Ապրիլ 20, 2024
6764 դիտում

Դահուկասպորտի ֆեդերացիան ու պարալիմպիկ կոմիտեն կհամագործակցեն


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան ու Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել: Նրանք համատեղ ջանքերով կփորձեն զարգացնել դահուկային հաշմանդամային սպորտը:

Դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում պարալիմպիկ սպորտի զարգացման համար պատմական պահ է ու հորդորել է մյուս ֆեդերացիաներին էլ ակտիվ լինել:

«Եթե յուրաքանչյուրս որոշակի աշխատանք կատարի, հաշմանդամային սպորտի հզոր համակարգ կունենանք: Նախատեսում ենք հունվարի 30-31-ը Ծաղկաձորում պարալեռնադահուկային մրցաշար անցկացնել»,- ընդգծել է Սարգսյանը:

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե նախագահ Հակոբ Աբրահամյանն  էլ ընդգծել է, որ վաղուց են համագործակցում դահուկասպորտի ֆեդերացիայի հետ, սակայն հիմա ամեն ինչ պաշտոնական հիմքերի վրա դրվեց:

«Սերտորեն համագործակցում ենք Միջազգային պարալիմպիկ կոմիտեի  հետ: Այս տարի իրականցրել ենք «Ես դա կարող եմ» ծրագիրը, Հայաստանի մի քանի դպրոցներում, հատկապես Երեւանում, ներկայացրել ենք հաշմանդամային սպորտն ու զարգացման հեռանկարները: Նախատեսում ենք հետագայում ներառել բոլոր դպրոցները»,- ասել է Աբրահամյանը:

Ըստ նրա՝ ապագայում պայմանագիր կկնքեն «Տոյոտայի» հետ, որն ամբողջ աշխարհում մեծ գումարներ է ներդնում հաշմանդամային սպորտի զարգացման համար: Իրենք էլ ֆինանսական աջակցություն կստանան ու հուշագրեր կստորագրեն նաեւ բասկետբոլի, վոլեյբոլի, լողի, աթլետիկայի, պաուրլիֆտինգի ու արմրեսլինգի ֆեդերացիաների հետ:

«Մեր կառավարությանը ցույց կտանք, որ իրենց տրամադրած չնչին գումարներով հնարավոր չէ հաշմանդամային սպորտը զարգացնել»,- ընդգծել է նա:

Հայաստանում 2018-ի հունվարին առաջին անգամ կանցկացվի հաշմանդամային սպորտի հատուկ ոլորավայրէջքի մրցաշար: Այն կկազմակերպվի Հայաստանի դահուկավազքի առաջնությանը զուգահեռ: Մրցաշարն արդեն Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում է:

Հայաստանը կներկայացնեն 7 մարզիկներ, թիմի կազմում մրցաշարին պատրաստվում են 12-ը: Նախնական տվյալներով մասնակիցներ կժամանեն Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից ու Բուլղարիայից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին