Ապրիլ 24, 2024
exclusive
12708 դիտում

Up&Down. Նադալի ձախողումն ու Մարկոս Ալոնսոյի քամբեքը


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Մարզիկների կյանքի անբաժան մասն են կազմում վերելքներն ու վայրէջքները: Հարց է առաջանում`որտե՞ղ է թաքնված այս վայրիվերումների իրական պատճառը: Այսուհետ Mediamax Sport-ը Up&Down խորագրում կառանձնացնի նախորդ շաբաթվա ընթացքում վայրիվերումներ ունեցած մարզիկներին:

Ռաֆայել Նադալ 

Լուսանկարը` REUTERS


Իսպանիայի ամենատիտղոսակիր թենիսիստի համար շաբաթը համեմվեց երկակի զգացողություններով: «Մատադորը» երկարատեւ դադարից հետո վերջապես կարողացավ թենիսի համաշխարհային դասակարգման աղյուսակում շրջանցել բրիտանացի Էնդի Մարեյին եւ տեղ զբաղեցնել առաջին հորիզոնականում: Աշխարհի նորընծա առաջին ռակետն այս կարգավիճակում մասնակցում էր Ցինցինատիի «Մասթերս 1000» մրցաշարին: Առաջնության վիճակահանությունն ավելի քան հաջող էր դասավորվել իսպանացու համար: Եզրափակչի ճանապարհին Նադալին մրցաշարային 1-ին ցանցում բաժին էին հասել միջին կարգի թենիսիստներ: Ռաֆան մասթերսի բացահայտ ֆավորիտի կարգավիճակով առաջին երկու խաղերում վստահ առավելության հասավ Ռիշար Գասկեյի ( 6:3, 6:4) եւ Ալբերտ Ռամոս Վինոլասի (7:6, 7:2) նկատմամբ: Քառորդ եզրափակչում մրցակիցն ավելի քան անհավասարակշիռ ավստրալացի Նիկ Կիրգիոսն էր: Որքան էլ տարօրինակ թվա, Նիկը բոլոր առումներով գերազանցեց աշխարհի առաջին ռակետին: Նադալը պարտվեց 2 սեթում (2-6, 5-7): 1  ժամ 20 րոպե տեւած խաղում Ռաֆան կատարեց ընդամենը 4 էյս եւ 1 բրեյք: Ձախողված խաղում «Մատադորը» մատուցում կատարելիս 2 անգամ թույլ տվեց կրկնակի սխալ: Ի տարբերություն մրցակցի՝ Կիրգիոսն իր ակտիվում գրանցեց 10 էյս եւ 4 բրեյք: Նադալի մոտ չէին ստացվում հարվածները կորտի հետին գծից: Նիկ Կիրգիոսը երկարատեւ խաղարկումների ժամանակ ուներ մեծ առավելություն եւ կարողանում էր թիկունքից անհավանական հարվածներով միավորներ վաստակել: Ռաֆային պակասում էր արագությունն ու հարվածների ուժգնությունը: Նիկ Կիրգիոսը, անակնկալ հաղթանակով ոգեւորված, հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ պարտվեց Գրեգոր Դիմիտրովին: Ռաֆայել Նադալն իր անփառունակ խաղով շաբաթվա ձախողակը դարձավ:

Մարկոս Ալոնսո

Լուսանկարը` REUTERS


Երբ ոստիկանները 2011թ. հարբած վիճակում ավտովթարից հետո ձերբակալեցին անգլիական «Բոլթոնի» պաշտպան Մարկոս Ալոնսոյին, ֆուտբոլային բոլոր  մասնագետները միաձայն ասացին, որ Մարկոսի ֆուտբոլային կարիերան ավարտված է: Վթարից ժամեր անց Ալոնսոյի հետ մեքենայում գտնվող ուղեւորը մահացավ: Իսպանական դատարանը նախ ազատազրկման դատապարտեց Մարկոսին: Ֆուտբոլիստը 600 հազար եվրո գրավ վճարելուց հետո ազատվեց բանտից: Ալոնսոն դուրս եկավ եւ սկսեց լրջորեն զբաղվել ֆուտբոլով: Արդյունքը երկար սպասել չտվեց: 2016թ. Մարկոս Ալոնսոն «Ֆիորենտինա»-ից տեղափոխվեց «Չելսի»: Սկզբում ֆուտբոլային մասնագետներն անլուրջ վերաբերվեցին Անտոնիո Կոնտեի այս ձեռքբերմանը, բայց հետո հասկացան, որ Կոնտեի 3-4-3 խաղային մարտավարությունում Ալոնսոն անփոխարինելի օղակ է: Անգլիայի գործող չեմպիոն «Չելսի»-ն «Պրեմիեր լիգա»-ի 2017-2018 մրցաշրջանը մեկնարկեց անակնկալ պարտությամբ: 2-րդ տուրում ազնվականներն առանց Դիեգո Կոստայի, Էդեն Ազարի, Գարի Կեհիլի եւ Սեսկ Ֆաբրեգասի լոնդոնյան դերբիիում մրցում էին «Տոտենհեմի» դեմ: Ո՞վ էր լինելու «Չելսի»-ի առաջատարը: Իհարկե, մշտապես կայուն Մարկոս Ալոնսոն: Իսպանացին 24-րդ րոպեին տուգանային ֆանտաստիկ հարվածով առաջ մղեց «Չելսի»-ին: «Տոտենհեմ»-ը մեծ ջանքեր գործադրելուց հետո, ունենալով խաղային եւ տարածքային աննշան առավելություն, կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը: Ինքնագոլ գրանցեց «Չելսի»-ի կազմում փոխարինման մտած Միշի Բաքշուային: Ալոնսոն ամբողջ խաղի ընթացքում պաշտպանությունում մեծ ծավալի աշխատանք կատարելուց հետո` 88-րդ րոպեին հաղթանակ պարգեւեց «Չելսի»-ին: Կապույտները, պրեսինգ կիրառելով, Ուգո Լյորիսի սխալից հետո խլեցին գնդակը: Ալոնսոն, սկսելով թիմի նոր գրոհը, ստացավ Պեդրոյի փոխանցումը եւ անկասելի հարվածով դուբլ գրանցեց: Հույժ կարեւոր խաղում «Չելսի»-ն 3 միավոր վաստակեց Ալոնսոյի ակտիվ, հարձակողական խաղի շնորհիվ: Մարկոսը շաբաթվա հաջողակների ցանկում է:

Նեյմար Ժունիոր

Լուսանկարը` REUTERS


Խորագիրն եզրափակում ենք բրազիլացի հարձակվողով: Դեռ օրեր առաջ համաշխարհային ֆուտբոլը ցնցվեց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերով: Նեյմարը 222 միլիոն եվրոյով, այն էլ կատալանոկան «Բարսելոնա»-ից տեղափոխվեց «Պարի Սեն Ժերմեն»: Հարց է առաջանում` ի՞նչ պետք է անի բրազիլացին վճարված գումարը փոխհատուցելու համար: Պատասխանը՝ միլիոնավոր փարիզեցիներին երջանկացնել: Նեյմարի աշխատանքի պտուղները երկար սպասել չեն տալիս: Բրազիլացին նորամուտի խաղում գոլ ու գոլային փոխանցում գրանցելուց մեկ տուր հետո առաջին անգամ տնային հանդիպում էր անցկացնում «Պարկ դե Պրենս» մարզադաշտում: Մրցակիցը՝ «Թուլուզ»-ն էր: Առաջին իսկ րոպեներից դաշտում ակնհայտ աչքի էր զարնում, թե ով է ՊՍԺ-ի առաջատարը: Կար տպավորություն, որ Նեյմարը երկար տարիներ է խաղում Փարիզում: «Պարի Սեն Ժերմեն»-ի բոլոր գրոհները զարգանում էին բրազիլացու անմիջական մասնակցությամբ: Նեյմարը ժլատություն չէր անում եւ նույնիսկ ամենահարմար դիրքերից գնդակ էր կիսում թիմակցիների հետ: Արդյունքում` «ՊՍԺ»-ն նույնիսկ տասը հոգով հաղթեց 6:2 հաշվով: Նեյմարն իր անվան դիմաց գրանցեց դուբլ, երկու գոլային փոխանցում, վաստակած 11-մետրանոց հարված եւ մի քանի անզուգական հնարք: «Պարկ դե Պրենս»-ում բրազիլացու բենեֆիսը թույլ է տալիս նրան ընդգրկել շաբաթվա լավագույն մարզիկների շարքում:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին