exclusive
53568 դիտում

Ռոման Ամոյանի չարաճճի երեխաներն ու գեղեցիկ ընտանիքը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի առաջնության արծաթե ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանի հետ պայմանավորվում ենք հանդիպել շաբաթ օրը, որպեսզի ողջ ընտանիքը ներկա լինի:

Չնայած կարիերան ավարտել է, բայց չի կարողանում կտրվել ըմբշամարտից ու շարունակում է մարզվել, կինը՝ Նոնան, աշխատող մայրիկի հիանալի օրինակ է: 3 երեխաների դաստիարակության հետ հասցնում է նաեւ բժշկությանը ժամանակ տրամադրել:

Չարաճճի, անմիջական, գեղեցիկ ու պայծառ երեխաներն ամբողջացնում են ներդաշնակ ընտանիքի պատկերը: Միանգամից երեւում է, որ նրանք սիրով ու ջերմությամբ լի ընտանիքում են մեծանում:

Mediamax Sport-ն իր նոր՝ «Մի հարկի տակ», շարքի մեկնարկը տալիս է Ամոյանների գեղեցիկ ու շատ հյուրասեր ընտանիքով:

Ռոման. Կնոջս հետ ծանոթացել ենք բժշկական համալսարանում: Ընկերս այնտեղ էր սովորում: Նոնայի միայն անունը գիտեի ու լուսանկարն ունեի, բայց երկար փորփրեցի ու դժվար ճանապարհներով վերջապես հասա նրան:

Նոնա. Մինչեւ հիմա Ռոմանը մեր ծանոթության օրը Նազիկ Ավդալյանի Աշխարհի չեմպիոնությամբ է հիշում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռոման. Իսկապես այդպես է, Նազիկի ելույթին էլ համալսարանում եմ հետեւել: Աստծուն շնորհակալ եմ, որ այսպիսի հիանալի ընտանիք ունեմ՝ 2 աղջիկ ու 1 տղա: Սպորտային կարիերաս ավարտելուց հետո ավելի շատ ազատ ժամանակ եմ ունենում ու այն փորձում եմ ընտանիքիս հետ անցկացնել:

Նոնա. Երեխաների անունները ես եմ որոշել, բայց համոզված եմ, որ Ռոմանի սրտով է եղել: Մեծ աղջկաս անվանել ենք Ռոմանի մայրիկի պատվին՝ Սվետլանա, միջնեկս՝ Կարինան, Ռոմանի քրոջ անունն է, իսկ Արմանի անունն ուղղակի եմ ընտրել:

Ռոման. Երբ առաջին անգամ հայր դարձա… միայն այդ պահն եմ հիշում, այնքան էինք ուրախացել ու ընկերներիս հետ նշել, որ դրանից հետո էլ ոչինչ չեմ հիշում:

Նոնա. Երկուսս էլ շատ զբաղված ենք: Ես աշխատում եմ համալսարանական կլինիկական համար 1 հիվանդանոցում, ինչպես նաեւ դասախոսում եմ Երեւանի պետական բժշկական համալսարանի ռադիոլոգիայի ամբիոնում:

Ռոման. Պատկերացրեք մարզիկի ու բժշկի օրն ինչպես կանցնի (ծիծաղում է): Չնայած պրոֆեսիոնալ սպորտից հրաժարվել եմ, բայց իմ ամենօրյա մարզումները շարունակում եմ անել: Ես առավոտյան գնում եմ մարզումների, նա՝ աշխատանքի:

Նոնա. Սվետլանային տանում ենք մանկապարտեզ, փոքրիկները դայակի հետ մնում են տանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռոման. Սվետլանան շատ սպորտային է, ճկուն, բայց միշտ խուսափում եմ նրան սպորտի տանել, գիտեմ, որ վերջը վատ է լինելու: Եթե նա խորանա պրոֆեսիոնալ սպորտում, էլ հետ պահել չի լինի: Զգում եմ, որ ձիրք ու ցանկություն ունի, շատ համառ է, խոստացել եմ մարմնամարզության տանել, ըմբշամարտը մի կերպ հանել եմ մտքից: Մեր ընտանիքում սպորտը գեներով է փոխանցվել: Նախ քեռիներս են մարզվել, ապա ես ու եղբայրներս, հիմա էլ եղբորս որդին է հաջողություններ գրանցում:

Նոնա. Ռոմանը միշտ Սվետային է նկարագրում, որովհետեւ իրեն ավելի է նման (ծիծաղում է): Կարինան ավելի աղջկական է, նուրբ ու համոզվող, կանացի բնավորության գծերը նրա մոտ ավելի ընդգծված են:  Իսկ Արմանը դեռ փոքր է, հնարավոր է հայրիկի մրցաշարերը տեսնի ու սպորտով զբաղվելու ցանկություն ունենա: Բայց ես չեմ ցանկանա, որովհետեւ Ռոմիկի համար այնպիսի սթրես ու ապրումներ եմ ունեցել, չեմ ուզում երեխայիս համար էլ ցավել, նրա դեպքում շատ ավելի դժվար կլինի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռոման. Տղայիս շատ էինք սպասում:

Նոնա
. Շատ էիր սպասում (ծիծաղում են): Ռոմանն այնքան շատ էր սպասում մեր որդուն, բայց իր 2 աղջիկներին ավելի շատ ժամանակ է տրամադրում ու սիրում, գուցե, Արմանը դեռ փոքր է, դրա համար: Աղջիկներն ահավոր կապված են Ռոմանի հետ: Երբ նա հավաքների կամ մրցումների էր լինում, Սվետան դեռ մի քանի ամսական էր, ջերմություն էր ունենում, վատ քնում, հայրիկի բացակայությունը զգում էր: Դա կարոտի ջերմաստիճան է կոչվում:

Ռոման. Ես նման բաների չէի հավատում, բայց հետո համոզվեցի: Զարմանում էի, թե երեխան ինչպես է զգում, որ հեռու եմ, բայց հենց բացակայում էի անքնություն էր ունենում ու ջերմում:

Նոնա. Ռոմանը հիանալի հայրիկ է, նրան կարելի է հանգիստ միայնակ թողնել երեխաների հետ: Չնայած 15 րոպեն մեկ կարող է զանգել, բայց հաստատ ամեն ինչ տեղը տեղին կանի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռոման. Այդպիսի դեպքերից մեկի մասին պատմեմ: Մեծ աղջիկս դեռ փոքր էր, տանը միասին էինք մնացել, շատ ակտիվ ու շարժունակ էր: Մարզումից առաջ 1 ժամ պետք է քնեի, որ վերականգնվեի: Որոշեցի նրան կողքիս պառկեցնել, խորը քնեցի ու մեկ էլ բարձր աղմուկից արթնացա: Երեխան գլորվել էր անկողնուց ու ընկել գետնին:

Նոնա. Երեքի հետ էլ նման բան եղել է, 2 օր առաջ էլ Արմանն է ընկել:

Ռոման. Աղջիկների դաստիարակության հարցում ես մայրիկին լիովին վստահում եմ, իսկ տղայիս դեպքում բնականաբար ես կզբաղվեմ:

Նոնա. Մեր ընտանիքում շատ ենք կարեւորում ազնվությունը: Առաջին հերթին երեխաների մեջ պարտադիր դա է պետք սերմանել: Ծնողների ու իրար հանդեպ ազնվությունը: Մենք էլ փորձում ենք չխաբել երեխաներին, եթե մի բան ենք խոստանում, պարտադիր կատարում ենք: Սովորեցնում ենք իրար հետ մաքսիմալ անկեղծ լինել: Սվետան շատ չարաճճի է, մանկապարտեզում տղաների հետ է սիրում խաղալ, դա ենք ուզում շտկել, որ ավելի աղջկական լինի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռոման. Շատ կցանկանամ, որ աղջիկներս մայրիկի պես սովորեն ու հաջողություններ ունենան:

Նոնա.
Ես արդեն որոշել եմ երեխաների մասնագիտությունը (ծիծաղում է): Մեծս իմ պես ռադիոլոգ կդառնա, միջնեկս՝ ատամնաբույժ, իսկ Արմանը սրտաբան կամ վիրաբույժ կլինի:

Ռոման. Ընտանիքով սիրում ենք միասին ժամանակ անցկացնել, լինել Ծաղկաձորում կամ Դիլիջանում: Իսկ հավաքույթներ հաճախակի ենք կազմակերպում: Ընտանիքներով հավաքվում ենք, միասին լավ ժամանակ անցկացնում:

Նոնա. Մեզ համար կապ չունի՝ որտեղ ենք, եթե իրար հետ ենք, տանն էլ կարող ենք լավ հանգստանալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռոման. Բոլոր ընտանիքներին ամենակարեւորը առողջություն եմ մաղթում, որ համերաշխ լինեն, սիրեն ու հարգեն իրար: Փոխըմբռնումով մոտենան միմյանց, որովհետեւ կյանքն անկանխատեսելի է ու սիրուց բացի ոչինչ կարեւոր չէ: Ցանկանում եմ, որ ջերմությունը լինի մեր ընտանիքներում:

Նոնա. Ընտանիքի ամրությունը կնոջ ձեռքերում է: Յուրաքանչյուր ընտանիքում պետք է հնարավորության սահմաններում բազում երեխաներ լինեն, որ մեծանաս ու զգաս, ինչ բանակ ունես մեջքիդ հետեւում: Ընտանեկան կյանքը միապաղաղ չէ, կոնֆլիկտներ էլ են լինում, լավ ու ուրախ պահեր էլ: Բայց երբ բոլորը հավաքվում են, դա է ամենակարեւորը: Երեխաները պետք է անցնեն մանկության, պատանեկության ու երիտասարդության բոլոր փուլերն ու հասցնեն ամեն ինչ անել իրենց կյանքում:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին