Ապրիլ 25, 2024
exclusive
24992 դիտում

Մեկ կադրում. Յուրի Ջորկաեֆի երազանքի կատարումը



1998 ու 2000 թվականին Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի կազմում Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ դարձան երկու հայազգի խաղացողներ՝ Յուրի Ջորկաեֆն ու Ալեն Պողոսյանը:

Mediamax Sport«Մեկ կադրի» հերոսն այսօր հիանալի ֆուտբոլային կարիերա կերտած ու իր նախնիների հայրենիքի՝ Հայաստանի հետ ջերմ կապեր պահպանող Ջորկաեֆն ու նրա թիմակիցներն են:

1998 թվականին «Ստադ դե Ֆրանսում» կայացավ Ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը: Միմյանց դեմ մրցեցին 1994-ի Աշխարհի չեմպիոն Բրազիլիան ու 1-ին անգամ այս փուլ հասած Ֆրանսիան:

Տանտերերին օդ ու ջրի պես էր պետք հաղթանակը: Բրազիլիան մինչ այդ արդեն հասցրել էր 4 անգամ կրել Աշխարհի չեմպիոնի կոչումն ու աստղային կազմով էր ժամանել Եվրոպա:

Բայց Զինեդին Զիդանին ու թիմակիցներին հաջողվեց բրազիլացիների քթի տակից տանել ոսկե մեդալները:

Նախ եզրափակչի օրը վատացավ Ռոնալդոյի ինքնազգացողութունն ու նա մեծ հաշվով չկարողացավ օգնել իր թիմին: Փոխարենը փայլեց Զինեդին Զիդանը, որը գոլերի հեղինակ դարձավ 27-րդ ու առաջին խաղակեսի ավելացված րոպեներին:  Յուրի Ջորկաեֆն էլ 2-րդ գոլի փոխանցման հեղինակն էր:

Հենց այդ գոլից հետո էլ նա, Զիդանն ու Էմանուել Պետին տոնում են հաջողությունը: Իսկ 3-րդ հաղթական գնդակն իր հաշվին գրանցեց Պետին, որը 90+3-րդ րոպեին գեղեցիկ հարվածով գրավեց բրազիլացիների դարպասը:



Վերջապես իրականություն դարձավ ֆրանսիացիների ու փոքրիկ Յուրիի վաղեմի երազանքը:

1998-ի գարնանը՝ ԱԱ-ից մի քանի ամիս առաջ Յուրի Ջորկաեֆի մայրիկը նամակ էր ստացել որդու գրականության ուսուցչուհի Մոնիկ Դերյուայից: Նա պատահաբար գտել էր 10-ամյա  Յուրիի շարադրությունը «Երբ մեծանամ» վերնագրով ու որոշել այն ուղարկել:

«Երբ մեծանամ, ուզում եմ ֆուտբոլիստ դառնալ,- 1978-ին գրել է խաղացողը,- Երազում եմ «Լիվերպուլի» պես մեծ ակումբի գույները պաշտպանել, կենտրոնական հարձակվող լինել, շատ գոլեր խփել, հանդես գալ «Նյու Յորք Կոսմոսում» ու խաղալ Կրոյֆի, Պելեի եւ Բեքենբաուերի հետ: 20 տարեկանում էլ կուզեի Աշխարհի առաջնության մասնակցել ու եզրափակչի միակ գոլը խփել»:

Թեեւ ոչ ամբողջությամբ, բայց Ջորկաեֆի երազանքն այնուամենայնիվ կատարվեց, հետագայում նա Եվրոպայի չեմպիոն էլ դարձավ ու խաղաց մի շարք լավ ակումբներում, թեեւ Բեքենբաուերն ու Պելեն արդեն ավարտել էին իրենց կարիերան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին