3916 դիտում

Կիոկուշին կարատեի ֆեդերացիան ամփոփել է ԵԱ-ն


Լուսանկարը` Մեդիամաքս


Հոլանդիայում կայացած կիոկուշին կարատեի Եվրոպայի բաց առաջնությունում Հայաստանի 4 հոգանոց թիմը վերադարձել է 4 մեդալով:

16-17 տարեկանների պայքարում ԵԱ-ի հաղթողի կոչումը նվաճել է Ռաֆայել Վարդանյանը (60 կգ), նույն քաշային կարգում 3-րդ տեղը գրավել է Հայկ Մկրտումյանը, իսկ Արթուր Ասրյանը (+85) ելույթն ավարտել է 2-րդ տեղում: 70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Արթուր Առուշանյանը:

Ռաֆայել Վարդանյան

Ես շատ լավ տպավորություններով եմ վերադարձել առաջնությունից: Մարզիկների համար շատ կարեւոր է մասնակցել միջազգային մրցաշարերի ու փորձ ձեռք բերել, հենց այդտեղ ես իմանում քո թերությունների մասին: Շնորհակալ եմ իմ մարզիչներից, որ օգնել են ինձ ողջ ընթացքում, որպեսզի կարողանամ հասնել այս արդյունքին:

Արթուր Առուշանյան

Եվրոպայի առաջնությունը բաց էր, այդ պատճառով մասնակցում էին նաեւ ոչ եվրոպական երկրների ներկայացուցիչներ: Շատ լավ էր կազմակերպված ամեն ինչ: Դժվար մենամարտեր ունեցա, քանի որ 20 օր առաջ Աշխարհի առաջնությանն էի մասնակցել ու թեթեւ վնասվածք ունեի: Երկու հաղթանակ տարա ու կիսաեզրափակչում հանդիպեցի ճապոնացի մարզիկին: Իմ հարվածից հետո չէի նկատել, որ գետնին է հայտնվել ու հարվածեցի նրան: Այս պատճառով մրցավարները որակազրկեցին ինձ, ցավում եմ շատ, բայց ես դա միտումնավոր չեմ արել:

Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի  նախագահ Սպարտակ Գասպարյան

Մենք այս որոշումը բողոքարկել ենք: Նման արարքի համար մարզիկին միանգամից չեն որակազրկում, այլ նկատողություն են անում: Սպասում ենք պատասխանի: Ամեն դեպքում, ես գոհ եմ ինչպես Արթուրի, այնպես էլ մյուս տղաների վարած մենամարտերից: 23 երկրի մեջ մեր թիմը գրավել է 6-րդ տեղը: Այս տարի մենք շեշտը դրել ենք մարզաձեւի մասսայականացման վրա, մասնակցել ենք տարբեր միջազգային մրցաշարերի ու մեդալներ ենք նվաճել: 2017-ին եւս շատ առաջնություններ ունենք, որոնցից կարեւորը Տոկիոյում կայանալիք ԱԱ-ն է լինելու: Պլանավորում ենք նաեւ նոյեմբերին կազմակերպել միջազգային մրցաշար Հայաստանում:

Ֆեդերացիայի փոխնախագահ Գրիշա Թորոսյան

Այս ԵԱ-ն նոյեմբեր ամսվա մեջ միակը չի եղել: Մեր հավաքականը տարբեր թիմերի էինք բաժանել, որոնք մասնակցեցին մի շարք առաջնությունների՝ ԱԱ-ի, Կովկասի առաջնության եւ Հայաստանի առաջնության: Դրանք մեր մարզիկներին մեծ փորձ են տալիս ու օգնում են հետագայում ավելի լավ մենամարտներ անցկացնել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին