Ապրիլ 26, 2024
exclusive
16179 դիտում

Մեկ կադրում. Պույոլի մեծահոգի քայլն ու Աբիդալի բարձրացրած գավաթը


Լուսանկարը` fcbarcelona.com

Լուսանկարը` fcbarcelona.com


2010-2011 թվականների մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի եզրափակչում «Ուեմբլիում» հանդիպեցին իսպանական ու անգլիական 2 գրանդ ակումբներ՝ «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Պեդրո Ռոդրիգեսի, Լիոնել Մեսսիի ու Դավիթ Վիլյայի գոլերի շնորհիվ կատալոնական ակումբը կարողացավ հաղթել 3:1 հաշվով: ՄՅՈւ-ից էլ աչքի ընկավ  Ուեյն Ռունին:

Թեեւ եզրափակչի լավագույն խաղացողը Մեսսին դարձավ, բայց օրվա հերոսները բոլորովին այլ ֆուտբոլիստներ էին: Հենց նրանց մասին էլ այսօր լինելու է Mediamax Sport«Մեկ կադրում» շարքը:

«Բարսելոնայի» ավագ Կառլես Պույոլը եզրափակչում ծնկի վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չէր եկել, այդ օրն ավագի թեւկապով Խավին էր: Բայց խաղավարտին`88-րդ րոպեին Պեպ Գվարդիոլան փոխարինման դուրս բերեց նրան: Խավին միանգամից ավագի թեւկապը հանձնեց Պույոլին` զիջելով նաեւ գավաթը բարձրացնելու իրավունքը:

Բայց «Բարսելոնան» սովորական ակումբ չէ ու կարողացավ հուզել ամբողջ աշխարհին իր յուրահատուկ ժեստով:

Կապտանռնագույնների անկրկնելի ավագն Աբիդալին տվեց եւ թեւկապը, եւ Գավաթը: Նա որոշեց ֆրանսիացուն անակնկալ մատուցել:

«Էրիկն անգամ չէր կասկածում, որ ավագի թեւկապը ստանալու է: Նա բոլորից շատ էր արժանի գավաթն առաջինը բարձրացնել, հատկապես այն ամենից հետո, ինչ հաղթահարել էր: Այդ մասին եզրափակչից մի քանի շաբաթ առաջ էի մտածել, սակայն ոչ մի հստակ բան չէի որոշել: Ու երբ Խավին ասաց, որ ես պետք է այն բարձրացնեմ, անմիջապես հասկացա՝ ինչ է պետք անել: Դա յուրահատուկ պահ էր ինձ համար, կարելի է ասել լեգենդար, այն ցույց տվեց, թե ինչու է ֆուտբոլն ամենագեղեցիկ խաղը»,- խոստովանել է Պույոլը:

Ֆրանսիացի ֆուտբոլիստի մոտ 2011-ի մարտին լյարդի քաղցկեղ էր հայտնաբերվել, բարեբախտաբար այն չարորակ չէր եղել, ու վիրահատությունից կարճ ժամանակ անց Աբիդալը կարողացել էր վերադառնալ թիմի հիմնական կազմ:

«Ես ցնցված էի Պույոլի քայլից: Չեմ կարող ասել, թե ինչ էի զգում այդ պահին, պարզապես խոսելու ունակությունս կորցրել էի: Անչափ շնորհակալ եմ նրան»,- նշել էր Աբիդալը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին