exclusive
72341 դիտում

Սպորտային բժշկության խնդիրները Հայաստանում. Մաս 1


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ժամանակակից սպորտում պայքարում են ոչ միայն մարզիկները, այլ նաեւ նրանց բժշկական ցուցանիշները՝ դիմացկունությունը, արագությունը, ֆիզիկական պատրաստվածությունը: Այդ ամենին կարելի է հասնել ոչ միայն լավ ու ծանր մարզումների, այլ ճիշտ ու բարձրակարգ մասնագետների շնորհիվ:

Ամբողջ աշխարհում անհնար է առանց բժիշկների պատկերացնել ժամանակակից սպորտը. նրանք հաշված օրերի ընթացքում կարողանում են ոտքի կանգնեցնել մարզիկներին, հաշվարկել մարզումային ծանրաբեռնվածությունն ու անմիջականորեն ազդել արդյունքների վրա:  

Mediamax Sport-ն ուսումնասիրել է մեր սպորտային բժշկության պոտենցիալը, բացահայտել խնդիրներն ու փորձել դրանց լուծման ուղիներ գտնել: Հոդվածաշարի առաջին մասում խոսել ենք ոլորտի առաջատար մասնագետների՝ Ռաֆայել Թորոյանի ու Նաիրի Մանուկյանի, վնասվածքների պատճառով երկար ժամանակ շարքից դուրս եկած ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանի ու ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանի հետ:

Արագ զարգացող սպորտային բժշկությունը

Ռաֆայել Թորոյանը, որը Սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի տնօրենի սպորտային բժշկության տեղակալն է, երկար տարիներ այս ոլորտում է: Դժվար է գտնել որեւէ սպորտային բժշկի, որն այդքան լավ տեղեկացված է ու գիտի հայ մարզիկների խնդիրների մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ժամանակակից սպորտային բժշկությունն այնպիսի ահռելի քայլերով է առաջ գնում, որ մենք չենք հասցնում նրա հետեւից: Շատ վազելը կամ էլ աշխատելը դեռ արդյունքի մասին չեն խոսում: Այս ոլորտում պետք է գիտական մտքի բոլոր նվաճումներն օգտագործել: Մարզման պրոցեսը սկզբից մինչեւ վերջ կառուցել է պետք, ինչը ոչ բոլորն են կարողանում անել»,- նշում է մասնագետը:

Թորոյանի համոզմամբ, սպորտային բժշկությունն ամենաբարդն է, քանի որ ի տարբերություն առանձին բաժինների, որոնք միայն քիթը, կոկորդը կամ էլ սիրտն են բուժում, իրենք ուշադրություն են դարձնում ամբողջ օրգանիզմին: Եթե մարզիկներն իրենց վատ են զգում, ժամերով փորձում են գտնել բուն խնդիրը, որպեսզի կարողանան ճիշտ բուժում իրականացնել:

«Հարցնում ենք, թե ինչն է անհանգստացնում, ինչ ծանրաբեռնվածության մարզումներ են արել, ինչ են կերել ու այդպես շարունակ: Որովհետեւ մենք կոնկրետ հիվանդության հետ չենք գործ ունենում ու պետք է կարողանանք մարզիկին հնարավորինս շուտ շարք վերադարձնել»,- ասում է նա:

Մարզիկները սովորական հիվանդներ չեն ու նրանց հետազոտելիս էլ այդ բոլոր տարբերությունները հաշվի են առնվում: Նրանց զարկերակը րոպեում մինչեւ 240-ի կարող է հասնել, սովորական բժիշկներին այդ ցուցիչները կարող են վախեցնել, բայց ոչ սպորտային մասնագետներին: Թորոյանի խոսքով, իրենք միայն յոդ քսելու համար չեն, նրանք պարտավոր են իմանալ մարզիկների օրգանիզմի բոլոր առանձնահատկությունները:

Հավելյալ գումարներ հետազոտությունների համար

Բոլոր հավաքականները տարեկան 2 անգամ պարտադիր խորացված ստուգումներ են անցնում: Կա նաեւ 4 ընթացիկ հետազոտություն, դրանք բոլորն էլ կատարվում են Սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնում:

Mediamax Sport-ին Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ 2017 թվականին հանրապետական կենտրոնին հատկացվել է մոտ 102 մլն դրամ, այն 8 մլն-ով ավելի է նախորդ տարվա գումարից:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կենտրոնի տնօրեն Նաիրի Մանուկյանը նշում է, որ գումարի մեծ մասը հիմնականում ծախսվում է հավաքականների անդամների եւ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող մարզադպրոցների սաների առողջական վիճակը ապահովելու վրա: Ինչպես նաեւ հավաքականներին կենսաակտիվ հավելումներ ու դեղորայք են տրամադրում:

«Մենք աշխատում ենք 31 ֆեդերացիաների հետ: Դրանցից մի քանիսը թիմերի հետ աշխատող բժիշկներ ունեն, մնացածներին մեր կենտրոնի մասնագետներն են սպասարկում: Նրանք հիմնականում հավաքների ու մարզումների ժամանակ են թիմերի կողքին լինում: Ֆեդերացիաները նախօրոք նամակ են ուղարկում, որտեղ նշում են կոնկրետ հավաքի պայմանների մասին՝ տեւողության, անցկացման վայրի ու մարզիկների քանակի, եւ մենք ապահովում ենք նրանց բժշկով ու անհրաժեշտ դեղորայքով»,- ասում է նա:

Իսկ բժիշկներ ունեցող հավաքականների համար կենտրոնի մասնագետները հաշվարկում են մարզումների ծանրաբեռնվածությունը, որոշում ինչ է պետք անել կոնկրետ հավաքների ժամանակ: Կենտրոնը 5 սպորտային բժիշկ ունի, հոգեբան, գինեկոլոգ, սրտաբան ու ֆիզիոթերապեւտ: Նրանց բոլորի հետ տարեկան պարտադիր ստուգումների ժամանակ մարզիկները հանդիպում են:

«Մինչդեռ մեր կենտրոնը հոլդեր չունի, որ ես 24 ժամ միացնեմ ու հակամարգչի վրա տեսնեմ սիրտ-անոթային տվյալները: Չունենք նաեւ մագնիսա-ռեզոնանսային սարք ու, խնդիրներ առաջանալու դեպքում, տարբեր հիվանդանոցներ ենք ուղարկում մարզիկներին»,- խոստովանում է Թորոյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Քանի որ շատ սարքավորումներ Սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնում չկան, արդեն երկար տարիներ է համագործակցում են «Նաիրի» բժշկական կենտրոնի հետ:

Այս տարի կառավարությունը դժվարամատչելի հետազոտությունների համար մոտ 14 մլն դրամ է հատկացրել: Դրանք են համակարգչային տոմոգրաֆիան, տարբեր տեսակի ռենտգենյան, էխո, սոնոգրաֆիկ հետազոտությունները, որոնք այսուհետ հնարավոր է իրականացնել «Նաիրիում»:

Վնասվածքները հաղթահարած մարզիկները. Դավիթ Մանոյան

Դավիթ Մանոյանն ամենաանհաջողակ ֆուտբոլիստներից է, նա անընդհատ պայքարել է տարբեր վնասվածքների հետ: Գուցե շատերը չդիմանային այդ ցավերին, հետվիրահատական շրջաններին ու երկարատեւ վերականգնմանը, սակայն Մանոյանին պահել է նորից դաշտ վերադառնալու ու ողջ ուժով խաղալու ցանկությունը:

Առաջին լուրջ վնասվածքը նա ստացել է 2009 թվականին:  Զագրեբի «Դինամոյի» հետ պատասխան խաղից առաջ մարզման ժամանակ կտրել է մենիսկը: 2013-ին էլ աջ ոտքի կրճիկն է վնասել, վիրահատությունների է ենթարկվել ու ամեն անգամ ստիպված եղել 5 ամիս վերականգնման փուլ անցնել: 

Լուսանկարը` Մեդիամաքս


«Իսկապես, շատ դժվար էր այդ ժամանակահատվածը հաղթահարել, փորձում էի ինքս ինձ տրամադրել, որ ամեն ինչ լավ է լինելու: Ոգեշնչող գրքեր եմ կարդացել, ֆիլմեր դիտել»,- պատմում է Մանոյանը:

Երկարատեւ բուժման պատճառ ֆուտբոլիստը հիմնականում Հայաստանում իրականացրած բուժումն է  համարում: Նա պատմում է, որ դեռ ստադիոնից է ամեն ինչ սխալ սկսվել: Շտապօգնության մեքենան իրեն նախ տարել է մանկական հիվանդանոց, ապա առանց հետազոտելու սխալ վիրահատություն են կատարել:

«Բժիշկներն ասում էին ապաքինվում եմ, բայց ես խաղում էի, ու ամեն ինչ ավելի էր վատանում: Սպորտային բժշկությունը մեզ մոտ շատ վատ վիճակում է, արդյունքում մարզիկներն են տուժում: Շատ ֆուտբոլիստներ սխալ բուժման ու վատ բժշկության պատճառով երկար ժամանակ չեն կարողանում խաղալ»:

Նա չի ցանկանում, որ մարզիկներն իր վիճակում հայտնվեն ու ստիպված լինեն կարեւոր խաղեր բաց թողնել: Հոգեբանորեն էլ դժվար է նորից սպորտ վերադառնալ, ոչ բոլորն են կարողանում հաղթահարել վախերը:

«Եթե իսկապես սպորտը կյանքիդ իմաստն է՝ ամեն ինչ հաղթահարում ես: Վախերն ու անհանգստություններն անցյալում ես թողնում: Կարեւոր չէ, թե  քանի տարի չես խաղացել, հենց մտնում ես խաղադաշտ, ամեն ինչ իր հունով ընթանում է»,-իր փորձով կիսվում է ֆուտբոլիստը:

Ռուբեն Ալեքսանյան

Վնասվածքները 7 տարի հանգիստ չեն թողել նաեւ Եվրոպայի արծաթե մեդալակիր, գերծանր քաշային ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանին: Նա դեռ 2010-ի երիտասարդական ԱԱ-ին նախապատրաստվելու ժամանակ է վնասել ձեռքը, արդյունքում մի քանի կարեւոր մրցաշարեր է բաց թողել, որոնց թվում մեծահասակների ԱԱ-ն ու 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերը: 2013-ին մեկնել է Գերմանիա, որտեղ էլ կատարվել է վերջնական բուժումը:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մինչ այդ հիմնականում մեզ մոտ եմ բուժվել: Պետք է մագնիսա-ռեզոնանսային հետազոտություն անցնեի, բայց քանի որ ես գերծանր քաշային եմ, այդ չափի սարք չկար, ու չէինք կարողանում պարզել խնդիրը: 2 անգամ Մոսկվայում եմ եղել, բայց վնասվածքն անընդհատ անհանգստացնում էր: Լիովին ազատվել դրանից չէր ստացվում, մրցումների էի մասնակցում ու այն լրջանում էր»,-պատմում է ծանրորդը:

Ալեքսանյանը կարողացել է հաղթահարել դժվարությունները, 2016-ին Ռիոյում հանդես է եկել ամառային Օլիմպիական խաղերում ու գրավել 4-րդ տեղը: Պարզապես շատ է ափսոսում, որ ստիպված է եղել իր կարիերայի լավագույն տարիները վատնել վնասվածքի բուժման վրա, մինչդեռ կարող էր ավելացնել մեդալների թիվը.

«Վնասվածքի հետ կապված ամեն ինչ արդեն անցյալում է, չեմ ցանկանում այդ մասին խոսել ու գնահատական տալ մեր մարզական բժշկությանը: Հավաքականում հիմա բժիշկ ունենք, նա մեծ դերակատարում ունի մեր հաջողություններում, ինչի համար շատ շնորհակալ ենք: Դավիթ Մոսինյանն անընդհատ մեր կողքին է, իր ճիշտ խորհուրդներով օգնում է խուսափել վնասվածքներից»:

Շարունակելի

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին