղթողը չի որոշվում, ապա թայ բրեյք՝ արագ, կայծակնային շախմատ եւ, ի վերջո, արմագեդոն՝ բառն անգամ սարսափ է ներշնչում (մեկ պարտիա, որտեղ սպիտակները ստանում են 5 րոպե, սեւերը՝ 4, բայց սպիատկները պարտավոր են հաղթել): Նույնիսկ ամենաուժեղներն են սայթաքում:

Որոշ դժվարություններ հաղթահարելով՝ Արոնյանը հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ մրցակիցը ուկրաինացի Վասիլի Իվանչուկն էր, ով ժամանակին համարվում էր Լեւոնի ամենաանհարմար մրցակիցը: Ժամանակները փոխվել են, հիմա արդեն Լեւոնն է դարձել Իվանչուկի համար անհարմար մրցակից: Առաջին պարտիայում Արոնյանը զարմացրեց մրցակցին սկզբնախաղային նորույթով, եւ ուկրաինացին երկար մտածեց, հակախաղ չգտավ, մնում էր անձնատուր լինել: Պատասխան պարտիայում Արոնյանը հասավ անհրաժեշտ ոչ ոքիի ու դուրս եկավ կիսաեզրափակիչ: Մասնագետներն Արոնյան – Իվանչուկ դիմակայությանը տվեցին «վաղաժամ եզրափակիչ» անունը, բայց նրանք շտապել էին:

Լուսանկարը` cnn.com


Իսկական ճակատամարտը կիսաեզրափակչում էր: Արոնյանը մրցակիցը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն էր՝ սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխարհում 2-րդը: Դասական շախմատում մտքի վարպետներն արգորեն ոչ ոքիներ գրանցեցին՝ գուցե հիասթափեցնելով շախմատասերներին: Բայց թայ-բրեյքում ամեն ինչ տեղն ընկավ: Արագ շախմատի հենց առաջին պարտիան ավարտվեց ֆրանսիացու հաղթանակով, Արոնյանը հայտնվեց ծայրահեղ ծանր դրության մեջ: Պայքարի մեջ մնալու համար Լեւոնին անհրաժեշտ էր հաղթել երկրորդ պարտիան: Այստեղ Լեւոնը կիրառեց Վաշյե-Լագրավին քաջածանոթ Բենոնիի պաշտպանությունը՝ 15-րդ քայլին մրցակցին անակնկալի բերելով ձիու զոհաբերությամբ: Ֆրանսիացի շախմատիստն ընդունեց զոհաբերությունը, որով Արոնյանը լավ դիրք ստացավ: Վաշյե-Լագրավի նյարդերն աստիճանաբար  տեղի տվեցին, ու 26-րդ քայլին նա հանձնվեց:

Հաջորդ 4 պարտիաներից յուրաքանչյուրում Արոնյանը առավելություն ուներ, սակայն ցայտնոտում չէր կարողանում գտնել դեպի հաղթանակը տանող ճանապարհները: Արդյունքում՝ արմագեդոն, որտեղ Վաշյե-Լագրավն ընտրեց սեւ խաղաքարերը: Նշանակում էր՝ եզրափակիչ դուրս գալու համար Արոնյանը պարտադիր պետք է հաղթանակ տաներ: Միջնախաղում Վաշյե-Լագրավն առավելություն ուներ, սակայն մի քանի ոչ ճշգրիտ քայլից հետո Արոնյանը կենտրոնում երկու ուժեղ անցողիկ զինվոր ստացավ: Թագուհին ընդդեմ նավակի վերջնախաղում Լեւոնը գերազանց օգտագործեց իր առավելությունն ու անչափ կարեւոր հաղթանակ տարավ. եզրափակիչ եւ հավակնորդների մրցաշարի ուղեգիր: Եզրափակչում Արոնյանի մրցակիցը չինացի Դին Լիժենն է: Երկու շախմաստիստներն էլ հասել են իրենց գլխավոր նպատակին. նվաճել են բաղձալի ուղեգիրը: Ինչպես Լեւոնն է նշում, եզրափակիչն էլ բոնուս է, որը հաճելի կլինի հաղթել: Դասական շախմատի առաջին երկու պարտիաները խաղաղ ելք ունեցան, թեեւ երկուսում էլ Արոնյանը լավ հնարավորություններ ուներ հաղթելու: Առջեւում եւս երկու պարտիա է, եթե դրանք էլ ոչ ոքի ավարտվեն, ապա նորից թայ-բրեյք… Մնում է գլխավոր քայլը՝ նոկաուտ հայկական ձեւով: Շաբաթվա լավագույների ցանկն առանց Լեւոնի կկորցներ իր փայլը:

Անտոնիո Ադան

Կյանքի 16 տարին նա նվիրել էր հարազատ ակումբին, որտեղ այդպես էլ չհասկացավ իր դերը: 3 տարի անցկացնելով արքայական ակումբի հիմնական կազմում՝ նրան բախտ վիճակվեց մասնակցել ընդամենը 7 հանդիպման: Մարզինչները ֆուտբոլիստին չէին վստահում, նույնիսկ այն ժամանակ, երբ թվում էր՝ այլ տարբերակ պարզապես չկա: Ծանոթացեք` նա Անտոնիո Ադանն է: Այս պատմությունը հենց նրա մասին է: 2013 թվականին 26-ամյա դարպասապահը գլխիկոր լքելով Մադրիդի «Ռեալը»՝ նույնիսկ գաղափար չուներ, որ տարիներ հետո հարազատ թիմին զրկելու է համաշխարհային ֆուտբոլում անջնջելի ռեկորդ դաջելու հնարավորությունից: Դժվար է ասել՝ Մադրիդն Ադանին ավելի շատ ցավ պատճառեց, թե հակառակը: Բարդ է անգամ հասկանալ՝ ֆուտբոլիստը ներքուստ ինչ է զգում Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Բետիս» խաղից հետո: Ակնարեւ է միայն մի բան․ Մադրիդը նրան չի մոռանա:

Լուսանկարը` uecdn.e


Արքայական ակումբն արդեն կրկնել էր լեգենդար Պելեի «Սանթոսի»՝ 73 խաղից բաղկացած, դաշտից առանց գոլ չհեռանալու հավերժ թվացող ռեկորդը: Մնում էր միայն մեկ գոլ խփել, ու պատմությունը կմոռանար բրազիլացիներին՝ հիշողություններում կմնար Զիդանի «Ոսկե Ռեալը»: «Ռեալը», ինչպես միշտ, խաղը սկսեց տարածքային ու խաղային բացահայտ առավելությամբ: Գրոհները հաջորդում էին մեկը մյուսին: Գնդակը չէր դադարում մանեւռել «Բետիսի» դարպասի ուղղությամբ, բայց հարվածից հարված ավելի շքեղ էր խաղում Ադանը: Ի վերջո՝ Մադրիդը «Բետիսի» դարպասի ուղղությամբ արձակեց  27 հարված, որոնք կամ շեղ էին, կամ Ադանն էր անհավանական դիրքերից փրկում անդալուզյան թիմին: «Ռեալը» չկարողացավ խաղի ընթացքում նույնիսկ մեկ անգամ խոցել իր սանի դարպասը, չնայած կարող էր հաղթել առնվազն խոշոր հաշվով: Սա դեռ չարյաց փոքրագույն էր: Արքայական ակումբը մրցավեճի վերջում գնդակ ընդունեց սեփական դարպասն ու ցավալի պարտություն կրեց:

«Բետիսը» 3 միավոր տարավ Մադրիդից, բայց հաղթանակը պատկանում էր Ադանին: 512 օր առանց գոլի «Ռեալը» խաղադաշտից չէր հեռացել: Մադրիդցիները վերջին անգամ «Բետիսին» պարտվել էին հեռավոր 1998 թվականին: Այս արդյուքնով «Ռեալը» հարվածի տակ դրեց չեմպիոնական հույսերը: Պատմության մեջ ընդամենը 3 դեպք է եղել, երբ մադրիդցիները չեն կարողացել առաջնության մեկնարակային 3 տնային խաղերից որեւէ մեկում հաղթնակ տանել: Այս բոլոր դեպքերում սերուցքայիններն առաջնությունն ավարտել են 6-րդ տեղում: Անտոնիո Ադանի անզուգական ֆուտբոլը «Ռեալին» 7 միավորի հեռավորութան վրա նետեց «Բարսելոնայից»: Նման խաղով 30-ամյա իսպանացին հայտնվեց շաբաթվա լավագույների շարքում: Գուցե շուտով՝ ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականում:

Լիոնել Մեսսի

Անցել են ժամանակները: «Բարսելոնայի» հանրահայտ տիկի-տակային փոխարինելու է եկել  «Մեսսի» կոչված խաղաոճը: Երբ ամենավճռական պահին թեւաթափ են լինում բոլորը, կապտանռնագույների արգենտինացի հավատարիմն իր ձեռքն է վերցնում ղեկն ու թիմին տանում իր հետքերով: Նա հաղթող է, «Բարսելոնան» այլ ելք չունի: Էռնեստո Վալվերդեի գլխավորությամբ կատալանացիներն իսպանական պրիմերայում 100-տոկոսանոց արդյունք են գրանցել եւ 6 տուրից հետո միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Ասել, թե «Բարսայում» ամեն ինչ կարգին է, եւ թիմը վերադարձել է նախկին խաղամակարդակին, նշանակում է՝ ամենաքիչը խեղաթյուրել ճշմարտությունը:

Լուսանկարը` zimbio.com


Ակնհայտ է մեկ բան. Մեսսին է վերադարձել իր տիեզերական ֆուտբոլով: Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում կատալոնացիները սեփական դաշտում ընդունեցին «Էյբարին» եւ հաղթեցին  6-1 հաշվով: Լիոնել Մեսսին իր անվան դիմաց պոկեր գրանցեց, անմիջական մասնակցություն ունեցավ «Բարսելոնայի» 3-րդ գոլի ստեղծմանը, որ եզրափակեց Դենիս Սուարեսը: Լեոյի մոտ խաղադաշտում ստացվում էր ամեն ինչ: «Էյբարի» մի քանի պաշտպաններ միաժամանակ չէին կարողանում վերահսկել ֆուտբոլիստի տեղաշարժը: Խփած գոլերից 3-ը Մեսսին կառուցեց անհատական փայլուն անցումների շնորհիվ: «Էյբարին» հաջորդեց 6-րդ  տուրում «Ժիրոնան»: Մեսսին չդարձավ գոլի հեղիանակ, բայց նրա ներկայությունն արդեն բավարար էր, որպեսզի «Ժիրոնան» սեփական դարպասն ուղարկեր 2 գոլ: Արդյունքում՝ «Բարսելոնան» կրկին հաղթեց: Արգենտինացին 6 խաղում հացրել է դառնալ 9 գոլի հեղինակ եւ բազմաթիվ խնդրիներ ունեցող կատալոնական ակումբին փորձում է դուրս հանել քննադատությունների հսկայական ալիքի տակից: Մեսսին եւս շաբաթվա լավագույների շարքում է, չէ՞ որ նա «Բարսելոնայի»  ֆուտբոլային տերմինատորն է:

Մասսիմո Կարրերա

Ռուսական ֆուտբոլի գլադիատորների փրկությունը 2016 թվականին վստահվեց իտալացի Մասսիմո Կարրերային: «Սպարտակին» չեմպիոնության հասնելու համար իտալական կիրք ու տաքարյունություն էր անհրաժեշտ: Կարրերան իր հետ բերեց այն, ինչ երկար տարիներ պակասում էր մոսկովյան թիմին, այն է՝ նվազագույն ռեսուրսներով առավելագույն արդյունք: «Սպարտակը» 2016-2017 մրցաշարջանում չեմպիոնության հասավ պրագմատիկ ֆուտբոլով, որտեղ խաղերի մեծ մասը թիմին տրվեց նվազագույն առավելությամբ:

Կարմրասպիտակավունների ճակատում ամեն ինչ այնքան հարթ էր, որ որ ռուսական թիմի ղեկավարությունը չեմպիոնական տարվանից հետո՝ 2017-2018 մրցաշարջանից առաջ որոշեց չդիմել շրջադարձային փոփոխություների ու տրանսֆերային պատուհանի ժամանակ չնչին համալրումներ ունեցավ: Մասսիմո Կարրերան իր հարցազրույցներում բազմաթիվ անգամ նշում էր, որ իր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներով «Սպարտակը» կարող է կրկնել չեմպիոնական արդյուքը:

Լուսանկարը` rsport.ru


Խոսքը՝ խոսք, բայց գործը հեռու է իրականությունից: Ռուսական Պրեմիեր լիգայում արդեն կայացել է 11 տուր, որից հետո «Սպարտակը» իր ակտիվում ունի ընդամենը 14 միավոր: Հասկանալու համար, թե որքան բարդ է ետ բերել կորցրածը, կարելի է նշել, որ առաջատար «Զենիթին» Մասսիմո Կարրերայի թիմը զիջում է 13 միավորով: Հարցը միայն վաստակած միավորները չեն: «Սպարտակը» իր վերջին 5 խաղից 3-ն ավարտել է ոչ ոքի, տարել մեկ հաղթանակ եւ կրել մեկ պարտություն: Քննադատություների ալիքը գուցե այսքան մեծ չլիներ, եթե չեմպիոնն անցած երկու տուրում կարողանար առավելության հասնել վտանգավոր գոտում գտնվող թիմերից «Անժիի» ու «Տոսնոյի» նկատմաբ: Երկու դեպքում էլ  մոսկովյան թիմն առաջինն էր գոլ խփել, բայց չէր կարողացել պահպանել առավելությունը, արդյունքում՝ միեւնույն 2-2 հաշիվը: «Տոսնոյի» ուժերի սահմաններում էր նույնիսկ 10 հոգով չեզոքացնել 2 գոլի տարբերությունը: «Սպարատակի» խաղում բացակայում է կարգապահությունը: Ակնհայտ են խնդիրները պաշտպանական գծում: Հարձակման գծում եւս գլուխկոտրուկը քանդված է՝ մրցակիցները գտել են Քվինսի Պրոմեսին ու Լուիս Ադրիանոյին չեզոքացնելու տարբերակները: Եթե այսքանով Մասսիմո Կարերայի զինանոցում եղած չեմպիոնական մարտավարությունները սպառվել են, ուրեմն ժամանակն է վայր դնել զենքերն ու հեռանալ, այլապես երկրպագուների կողմից մոտալուտ հաշվերահարդարից խուսափելն անհնար է լինելու: «Սպարտակը» շաբաթվա բացահայտ ձախողակն է:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին