Ապրիլ 24, 2024
exclusive
79209 դիտում

Հայաստանի պատանեկան ֆուտբոլն ու Իսլանդիայի փորձը


Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` FC Banants

Լուսանկարը` the guardian

Լուսանկարը` FC Lori

Լուսանկարը` FC Gyumri

Լուսանկարը` the guardian

Լուսանկարը` FC Banants

Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` The National

Լուսանկարը` the guardian


Վերջին տարիներին հայկական ֆուտբոլում արձանագրվող հետընթացը խիստ տեսանելի է: Անհաջողություններ են գրանցվել բոլոր տարիքային հավաքականներում, միջազգային ասպարեզում հայկական ֆուտբոլը շարունակում է անմրցունակ մնալ:

Ֆուտբոլով զբաղվող երեխաների թվաքականի պակաս մեր երկրում չկա, թվում է՝ պայմաններն էլ ավելի լավն են դառնում, սակայն դրանից մեր ֆուտբոլը որեւէ կերպ չի շահում:


Պատանեկան ֆուտբոլում կարծես թե ամեն ինչ լավ է, եւ ֆուտբոլի ֆեդերացիան, եւ ակումբները դժգոհություններ չեն արտահայտում: Այդ դեպքում անհասկանալի է մնում, թե որտեղ են թաքնված պարտությունների պատճառները:


Mediamax Sport-ը զրուցել է մանկապատանեկան ֆուտբոլի մասնագետների հետ ու փորձել վեր հանել մեր խնդիրները, որոնք հատուկ են եղել նաեւ Եվրոպայի ու Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրեր նվաճած Իսլանդիային: Մոտ 300 հազ. բնակչություն ունեցող երկիրը ֆուտբոլային առաջընթաց արձանագրած լավագույն օրինակներից է: Այդ պատճառով «Սպորտի հակառակ կողմն» այս անգամ զուգահեռներ կանցկացնի:

Լուսանկարը` the guardian


ՀՖՖ-ի Մանկապատանեկան ֆուտբոլի բաժանմունքի պետ Բաբկեն Ղալոյան

Ֆուտբոլով հետաքրքրվող երեխաների թիվը Հայաստանում ավելացել է, բայց կոնկրետ թիվ նշել չեմ կարող:

Ֆեդերացիան անցկացնում է 10-18 տարեկանների առաջնություններ: Կան մի շարք պայմաններ, որոնք թիմերը պարտավոր են կատարել: Փոքր տարիքում դժվար է միանգամից իմանալ, թե որ երեխան կարող է լավ ֆուտբոլիստ դառնալ, իսկ որը՝ ոչ:

Պատանեկան առաջնություններին մասնակցում են ինչպես ֆուտբոլային ակումբների, այնպես էլ միջնակարգ դպրոցների կամ սպորտդպրոցների ֆուտբոլային թիմերը: Այն քաղաքապետարանները, գյուղապետարանները կամ էլ միջնակարգ դպրոցները, որոնք ցանկանում են թիմ ունենալ ու հոգալ ֆինանսական ծախսերը, կարողանում են ընդգրկվել առաջնություններում:

Լուսանկարը` FC Banants

Իսլանդիայում երեխաները, նաեւ աղջիկները, 11 ամիս շարունակ փակ դաշտերում մարզվելու հնարավորություն են ունենում: Մարզումները սկսում են 3 տարեկանից, թեեւ դրանք վճարովի են ու մոտ 500 եվրո արժեն, սակայն քաղաքների բնակիչների համար, որոնց գումարներով կառուցվել են այդ հարթակները, մինչեւ 35 տոկոս զեղչ է գործում:


Երեխաների հետ աշխատում են մարզիչներ, որոնցից որոշները մասնակցել են ՀՖՖ-ի մարզչական դասերին: ՀՖՖ-ն նաեւ «Ֆուտբոլը դպրոցում» ծրագիր էր կազմակերպել, ֆիզկուլտուրայի ուսուցիչները տարրական գիտելիքներ են ստացել ու կարող են աշխատել մանկապատանեկան թիմերի հետ: 

Լուսանկարը` the guardian

Իսլանդիայում խստորեն է դրված մարզիչների որակավորման հարցը: Երկրում մոտ 600 պրոֆեսիոնալ մարզիչ կա, համարյա բոլորն էլ ՈւԵՖԱ-ի արտոնագիր ունեն: Ֆուտբոլի զարգացման շրջանակներում երեխաների հետ աշխատելու իրավունք ունեն միայն բարձրակարգ մարզիչները:


Մեր խնդիրները կապված են միայն մարզադաշտերի բացակայության հետ: Ճիշտ է, ՀՖՖ-ն տարբեր տեղերում դաշտեր է բացում, բայց ոչ բոլոր քաղաքներում ու գյուղերում կան դրանք:  

«Շիրակի» մանկապատանեկան բաժնի փոխտնօրեն Միսակ Պավլեյան

2014-ից Գյումրիում գործում է ֆուտբոլի Ակադեմիան, որն ունի 8 խաղադաշտ, դրանցից 2-ն արհեստական խոտածածկով են: Ակումբը 9 տարիքային խումբ ու հավաքական թիմեր ունի: Սաների քանակը 350-ի է հասնում,նրանց հետ 13 մարզիչներ են աշխատում, A կարգ ունեն միայն 2-ը: Հայաստանի տարբեր տարիքային ընտրանիներում 15-20 ներկայացուցիչ ունենք:

 

Նախկինում մեր պայմաններն անտանելի էին, իսկ հիմա արդյունքներն աստիճանաբար կավելանան: Գյումրիում տարվա մեջ, գրեթե, 6 ամիս անբարենպաստ եղանակ է, բայց մեր մարզումները չեն դադարում եւ անցնում են վարձակալած փակ դահլիճներում:

Լուսանկարը` FC Gyumri

Քանի որ Իսլանդիայի կլիման շատ խիստ է ու տարվա մեծ մասն էլ ձմեռ է, կառավարությունը նախ լուծեց ամբողջ տարին ֆուտբոլով զբաղվելու հարցը: Թեեւ այդ նպատակով հսկայական գումարներ ծախսվեցին, սակայն արդեն 2000-ականներին ամբողջ երկրով մեկ փակ մարզադաշտեր կային: Արհեստական խոտածածկով դաշտերի քանակը 5-ից հասավ 17-ի, փոքր ֆուտբոլային դահլիճները 7-ից՝ 130-ի, ինչպես նաեւ կառուցվեց 7 ջեռուցվող մանեժ:  Յուրաքանչյուր դպրոց եւս իր մինի-ֆուտբոլային հարթակն ունի:


«Լոռի» ակումբի փոխտնօրեն Արմեն Փիրումյան

Մեր ակումբը նոր է բացվել, բայց արդեն 5 մարզիչների գլխավորությամբ 400 երեխաներ են մարզվում, ինչպես Վանաձորից, այնպես էլ Սպիտակից, Փամբակից, Կալինինոյից, Ստեփանավանից ու գյուղերից: Հետաքրքությունը մեծացել է:

Նախկինում երեխաները մինչեւ 17 տարեկանն էին մարզվում ու ստիպված ավարտում կարիերան, քանի որ ակումբ չէր գործում: Իսկ հիմա Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականում է հանդես գալիս Դավիթ Փարեմուզյանը, իսկ Գուրգեն Մաթեւոսյանը «Լոռիի» ավագն է: Նրանց օրինակը շատ ոգեւորիչ է երեխաների համար:

Լուսանկարը` FC Lori


Մարզերում շատ կարեւոր է ֆուտբոլի զարգացումը, քանի որ երեխաները կտրվում են փողոցից ու վարում առողջ ապրելակերպ:

Ինչպես եւ բոլոր երկրները, Իսլանդիան էլ մեծ դժվարություններ է ունեցել: 1990-ականներին երկրի ծնելիությունն էր ընկել, մեծացել արտագաղթը, երիտասարդներն էլ ալկոհոլ ու թմրանյութեր էին օգտագործում: Պետք էր որեւէ բան փոխել, ու իսլանդացիները շեշտը դրեցին սպորտի վրա: 

Ֆուտբոլային հեղափոխությունն այս երկրում արվել էր առողջապահական խնդիրները վերացնելու համար: Այսօր 15-16 տարեկանների շրջանում ալկոհոլ օգտագործում է 5 % (նախկինում 42), ամենօրյա ծխողները՝ 3 % (նախկինում 23), թմրնայութ՝ 3 %(նախկինում 17): Խմիչքի վաճառքը 1/3-ով կրճատվել է, իսկ ծնելության մակարդակը բարձրացել:

Լուսանկարը` the guardian


«Բանանցի» Մ-11 տ. թիմի մարզիչ Վալերի Ալեքսանյան

«Բանանցի» 40 թիմերում հանդես է գալիս 730 երեխա, որոնց հետ աշխատում են 24 մարզիչներ: Ակումբը նաեւ աղջիկների թիմերի ընդունելություն է հայտարարել:

Մոտ 10 օրից արհեստական նոր խաղադաշտ կբացենք, որն օգտակար կլինի հատկապես ցուրտ եղանակին: Հիմա մեր երկրում ֆուտբոլային պայմանները լավացել են, բայց երեխաներին շեղում են համակարգչային խաղերը: Ֆուտբոլիստը պետք է նպատակ դնի իր առջեւ ու ձգտի դրան, 1,5 ժամ մարզվելով պրոֆեսիոնալ չեն դառնում: Ես լավատես եմ ու հավատում եմ նոր սերնդին: Եթե Լյուքսեմբուրգի ու Իսլանդիայի պես փոքր երկրները ֆուտբոլային աճ են արձանագրում, մենք էլ կկարողանանք:

Լուսանկարը` FC Banants

Բարձրագոչ արտահայտությունների ու կարգախոսների փոխարեն Իսլանդիան իսկապես որոշեց զարգացնել ֆուտբոլը: Իհարկե, այն երկրի բյուջեին մեծ հարված հասցրեց, բայց ծախսերն արդարացրին իրենց, ու երկիրը հիվանդացավ ֆուտբոլով: Ֆուտբոլը ներդրվեց դպրոցական ծրագրում, սպորտում ու ուսման մեջ հաջողություն ունեցող երեխաներին խրախուսող առանձին ծրագիր մշակվեց: Անգամ Ավստրիայում ու Գերմանիայում  ֆուտբոլային ծրագրերը վերջին տարիներին այդքան արդյունավետ չեն եղել:

Այս տարվա մարտին Իսլանդիայում ծնելիության հսկայական աճ է գրանցվել: Դրանից 9 ամիս առաջ էր, որ Իսլանդիան ԵՎՐՈ-2016-ի 1/8 եզրափակչում հաղթել էր Անգլիային: Իսլանդիայում կարծում են, որ ֆուտբոլային խելահեղ հաղթանակի հետեւանքով ծնված երեխաները իրենց երկրի ապագա հաղթանակները կերտողներն են:

Մինչեւ 14 տ. հավաքականի մարզիչ Տիգրան Պետրոսյան

Մինչեւ 14 տ. հավաքականների երեխաները շաբաթական հինգ օր մարզումներ են անցկացնում Ֆուտբոլի ակադեմիայում: Դիմողները շատ էին, բայց ընտրեցինք լավագույններին, որոնց թիվը 40-ն է, արդյունքում ձեւավորվեց 2 թիմ: Նրանք 2004 թվականի ծնվածներն են, բայց խաղում են իրենցից մեկ տարի մեծերի հետ:

Այս տարիքում մեկ տարին հսկայական տարբերություն է տալիս, սակայն այսպես ենք ճիշտ գտել, որպեսզի նրանք ավելի ուժեղների հետ մրցելով՝ բարձրացնեն իրենց որակները: Կան տղաներ, ովքեր ուշ են զարգանում, զիջում են ուժով կամ արագությամբ, բայց ոչ որակներով: Այդ պատճառով բոլորը հավասարապես ուշադրության կենտրոնում պետք է լինեն:

Լուսանկարը` ffa.am

Իսլանդիայում շինարարական աշխատանքներից բացի սկսեցին մասսայականացնել ֆուտբոլը: Իսկ դա լավագույնը կարող են անել երեխաները, ովքեր իրենց խաղերին ներգրավեցին ծնողներին ու հարազատներին:

Կառավարության ծրագիրը կյանքի կոչելուն միացել են գործարարները, ովքեր հասկացել են, որ ֆուտբոլը զարգացնելով կարելի է նաեւ գումար վաստակել: Բացի այդ էլ նրանք խոստովանել են, որ ցանկանում են անմասն չմնալ իրենց երկրում տեղի ունեցող դրական տեղաշարժերից: 

Ակադեմիայում մարզումային ոչ մի խնդիր չկա, դաշտի կամ գնդակի պակասություն երեխաները չունեն, նրանք այստեղ լավ սնվում են, ինչը չափազանց կարեւոր է ծանրաբեռնված մարզումների համար:  Ծրագրի դրական կողմերից է միջազգային խաղերին մասնակցելը, որոնց մեկնարկը կտանք մյուս տարվանից: Լավագույնները կմնան, կձեւավորվի մեկ թիմ, մի քանի տարի անց էլ արդյունքներ կլինեն:

Ֆուտբոլի զարգացման ակնկալիքով

Երբ նման փոքր տարածքով ու անգամ կես միլիոնի չհասնող բնակչություն ունեցող երկիրը կարողանում է Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում հանդես գալ, ճանաչում ու հարգանք ձեռք բերել, ապա ինչու չի կարող նույնն անել Հայաստանը:

Արդյունքի հասնելու համար պետք է բոլորը ներգրավվեն՝ կառավարությունից մինչեւ հասարակ քաղաքացիները, ներդրումներ արվեն, մշակվի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հստակ ռազմավարություն: 1-2 հաղթանակներով ու մի քանի հայտնի խաղացողներով հնարավոր չէ ֆուտբոլային երկիր դառնալ ու արդյունքները կայուն դարձնել:

Լուսանկարը` The National


Իսլանդիայում գործում է շուրջ 80 պրոֆեսիոնալ ակումբ, որոնք հանդես են գալիս 5 դիվիզիոններում, առաջնությունը մեծ թափով զարգանում է: Ամեն խաղին ներկա է լինում շուրջ 1000 երկրպագու:

Հայաստանում պակաս չեն սիրում ֆուտբոլն ու ապրում դրանով, մենք էլ ենք ցանկանում հանգստյան օրերն անցկացնել լեփ-լեցուն ստադիոններում, այլ ոչ թե ուրախանալ նախորդ դարում արձանագրված նվաճումներով:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին