Ապրիլ 24, 2024
exclusive
37948 դիտում

Մեկ կադրում. Հինգ Աշխարհի չեմպիոն մեկ տարում


Լուսանկարը` Մեդիամաքս


1983 թվականին հայ մարզիկները ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում Աշխարհի առաջնություններից վերադարձել են 5 ոսկե մեդալով:

Աշխարհի չեմպիոններ էին դարձել մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանը, ծանրորդներ Օգսեն Միրզոյանը, Յուրի Սարգսյանն ու Յուրի Վարդանյանը:

«Մեկ կադրում» շարքում այս անգամ ներկայացվող լուսանկարը Հայաստանում նրանց մեծարման երեկոյից է: Լուսանկարը մեզ տրամադրել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի թանգարանը: Աջից առաջինը Փաշայանն է, 4-րդը՝ Միրզոյանը, գավաթը ձեռքին Սարգսյանն է, իսկ ձախից 2-րդը՝ Վարդանյանը:

1983-ին ծանրամարտի Աշխարհի առաջնությունը պետք է կայանար Երեւանում: Սակայն տարբեր պատճառներով այն տեղափոխվեց Մոսկվա:

ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում էին նաեւ հայ ծանրորդները, ովքեր էլ կանգնեցին պատվոհարթակաի առաջին աստիճանին: Օգսեն Միրզոյանն անգերազանցելի էր 56 կգ քաշային կարգում, Յուրի Սարգսյանը՝ 60: Իսկ ահա 82,5-ում կրկին հավասարը չուներ ծանրամարտի ամենատիտղոսակիր մարզիկներից մեկը՝ Յուրի Վարդանյանը:

Պատմում են, որ Վարդանյանի ելույթից հետո Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իվան Աբաջիեւը մոտեցել է մարզիչ Արսեն Գալոյանին ու հարցրել, թե մյուս քաշային կարգերում էլի՞ են հայեր լինելու: Ստանալով բացասական պատասխան՝ թեթեւացած ասել է. «Փառք Աստծո»:

Նույն թվականին Կիեւում կայացած ըմբշամարտի առաջնությունում հայ մարզիկներից հաջող հանդես եկավ հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանը: Ոսկե մեդալի համար պայքարում նրա մրցակիցը թուրք Էրոլ Քեմախն էր, որին Փաշայանը կարողացավ հաղթել ու դառնալ Աշխարհի չեմպիոն: 1983-ին ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից Փաշայանը ճանաչվեց տարվա լավագույն հունահռոմեական ըմբիշ:

1983-ը հաջող տարի էի նաեւ մարմնամարզիկ Արթուր Հակոբյանի համար: Նա ընդգրկված էր ԽՍՀՄ հավաքականում ու մասնակցում էր Աշխարհի առաջնությանը: Բացի թիմային արծաթից ու անհատական բրոնզից (բազմամարտ) նա նվաճեց նաեւ ոսկե մեդալ: Հենացատկում Հակոբյանն անգերազանցելի էր ու դարձավ Աշխարհի չեմպիոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին