Ապրիլ 23, 2024
2392 դիտում

Սեյրան Նիկողոսյանը դժգոհ է ԵԱ-ի արդյունքներից


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը դժգոհ է Եվրոպայի առաջնությունում ելույթ ունեցած մարզիկներից: ԵԱ-ում արծաթե մեդալակիր էր դարձել միայն Լիլիթ Մկրտչյանը: Նա վազող թիրախում նվաճել էր արծաթե մեդալ:

«Մարզիկները պատրաստ էին, ու ես հույս ունեի, որ կկարողանան դուրս գալ եզրափակիչ փուլ: Սակայն նրանք պարտվեցին հոգեբանորեն: Գտնում եմ, որ մեր մարզիկները հոգեբանական խնդիրների պատճառով չեն կարողանում պայքարել ու դիմանալ մինչեւ վերջ: Մարզիչները փորձում են լուծել այդ հարցերը, սակայն երեւի մենք հետաքրքրվենք ու հրաձգությունից հասկացող հոգեբանի հետ սկսենք համագործակցել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկողոսյանը:

ԵԱ-ի մեդալակիր Լիլիթ Մկրտչյանն առաջին անգամն է ելույթ ունեցել մեծահասակների պայքարում, իր ելույթից եւ գոհ է, եւ դժգոհ:

«Իսկապես, շատ լարված մրցաշար էր: Մեծահասակների առաջնությունը շատ է տարբերվում երիտասարդներից, բայց զգացի, որ անհնարին ոչինչ չկա, ու ես ոչնչով չեմ տարբերվում ավելի փորձառու մասնակիցներից: Այս մեդալն ինձ ոգեւորեց ու համոզեց, որ ավելի շատ ժամանակ անցկացնեմ հրաձգարանում»,- ասել է մարզուհին:

Հավաքականը հունիսին մասնակցելու է Աշխարհի առաջնությանը: Մինչ այդ համատեղ հավաք են անցկացնելու Լեհաստանի, Լատվիայի եւ Ուկրաինայի ընտրանիների հետ. «Աշխարհի Գավաթի խաղարկությանը, ցավոք, չենք մասնակցի: Պատճառը փափուշտների պակասն է: Բարձրակարգ փամփուշտներ արտադրում են միայն Անգլիան ու Գերմանիան: Վերջիններս մեր երկիրը պատերազմական դրության մեջ են համարում ու այդ տեսակի փամփուշտներ չեն վաճառում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին