Ապրիլ 24, 2024
exclusive
50294 դիտում

Անմոռանալի հաղթանակ. Լեւոն Արոնյան


Լուսանկարը` chessblog.com


Լեւոն Արոնյանը Հայաստանի շախմատի հավաքականի հետ նվաճել է բազամաթիվ ոսկե մեդալներ: Մեր թիմի առաջին խաղատախտակը երկար տարիներ գտնվում է վստահելի ձեռքում, որն էլ թիմային մրցաշարերում շատ կարեւոր միավորներ է բերում Հայաստանին:

Mediamax Sport«Անմոռանալի հաղթանակ» շարքում այս անգամ սիրով զրուցել է Արոնյանի հետ:

Հաղթանակներ իմ կարիերայում շատ եմ ունեցել: Բայց 2012-ին Ստամբուլում Համաշխարհային Օլիմպիադայում ոսկե մեդալ նվաճելն առանձնահատուկ է ինձ համար:

Բոլորիս մոտ այնքան մեծ էր հաղթելու ցանկությունը, որ բառերով չեմ կարող նկարագրել: Այդպիսի ուրախություն ես չէի ունեցել:

Ստացվեց այնպես, որ Ռուսաստանի թիմի հետ հավասար միավորներ ունեինք: Ամեն հանդիպում կարեւոր էր դառնում: Այդ տարի նրանք ֆենոմենալ ուժեղ հավաքականով էին եկել:

Գերմանիայի հետ շատ բարդ պարտիաներ ստացվեցին: Գաբրիելը պարտվեց, Սերգեյը ոչ-ոքի խաղաց, Վլադիմիրը հաղթեց: Ես նույնպես հաղթեցի, քանի որ հակառակորդս շատ վատ խաղաց: Այդ օրը այնքան էներգիա կար մեջսր, որ չէի կարողանում հանգիստ մտածել: Այնքան ակտիվ էի, որ լավ դիրքը բաց թողեցի, բայց կարողացա հետ բերել ու հաղթել:

Նախավերջին տուրում վիճակահանությունն այնպես եղավ, որ ռուսներն ընկան թույլ Արգենտինայի, իսկ մենք՝ ուժեղ Հոլանդիայի հետ: Ճիշտն ասած զարմացանք, որովհետեւ ուրիշ ձեւ պետք է լիներ, բայց չկոտրվեցինք: Հոլանդիային 3:1 հաշվով հեշտությամբ հաղթեցինք ու մոտեցանք եզրափակիչ հանդիպմանը:

Վերջին խաղում հաղթեցինք Հունգարիային: Սերգեյը հաղթեց, ես ու Գաբրիելը ոչ-ոքի արեցինք: Վլադիմիրը դեռ խաղում էր Պոլգարի հետ, շահած դիրք ուներ, բայց զոհաբերություն արեց ու վտանգավոր պահ ստեղծեց: Մենք զարմացանք, երեւի Պոլգարն էլ վախեցավ այդ դիրքից ու չփոխանակեց խաղաքարերը: Արդյունքում ոչ-ոքի արեցին: Մենք հաղթեցինք ու սպասում էինք, թե Ռուսաստանն ինչպես կավարտի հանդիպումը: Խառը վիճակ էր, հաշվարկներ էինք անում, բայց մեջներս վախ կար, բա որ…

Որոշ ժամանակ անց արդեն հանգիստ շունչ քաշեցինք, որովհետեւ մենք Օլիմպիադայի չեմպիոններ էինք: Հետո որոշեցինք նշել: Ես խմեցի Ռուսատանի թիմի կենացը, քանի որ իրենք այնքան հզոր են, որ միշտ 2-րդ տեղն են գրավում՝ առջեւում թողնելով Հայաստանին:

Շատ հայեր էին եկել մեզ երկրպագելու, Ստամբուլում ապրող իմ հայ ընկերներն էլ էին այնտեղ: Բոլորս այնքան ուրախ էինք, դժվար է այդ ամենը նկարագրել:

Նախապես որոշել էի, որ այս մրցաշարից հետո պետք է գնամ Հորդանան հանգստանալու: Բայց ամեն ինչ կասեցրի, հետ տվեցի տոմսերն ու տղաների հետ եկա Երեւան: Սա մեծ հաղթանակ էր, դժվար է ասել, ինչ էի զգում: Դրանք մեր թիմի լավագույն տարիներն էին:

Լեւոն Արոնյանի հետ հաղթանակով կրկին ուրախացել է Գոհար Նալբանդյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին