Ապրիլ 26, 2024
exclusive
16259 դիտում

Մարիա Շարապովան ու Հովհաննես Բաչկովը մագնիսի հակառակ բեւեռներում



Համբուրգում ավարտվեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: ԱՄՆ-ում շարունակվում է թենիսի Մեծ սաղավարտի տարվա վերջին մրցաշարը: Ֆուտբոլում էլ աստիճանաբար թեժանում է պայքարը «Մունդիալ 2018»-ի խմբային փուլի ուղեգրի համար: Mediamax Sport«Up&Down» խորագրում մեկտեղել է համաշխարհային սպորտի կարեւորագույն 3 մրցաշարերի աչքի ընկած մարզիկներին՝ եւ՛ դրական,եւ՛ բացասական առումներով:

Հովհաննես Բաչկով

Լուսանկարը` aiba.org


Սպորտում չեմպիոն են դառնում նրանք, ովքեր բացի ուժից ունեն նաեւ կայուն բնավորություն ու հաղթողի հոգեբանություն: Նշված որակներն առաջին պլան են մղվում հատկապես մենապայքարային ձեւերում: Այս հատկանիշների անմիջական կրողն է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 64 կիլոգրամ քաշային Հովհաննես Բաչկովը: Գյումրեցի բռնցամարտիկը մեկ անգամ չէ, որ դարձել է մրցավարերի կողմնակալ որոշումների զոհ: Ամենաթարմը «Ռիո 2016»-ում կրած պարտությունն էր:  Այսքանից հետո մարզիկների մեծամասնությունը կթողնեին մարզական կարիերան, բայց դա բաչկովյան ոճը չէ: Նա չկոտրվեց եւ վերադարձավ ավելի մեծ հաջողություների հետեւից: 2017թ. Եվրոպայի առաջնությունում Հովհաննեսը հավասարը չուներ եւ դարձավ հին աշխահամասի չեմպիոն: Օրեր առաջ նա իր բարձր կարգը ցույց տվեց նաեւ Համբուրգում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ հասավ մինչեւ կիսաեզրափակիչ ու ապահովագրեց բրոնզե մեդալը: Կիսազրափակչում Բաչկովը պարտվեց մրցակցին մրցավարների միաձայն որոշումով, բայց այս բրոնզե մեդալը եւս մեծ նվաճում էր: Հայաստանի բռնցքամարտի հավաքականը վերջին անգամ աշխահի առաջնությանը մեդալ էր նվաճել 2009թ. Միլանում: Անդրանիկ Հակոբյանի արծաթից հետո Բաչկովը 8 տարի անց նվաճեց  բրոնզե մեդալ: Հաղթողի բնավորությունը, պայքարի ոգին Հովհաննես Բաչկովին թույլ տվեցին լինել շաբաթվա լավագույն մարզիկների շարքում:

Մարիա Շարապովա

Լուսանկարը` eldarioncloud.com


2016թ. Ավստրալիայի բաց առաջնությունը շրջադարձային դարձավ Մարիա Շարապովայի համար: Ռուս թենիսիստուհին հիանալի սկսեց Մեծ սաղավարտի մրցաշարը եւ հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ: Հաջողությունները կրկին մնացին ստվերում, երբ հերթական անգամ ճանապարհին հայտնվեց  Մարիայի «դահիճը»: Սերենա Ուիլյամսը 18-րդ անգամ անընդմեջ ճանապարհից հանեց ռուս թենիսիստուհուն: Գերմարդկային ուժով օժտված Սերենային հաղթահարելու հոգեբանական արգելքը ստիպեց Շարապովային անդառնալի քայլի գնալ: Նա ինքնակամ խոստովանեց, որ արգելված խթանիչ է օգտագործել եւ որակազրկվեց 15 ամսով: Այսքանից հետո մնում էր մտածել, որ Շարապովան այլեւս չի կարողանա վերադառնալ նախկին խաղամակարդակին: Շարապովան վերադարձավ եւ երկարատեւ դադարից հետո մի քանի անկայուն խաղ անցկացրեց: 2017թ. Մեծ սաղավարտի ԱՄՆ-ի բաց առաջնությունը, թվում էր, կվերածվի Շարապովայի քամբեքին: Մարիան մեկնարկեց աշխարհի 2-րդ ռակետ Սիմոնա Հալեպի նկատմամբ դժվարին հաղթանակով: Զգացվում էր, որ ռուս թենիսիստուհու հարվածների ժամանակ պակասում էր կայունությունը, ձեռքն երբեմն վճռական պահին դողում էր: Մարիան աստիճանաբար մարզավիճակ հավաքեց եւ կարողացավ եւս 2 փուլ առաջ գնալ` պայքարից դուրս թողնելով Տիմեյա Բաբոշին եւ Սոֆիա Քենինին: Այսքանից հետո Շարապովայի համար լավ շանսեր էին ստեղծվել կրկին տիտղոս նվաճելու: Սերենայի արգելքն էլ չէր խանգարի: Շարապովան 1/8 եզրափակիչ մրցավեճը հիանալի սկսեց Անաստասիա Սեւաստովայի հետ եւ առաջին սեթում կարողացավ հաղթել 7:5 հաշվով: 2-րդից ամեն ինչ գլխիվայր շրջվեց: Մի քանի տասնյակ չպարտադրված սխալներ, ցանցի մոտ ձախողված հարվածներ, չարդարացված ռիսկային խաղ եւ արդյունքում` պարտություն հաջորդ երկու սեթում: Շարապովայի խաղն ավելի քան անատամ էր վերջին սեթում, որտեղ չէր ստացվում գրեթե ոչինչ: Մենախաղն ավարտվեց՝ 7:5, 4:6, 2:6 հաշվով` հօգուտ լատվիացի թենիսիստուհու: Մարիա Շարապովան հերթական անգամ զրկվեց տիտղոս նվաճելու փայլուն շանսից ու հայտնվեց շաբաթվա ձախողակների ցանկում:

Նիկ Կիրգիոս

Լուսանկարը` USA Today


«Այս թենիսիստի համար մարզաձեւն ամենեւին էլ ամենակարեւոր զբաղմունքը չէ. նա չի ուզում լինել լավագույնը»,- այս խոսքերը պատկանաում են ոչ թե ինձ` տողերիս հեղինակին, այլ հենց մարզիկին: 22 տարեկանում լինել համաշխարհային թենիսի առաջին ռակետը դառնալու հավակնորդ քչերին է վիճակված: Այդ տարիքում քիչ թվով թենիսիստներ կարող են համեմատվել Ռաֆայել Նադալի, Ռոջեր Ֆեդերերի եւ Նովակ Ջոկովիչի հետ: Նա այն հազվադեպ մարդկանցից է, ով կարողանում է երբեմն հեշտությամբ պայքարից դուրս թողնել համաշխարհային թենիսի ծանր  հրետանուն: Նա կարող է հաղթել առանց միավոր տալու, կարող է պարտվել առանց միավորի, կարող է կոտրել ռակետը, ընդ որում՝ մեկ խաղում՝ մի քանի անգամ: Նրանից կարելի է սպասել ամեն ինչ: Թենիսի սիրահարներն առաջին իսկ փորձից կգուշակեն` ում մասին է խոսքը: Ավստրալիան ներկայացնող հունական արմատներով Նիկ Կիրգիոսի գլխապտույտ հաղթնակներին անմիջապես հաջորդում են անակնկալ պարտությունները: 2017թ. ԱՄՆ-ի բաց առաջնությանը չեն մասնակցում Նովակ Ջոկովիչը, Էնդի Մարեյը, Ստեն Վավրինկան, Միլոշ Ռաոնիչն ու Քեյ Նիշիկորին: Հավակնորդների շարքում Նադալն է, Ֆեդերերը, նաեւ Կիրգիոսը: Սպասելիքները՝ սպասելիք, բայց Նիկն այլ պլաններ ուներ:
Ջոն Միլմանի հետ խաղում Կիրգիոսը սեփական մատուցման վրա թույլ տվեց 7 կրկնակի սխալ: Մրցակցի մատուցումների ժամանակ հաղթեց միավորների ընդամենը 34 տոկոսը, 116 մատուցումից կարողացավ առաջին անգամով դիպուկ լինել ընդամենը 69-ում: Միլմանը եւ՛ ցանցի մոտ, եւ՛ մատուցումների ժամանակ, եւ՛ թիկունքում ավելի վստահ տեսք ուներ եւ արդյունքում զիջեց միայն մեկ սեթ: Կիրգիոսը պարտվեց 6:3, 1:6, 6:4, 6:1 հաշվով ու լքեց պայքարը: Պարտությանը հետեւեց վերեւում նշված առաջին միտքը: Այսպիսի անհավասարակշիռ ու անլուրջ վերաբերմունքից հետո Ավստրալիան ներկայացնող թենիսիստը շաբաթվա անհաջողակների ցանկում առաջինն է: Այստեղ մնում է ասել` մարզիկը վատնում է բնատուր տաղանդը:

Ֆրանցիսկո  Ռոման Ալարկոն Սուարես 

Լուսանկարը` Getty Images


2013թ. Մարդիդի «Ռեալը» «Մալագայից»  գնեց թիմի առաջատարին: Սկզբում Մադրիդ եկած մազիչները չէին հասկանում` ինչպիսի անգին զարդ է հայտնվել իրենց թիմի պահեստայինների նստարանին: Հետո միայն հայտնվեց Զինեդին Զիդանը: Ֆրանսիացին վստահեց անհամեմատ մեծ գլուխ ունեցող ֆուտբոլիստին, ով կարճ ժամանակ հետո ապացուցեց, որ այդ գլխում հազիվ են տեղավորվում միլիոնավոր ֆուտբոլային ոչ ստանդարտ մտքերը: Ֆրանսիսկո Ալարկոնին, կամ, ինչպես կարճ նրան դիմում են՝ Իսկոյին Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլիեն Լոպետեգին դիտարկում էր որպես Չավիի փոխարինող: Իսկոն մշտապես կայուն ու գրագետ ֆուտբոլ էր ցուցադրում, բայց թե ինչ արեց նա օրեր առաջ` Իտալիայի ընտրանու հետ խաղում, դժվար է բնորոշել բառերով: Այո, Իսպանիան հաղթեց 3-0 հաշվով, որտեղ դուբլի հեղինակ դարձավ Իսկոն, բայց դա չէ այս պահին ամենակարեւորը: Անկախ գոլերից, այն, ինչ կատարում էր ֆուտբոլիստը խաղադաշտում, պարզապես վայելել էր պետք: Մարկո Վերատիի նման հենակետային պաշտպաններ ժամանակակից ֆուտբոլում գրեթե չկան: Իսկոն Մարկոյի վրայով այնպես էր անցկացնում գնդակը, կարծես մասնակցում էր մարզումային գործընթացի: Իտալիայի հավակաքանի մի քանի պաշտպաններ միաժամանակ չէին կարողանում խլել գնդակը: Իսկոն անընդհատ տեղաշարժեր էր կատարում եւ իր կտրող ու քողարկված փոխանցումներով տարածություն ստեղծում թիմակիցների համար: Ռեալի կիսապաշտպանի հեղինակած երկու գոլերն էլ ֆուտբոլային գրագիտության գագաթնակետը կարելի է համարել: Տուգանայինի անվրեպ իրացում եւ հեռու տարածությունից գոլ, այն դեպքում, երբ  դարպասում ամենակարող Բուֆոնն էր: Իսկոյի շնորհիվ Իսպանիայի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց անմիջական մրցակցին՝ Իտալիային ու շատ մոտ է աշխարհի առաջնության խմբային փուլ մտնելուն: Այսպիսի խաղից հետո Իսկոն շաբաթվա լավագույն մարզիկների ցանկում է:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին