Ապրիլ 26, 2024
exclusive
31778 դիտում

Մեկ կադրում. 1949-ին Բուդապեշտում Շահինյանի նվաճած գավաթը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի անձնական իրերը, մեդալներն ու գավաթները խնամքով պահպանում են նրա ընտանիքի անդամները:

Մարմնամարզիկն իր անկյունն ունի նաեւ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, որին էլ սիրով նվիրել է իր գավաթներից մեկը: «Մեկ կադրում» շարքում այս անգամ ներկայացնում ենք Հրանտ Շահինյանի 1949 թվականին Բուդապեշտում նվաճած գավաթի պատմությունը:

Մինչ Օլիմպիական չեմպիոն դառնալը Հրանտ Շահինյանը կամաց-կամաց հաստատվում էր ԽՍՀՄ հավաքականում՝ մարզիչներին ապացուցելով, որ լավագույններից է ամբողջ աշխարհում:

1949 թվականին Բուդապեշտում նա գրանցել է առաջին լուրջ հաջողությունը: Երիտասարդների եւ ուսանողների համաշխարհային փառատոնում հայ մարզիկը նվաճել է միանգամից վեց ոսկե մեդալ: Հենց այդ ժամանակ է, որ ԽՍՀՄ հավաքականի անդամ Վիկտոր Չուկարինը մոտեցել է Շահինյանին ու ասել. «Անխիղճ, մեզ ոչինչ չթողեցիր»:

Հիշում է Շահինյանի կինը՝ տիկին Էմման:

«Հրանտը Բուդապեշտից եկավ Մոսկվա ու միասին գնացքով վերադարձանք Հայաստան: Սպորտկոմիտեի նախագահ Սիմոնյանը հանձնարարել էր, որ իմանան, թե Շահինյանը որ վագոնում է գալիս, որպեսզի Երեւանում դիմավորեն նրան: Կիրովականում գնացքը կանգնել էր, Հրանտն էլ պատուհանից նայում էր, մեկ էլ մի քանի երիտասարդ շնչակտուր մոտեցան, թե կարո՞ղ է իմանաք Հրանտ Շահինյանը որ վագոնում է: Ասում է, ես եմ Հրանտը, ի՞նչ կա: Սրանք էլ, թե այ մարդ, մենք կատակի ժամանակ չունենք, ու վազում են գնացքի մյուս ծայրը»:

Առավոտյան Երեւանում Շահինյանին դիմավորելու էին եկել բազմաթիվ երկրպագուներ, որոնց ոգեւորում էր փողային նվագախումբը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին