Ապրիլ 18, 2024
exclusive
50885 դիտում

Մարտիրոսյանների ներդաշնակ ընտանիքի բանաձեւը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհի ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանն իր գեղեցիկ ընտանիքի հետ բնակվում է Գյումրիում: Բայց մեր հանդիպումը կայացավ Երեւանում, քանի որ նրա կինը՝ Ալինան, այդ օրը հաջողությամբ ավարտել էր ԵՊՀ-ի լրագրության ֆակուլտետն ու դիպլոմ ստացել:

Մարտիրոսյանների հետ ժամանակն աննկատ արագ անցավ՝ գյումրեցիներին հատուկ հումորով, հետաքրքիր պատմություններով ու ընտանեկան ջերմ զրույցներով:

Mediamax Sport«Մեկ հարկի տակ» շարքն այս անգամ պատմում է ծանրորդի ընտանիքի մասին:

Տիգրան. Ալինան մեր հարեւանի բարեկամն է: Պատահական ենք հանդիպել, ու ամեն ինչ այդպես սկսվել է:

Ալինա. Բայց ինչո՞ւ չես ասում, թե առաջինն ի՞նչն է գրավել քեզ, երբ դեռ դեմքս էլ չէիր տեսել՝ ես տղամարդու ներկայությամբ կամաց էի խոսում:

Տիգրան. Լավ հիշեցրեց, հենց դա էր, որ միանգամից գրավեց ինձ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ալինա. Փոքր տարիքում միշտ հորաքրոջս տուն եմ գնացել, երկար ժամանակ մնացել, բայց նախկինում երբեք չէինք հանդիպել: Իհարկե, որպես մարզիկ գիտեի Տիգրանին, ինչպես բոլոր հայերը միշտ հպարտացել եմ նրանով, բայց ելույթներին չեմ հետեւել: Միայն մեկ անգամ եմ նայել՝ կապույտ մարզահագուստով էր:

Տիգրան.  2006-ին Դոմինիկյան Հանրապետությունում Աշխարհի առաջնությունն էր, ես էլ բրոնզե մեդալակիր դարձա:

Ալինա. Տիգրանի հետ ամենակարեւորն ինձ ապահով եմ զգում, շատ վստահելի է:

Տիգրան. Մեր ծանոթության հենց սկզբից գիտեի, թե ինչով են ավարտվելու հարաբերությունները: Զգացինք, որ մեր մեջ ներդաշնակություն կա, ու եղավ նաեւ ամուսնության առաջարկությունը: Հանդուրժողականությունը, զիջելու ունակությունն ու տոլերանտությունը կնոջ համար շատ կարեւոր են: Եթե Ալինան այդ գծերը չունենար, կինս չէր լինի:

Ալինա. Ինձ համար շատ հեշտ էր Երեւանից տեղափոխել Գյումրի, առհասարակ տեղափոխությունները շատ հեշտ եմ տանում, շուտ հարմարվող եմ: Գյումրին շատ եմ սիրում, միշտ էլ հավանել եմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Տիգրան. Յուրաքանչյուր երեխայի ծնունդ հրաշք է, Նարեն էլ մեր կյանքը իմաստավորեց: Երեխայի հետ հայացքներն են փոխվում, պարտավորություններն ու պատասխանատվությունն է ավելանում, միայն քեզ համար չես ապրում:

Ալինա. Այն տարիները, որ մինչեւ Նարեն եմ ապրել, ուղղակի ապրել եմ, իսկ Նարեից հետո կյանքն եմ վայելում՝ իր բոլոր երջանիկ պահերով: Երբ երկուսով եք՝ պարզապես զույգ եք, իսկ բալիկի հետ ընտանիք եք դառնում: Յուրաքանչյուր կնոջ երազանքը գեղեցիկ ընտանիք ունենալն է:

Տիգրան. Մայրիկս Նարեկ անունը շատ է սիրել, ցանկացել է, որ իմ անունը դնեն: Երբ ծննդականս տվել են, կարծել է Նարեկ է կարդալու, սակայն Տիգրան է եղել գրված: Այդ անունը ես էլ եմ սկսել սիրել, ու երբ աղջիկ ունեցանք, Նարե դրեցի:

Ալինա. Նարեն իր հայրիկին է շատ նման, անգամ դրվագներ կան, Տիգրանն էլ նույն կերպ կվարվեր, ինչպես Նարեն: Նա շատ համառ է ու սիրում է իր ասածն առաջ տանել, չէ-ն ոչ մի դեպքում հա չի դառնում: Դեռ 4 ամսական էր, առաջինը պապա է ասել, որքան էլ տարօրինակ լինի: Սիրում է պարել, երգել, նոր բաներ սովորել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Տիգրան. Նարեն միշտ ուզում է առաջինը լինել: Չեմ կարծում, թե մարզիկ կդառնա, ոչ թե չեմ ուզում, այլ շատ հեռու է սպորտից: Ասում են երեխաներին կուռք մի դարձրեք, որովհետեւ հետո զոհաբերումներ կպահանջեն: Թող էսօր լա, որ վաղը քեզ չլացացնի, այդ սկզբունքով ենք դաստիարակում նրան, իր օգտի համար կարգապահություն պահում:

Ալինա. Այն տեղերում, որ ես որոշել եմ խիստ լինել, ավելի շուտ Տիգրանն է փափկում: Պաշտպանողի դերում նա է ավելի շատ հանդես գալիս:

Տիգրան. Եթե Ալինան զսպանակները չքաշի, ես կանեմ: Բայց եթե նա խիստ է, ես եմ զիջում:

Ալինա. Այն ընտանիքներում, որտեղ սեր ու համերաշխություն կա, արդեն էական չէ առավոտն ինչպես կսկսվի՝ միասին սուրճ խմելով, նախաճաշելով, թե ամեն մեկն իր աշխատանքին շտապելով: Եթե փոխադարձ հոգատարություն ու հարգանք կա, բոլոր գործողություններում էլ կարելի է գտնել երջանկանալու որեւէ առիթ:

Տիգրան. Մինչեւ մեր հանդիպելն էլ Ալինան սովորում էր, շարունակեց նաեւ ամուսնանալուց հետո:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ալինա. Բոլոր ցածր գնահատականները գործնական դասերից բացակայելու պատճառով էին: Միայն մեկ անգամ է եղել, որ Տիգրանի մասին եմ գրել: Շախմատային մեկնաբան Գագիկ Հովհաննիսյանն ակնարկ էր հանձնարարել, ու ես Տիգրանի մասին գրեցի, որովհետեւ ոչ մեկի մասին չէի կարող: Բոլորը բարձրաձայն կարդում էին, թե ում մասին է իրենց աշխատանքը, ես կամաց դրեցի սեղանին ու խնդրեցի չկարդալ: Բարձր գնահատական ստացա: Ինձ համար մեծ ձեռքբերում է, որ 2 դիպլոմ ստացա՝ կյանքի ու ժուռնալիստիկայի ֆակուլտետի: Բայց ընտանիքն ինձ համար միշտ առաջին տեղում է:

Տիգրան. Ես Գյումրին շատ եմ սիրում, քաղաքի սիրած վայրերից է «Մայր Հայաստանի» հուշահամալիրի տարածքը: Յուրաքանչյուր գյումրեցու համար այն բացառիկ է, ես էլ բացառություն չեմ: Մեկ տարի արտերկրում ապրել եմ, էլ ցանկություն չունեմ մեր երկիրը լքելու, չնայած երբեք չգիտես, կյանքն ինչպես կդասավորվի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ալինա. Տիգրանը յուրահատուկ հումոր ունի, շատ դեպքեր են եղել, որ ես այդպես էլ չեմ իմացել, ճիշտն է ասում, թե կատակում է:

Տիգրան. Ես ինձ ընդհանրապես հումորով չեմ համարում, այնպիսի հումորով մարդիկ կան, որ մահվան դատապարտվածին կստիպեն ծիծաղել:

Ալինա. Կանայք մի քիչ զիջող պետք է լինեն, իրենց վրա չվերցնեն տղամարդկանց բնորոշ գծեր, իրենց ուզածն առաջ տանեն: Իմ շրջապատում էլ ընկերուհիներ ու ծանոթեր ունեմ, որոնք այդպես են անում, դա փչացնում է ընտանիքի համն ու հոտը: Ուղղակի իրար հարգելը շատ կարեւոր է, երբ դիմացինը հանուն քեզ փորձում է կենցաղային փոքր զիջումների գնալ:

Տիգրան. Ընտանիքն այն ուժն է, որը հավասարակշռության է բերում արտաքին աշխարհի բացասական երեւույթները: Տանը միայն ներդաշնակություն ու սեր պետք է տիրեն, որպեսզի կարողանաս կենտրոնանալ նաեւ աշխատանքիդ վրա: Ընտանիքն աշխարհից բաժանող դարպասն է, ու այնտեղ կատարվող ամեն ինչ շատ կարեւոր է:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին