exclusive
77546 դիտում

Մասսայական, բայց միջազգային ասպարեզում անմրցունակ ձյուդոն


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ձյուդոն ամենատարածված մարզաձեւերից է Հայաստանում: Չնայած մասսայականությանը՝ այն միջազգային ասպարեզում մրցունակ չէ: Արմեն Նազարյանի ու Հովհաննես Դավթյանի հաջողություններից հետո հայկական ձյուդոյում շոշափելի ոչինչ չի կատարվում:

Mediamax Sport«Սպորտի հակառակ կողմը» շարքում այս անգամ անդրադարձել ենք ձյուդոյին՝ փորձելով գտնել խնդիրների պատճառները: Մենք զրուցել ենք ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանի ու հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզադպրոցների ու մարզիչների վատ աշխատանք

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանն իրենց ամենամեծ խնդիրը մարզադպրոցների ու մարզիչների աշխատանքի թերացումն է համարում: Դպրոցները չեն կարողանում ֆիզիկապես ուժեղ ու կոփված սաներ պատրաստել, մարզիչներն էլ իրենց ողջ հնարավորությունները չեն օգտագործում:

«Երեխաները Հայաստանի առաջնությանը շատ թույլ վիճակում են մասնակցում, գրեթե անպատրաստ, արդյունքում մենք ունենում ենք հաղթողներ ու մրցանակակիրներ, ովքեր տեխնիկապես ու ֆիզիկապես զգալիորեն զիջում են: Հավաքականի մարզիչներն էլ այլընտրանք չեն ունենում, ստիպված նրանց են հրավիրում թիմ: Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ նրանք ի վիճակի չեն Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունում մեդալների համար պայքարել»,- նշում է Ոսկանյանը:

Նրա խոսքով, Հայաստանում ձյուդոյի մոտ 120 մարզիչ է գրանցված, բայց նրանցից հազիվ 20-ից են արդյունքներ ակնկալում: Ֆեդերացիան չի կարող վերահսկել մարզադպրոցները, քանի որ դրանք հիմնականում քաղաքապետարանների ենթակայության տակ են գործում:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մարզիչները կոալիցիա կազմած աշխատում են, երեխան եկավ, գնաց, արդյունք ցույց տվեց, նրանց չի հետաքրքրում, ընդամենը թվաքանակ է պետք: Իսկ եթե հանկարծ Հայաստանի առաջնությունում էլ մեդալակիր են ունենում, պահանջում են միջազգային մրցումների տանել: Սակայն պետք է հասկանալ, որ Հայաստանի չեմպիոնությունը դեռ ոչին չի նշանակում, թույլերի պայքարում որեւէ մեկը կարող է հաղթել, սակայն դա շատ քիչ է, եթե ցանկանում ենք արդյունքի հասնել»:

Ցավոք, բայց փոքր է նաեւ մարզաձեւի աշխարհագրությունը: Շատ մարզերում է այն թույլ: Նախկինում աչքի ընկնող Աբովյանն է սկսել զիջել դիրքերը, Չարենցավանն ու Վանաձորը նույնպես: Շարունակում է  հույսերն արդարացնել  Գյումրին կամ փրկիչ քաղաքը, ինչպես ասում է Ոսկանյանը: Իսկ մարզիկների ընդհանուր թիվը ողջ երկրում մոտ 3000-ի է հասնում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բայց իրենց պարտականությունների մեջ թերանում են ոչ միայն մարզիչները, մեղքի չափափաժինն ունեն նաեւ հենց իրենք՝ ձյուդոյիստները:

«Առաջին հերթին մարզիկները պետք է իրենց վրա շատ աշխատեն: Ես էլ մարզիկ եմ եղել, միայն հաղթելու ու բարձունքում հայտնվելու մասին եմ մտածել, մինչդեռ հիմա այլ հետաքրքրություններ ունեն մեր ձյուդոյիստները: Նախ պետք է կատարածդ աշխատանքը հարգել, մարզչիդ, երկիրդ, որ կարողանաս արդյունքի հասնել: Այլ ոչ թե ամեն անհաջողության դեպքում անհիմն արդարացումներ գտնել»:

Իրենց վրա չաշխատող մարզիչներ

Ձյուդոն շատ արագ փոփոխվող ու զարգացող մարզաձեւերից է, արդյունքի հասնելու համար պետք է ծանոթ լինել բոլոր նորարարություններին, ձեռքը մարզաձեւի զարկերակի վրա պահել, այլ ոչ թե փակվել դահլիճներում ու առանց կատարելագործվելու հուսալ առաջ շարժվել:

«Ձյուդոյի կանոններն ու ոճը վերջին 5 տարիներին շատ են փոխվել: Մեր մարզիչներից շատերը դեռ հին սովետական կարգին ու մարզումներին են սովոր, նոր կանոններով չեն կարողանում աշխատել երեխաների հետ: Ձյուդոն ամեն օր առաջ է գնում, մենք հակառակը՝ ամեն օր հետ: Մեր մարզիչներն իրենց վրա չեն աշխատում»,- խոստովանում է Ոսկանյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆեդերացիան տարվա մեջ մի քանի սեմինար է կազմակերպել, որոնք վարել են փորձառու մասնագետներ, այդ թվում եւ ձյուդոյի հայրենիք Ճապոնիայից: Դրանք բաց են եղել բոլոր հայ մասնագետների համար, սակայն առանձնակի հետաքրքրություն այդպես էլ չեն առաջացրել.

«Մոտ 10 մարզիչ է սեմինարներին մասնակցել, մնացածը երեւի մտածում են՝ գնանք ի՞նչ սովորենք, մեզ պե՞տք է որ, ամեն ինչ էլ գիտենք: Ես չեմ կարող ստիպել մարզիչներին, որ բարձրացնեն իրենց որակավորումը, այդ ցանկությունն ինքնաբուխ պետք է լինի»:

Խնդրի լուծման ճանապարհին

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ քննարկում է մարզիչների որակավորման հարցը:

Ոսկանյանի վկայությամբ, ցանկանում են իրենք ընտրել մարզիչներին, քննություն անցկացնել, ծանոթանալ նրանց աշխատանքի մեթոդներին ու հմտություններին: Միայն այդկերպ են նրանք հնարավոր համարում ձյուդոյում որոշակի դրական տեղաշարժերը:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Նախարարությունը եւս հետաքրքրված է մեր առաջարկով: Լավ կլինի, եթե համաձայնության գանք, ձյուդոյի մարզիչները եւ դպրոցների տնօրենները համագործակցեն ֆեդերացիայի հետ: Կփորձենք իմանալ, թե ովքեր են այսօր մարզում երեխաներին ու ինչ են սովորեցնում, առանց վերահսկման չի լինի»,- նշում է նա:

Ֆեդերացիայի նախագահի վկայությամբ, գրանցված մարզիչների մեծ մասն առհասարակ չի էլ աշխատում, մինչդեռ երիտասարդ մասնագետներ կան, որոնց տեղավորելու համար ազատ հաստիք չեն գտնում: Նա գտնում է, որ պետք է հնարավորություն տան նոր ասելիք ու թարմ գաղափարներ ունեցողներին կրթել ձյուդոյիստներին.

«Իսկ հիմա մենք ստիպված վերցնում ենք նրանց զրոյական արտադրանքը, ու ուզում են նրանից չեմպիոն կամ էլ մեդալակիր ստանալ: Բայց դա անհնար է, եթե 7-14 տարեկանում երեխան սխալ մեթոդներով է մարզվել, 17 տարեկանում նա, ընդգրկվելով հավաքականում, ոչնչի էլ չի հասնի: Անգամ եթե Ճապոնիա էլ տանենք, չի կարող չեմպիոն դառնալ»:

Լուսանկարը` Մեդիամաքս



5-րդ հենակետային մարզաձեւը


Չնայած բազմաթիվ խնդիրներին՝ ֆեդերացիայում իրենց աշխատանքը նորմալ են գնահատում, քանի որ անգամ անհույս թվացող մարզիկներից կարողանում են մեդալ ստանալ:

Դրական տեղաշարժ են նկատում երիտասարդների պայքարում, մեդալ ունեն Եվրոպայի առաջնությունից ու Եվրոպայի գավաթի խաղարկությունից: Թիմի հետ փորձառու ու տիտղոսակիր մարզիչ է աշխատում՝ Հովհաննես Դավթյանը, նա միջազգային ասպարեզում բազմիցս է փայլել ու մեդալներով վերադարձել: Այսուհետ զբաղվելու է նաեւ պատանեկան հավաքականով:

Ոսկանյանը խոստովանում է, որ մյուս հենակետային մարզաձեւերին՝ ծանրամարտ, ըմբշամարտ, բռնցքամարտ, զգալիորեն զիջում են:

«Մեր բյուջեով էլ, արդյունքներով էլ 5-րդն ենք: Տարեկան 71 մլն ենք ստանում պետբյուջեից: Ցավոք, Օլիմպիական մեդալ չունենք, բայց պետք է աշխատել այդ ուղղությամբ: Մեր Օլիմպիական ցիկլը մյուս տարվանից է սկսվելու: Աչքի տակ մարզիկներ ունենք, գոնե 3-4-ին փորձելու ենք պատրաստել 2020-ի խաղերի համար: Հայաստանի առաջնությունից հետո ենք որոշելու մեր հիմնական անելիքները»,- ավելացնում է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նշում են, որ իրենց ամեն ինչ բավականացնում է, հագեցած մրցումային ու մարզումային գրաֆիկ ունեն: Ձյուդոյիստները մարզվել են Վրաստանում, Ռուսաստանում, բազմաթիվ միջազգային հավաքներ ունեցել նաեւ այլ երկրներում: Այդ ցուցանիշով քիչ հավաքականներ կարող են հասնել նրանց:

«Ձյուդոյում շատ բան է պետք սովորել, տեղում անել դա չի լինում: Վրաստանում ուժեղ մարզիկներ կան, նրանց հետ ենք մարզվում, որ սովորենք ու կարողանանք աճել: Մեր տղաները պետք է գոտեմարտեն նրանց հետ, տեսնեն, որ թույլ են ու ավելիին ձգտեն»:

Նոր նշաձող, լավ մարզիկների պակաս ու անընդհատ աշխատանք

Շուրջ մեկ տարի է Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվել է մեր ամենափորձառու ու տիտղոսակիր մարզիկներից մեկը` Արմեն Նազարյանը:

Եվրոպայի չեմպիոն, մրցանակակիր, Աշխարհի գավաթակիր ու ԱԱ-ի բրոնզե մեդալակիրը խոստովանում է, որ այս ընթացքում ու սրանից հետո էլ անելու է ամեն ինչ, որպեսզի իր փորձը փոխանցի ձյուդոյիստներին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նազարյանը խոստովանում է, որ իր ու Հովհաննես Դավթյանի ելույթներից հետո չեղավ այն սերունդը, որը սահուն կերպով կփոխարիներ իրենց ու մեդալներով կվերադառնար միջազգային մրցաշարերից:

«Ցավոք, բայց մեզնից հետո եկող մարզիկներ չունեինք, ու այս մեկ տարվա ընթացքում ես այնպես արեցի, որ շատ ուժեղ մրցաշարերի չմասնակցենք: Գրան Պրի ու Մեծ Սաղավարտի կարգի մրցաշարերում ամեն քաշային կարգում մոտ 70 հոգի է մասնակցում: Մեր տղաները, ցավոք, դժվարանում են, չեն կարողանում հաղթել, ու անընդհատ կրկնվող պարտությունները հոգեբանորեն նրանց վրա վատ են ազդում: Ես իջեցրի նշաձողն ու նրանց գործի մեջ տեսա, հասկացա ինչպիսինն են, իսկ իրենք հաղթանակներ ունեցան ու վստահ զգացին: Արդեն մյուս տարվանից տղաներ կլինեն, ովքեր Գրան պրիների կմասնակցեն»,-նշեց Նազարյանը:

Մարզիչը փաստեց, որ Հայաստանում, ցավոք, նոր անուններ չկան: Ինքն առայժմ չի տեսել այն ձյուդոյիստին, ով մոտ ապագայում կարող է մեծ նվաճումների հասնել: Փոխարենն իրենք աշխատում են արտասահմանում ապրող հայ մարզիկներին հավաքական հրավիրելու ուղղությամբ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արդեն երկար ժամանակ է մեր երկիրն է ներկայացնում Ֆերդինանտ Կարապետյանը, որը, ըստ Նազարյանի, խոստումնալից մարզիկ է:

«Ես տեսնում եմ նրա գոտեմարտերը, մարզումներն ու ձգտումը, հավատացած եմ, որ մոտ ժամանակներս նրա անունը լսելի կլինի: 90 կգ քաշային կարգում հրավիրել ենք Արսեն Խանջյանին, նա արդեն մրցաշարի մասնակցել է ու մրցանակակիր է դարձել, նույնպես լավ ձյուդոյիստ է: Այժմ եւս մեկ հոգու հետ ենք բանակցում, նա էլ կմիանա հավաքականին: Մյուս քաշային կարգերում կլինեն զուտ հայաստանցի մարզիկներ: Անդանիկ Չափարյանը, Արսեն Ղազարյանը եւ այլ երիտասարդներ լավն են, բայց շատ աշխատելու տեղ ունեն, եթե ցանկանում են հաջողության հասնել, ապա պետք է անընդհատ մարզվեն»,-ավելացրեց նա:

Հաստատված կապեր, ոչ սահուն սերնդափոխություն ու մեծ նպատակներ

Լուսանկարը` Մեդիամաքս


Նազարյանը նշեց, որ պատանեկան ու երիտասարդական թիմերում կան լավ երեխաներ, ովքեր մարզչական ճիշտ աշխատանքի շնորհիվ մի քանի տարի անց կկարողանան դառնալ մեծահասակների հավաքականի անդամներ: Մարզիչն անում է ամեն ինչ, որպեսզի իր գիտելիքները փոխանցի երիտասարդներին, օգտագործում է իր հաստատած կապերը, որպեսզի կարողանան միջազգային համատեղ հավաքականների մասնակցել. «Ես երկար տարիներ ձյուդոյի մեջ եմ, շատ տեղերում եմ մարզվել ու կապեր եմ հաստատել: Դրանց շնորհիվ ես այսօր կարողանում եմ իմ թիմի համար հավաքներ կազմակերպել, իսկ համատեղ մարզումների շնորհիվ մարզիկն աճում է»:

Նազարյանը չի կարող ասել, թե ինչու իր եւ Հովհաննես Դավթյանից հետո հայկական ձյուդոն միջազգային ասպարեզից կորավ ու այլեւս խոշոր մրցաշարերից մեդալներ չկան: Նա կարծում է, որ իրենցից հետո եկող սերնդի հետ կապը կտրվեց եւ անցումը լավ չստացվեց: Դավթյանը մարզում է պատանեկան ու երիտասարդական հավաքականները, ու Նազարյանը հավատում է, որ կկարողանան իրենց փորձն ու ողջ գիտելիքները փոխանցել այսօրվա սերնդին:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ամեն մի դժվարություն էլ հաղթահարելի է, մենք էլ ենք բազմաթիվ խնդիրների բախվել, բայց մեծ ցանկություն ու նպատակ ունեինք՝ դառնալ մեր քաշային կարգում լավագույնները: Դա մեզ հաջողվեց: Նույնպիսի նպատակ պետք է ունենան այսօրվա երիտասարդները, մարզիկից շատ բան է կախված, նա պետք է իսկապես ձգտի, նվիրվի, որպեսզի քաղի հաջողության պտուղները: Սպորտում հենց այնպես մեդալ չեն ստանում: Ես հույս ունեմ, որ իմ ու Հովհաննեսի մոտ կստացվի այս ամենը երիտասարդներին փոխանցել»,-պարզաբանում է նա:

Դահլիճի բացակայություն ու անբերախիղճ մարզիչներ 

Արմեն Նազարյանը ցավով է նկատում, որ Հայաստանի առաջնությանը մասնակցած մարզիկների մեջ քիչ են այնպիսինները, ովքեր ունակ են միջազգային մրցաշարերում լավ պայքար ծավալել: Նա նշում է, որ կան քաշային կարգեր, որտեղ պայքար ընդհանրապես չի տեսել, իսկ ընտրություն կատարելու համար դա չափազանց վատ է:

«Ցավոք, բայց դպրոցներում մարզիչներ կան, ովքեր ոչինչ չեն անում, ձյուդոյի հետ ընդհանրապես կապ չունեն: Պետք է կրճատումներ լինեն, մնան միայն աշխատող, պարապող ու գործից հասկացող մարզիչներ, թե չէ այսպես խնդիրները լուծում չեն ստանա: Եթե ֆեդերացիան լինի որոշողը, ապա կմնան միայն նրանք, ովքեր իսկապես աշխատում են»: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեծ խնդիր է նաեւ դահլիճի բացակայությունը: Նազարյանը նշում է, որ Հայաստանում ձյուդոյի մասնագիտացած դահլիճ չկա, որտեղ կկարողանան հաճախ մարզվել ու նաեւ գոտեմարտեր կազմակերպել: Չնայած այս խնդիրներին, նա շարունակում է մարզել ու հավատում է, որ ճիշտ աշխատելու դեպքում հայկական ձյուդոն կրկին կկարողանա բարձր դիրքեր գրավել միջազգային ասպարեզում:

«2018 թվականը հագեցած է լինելու: Հավաքականի դռները բաց կլինեն բոլոր նրանց համար, ովքեր կկարողանա լավ դրսեւորել իրենց»,- եզրափակեց նա:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին