Ապրիլ 18, 2024
exclusive
47955 դիտում

Մեկ կադրում. Ռոբերտ Էմմիյանի մինչ օրս չգերազանցված ցատկը


Լուսանկարը` lequipe.fr


Կան մարզիկներ, որոնց նվաճումները երկար ժամանակ անգերազանցելի են մնում ու լավագույնը դառնում նաեւ իրենց երկրի համար: Այդպիսիններից է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:

Հենց նրա լեգենդար ցատկի մասին էլ Mediamax Sport-ը պատմելու է իր «Մեկ կադրում» շարքում:

Եվրոպայի կրկնակի չեմպիոնը 1987 թվականի մայիսի 22-ին Ծաղկաձորում Եվրոպայի ռեկորդ սահմանեց՝ ցատկելով 8.86 մ:

Չնայած սովետական երկաթյա վարագույրի առկայությանը՝ լուրը ՏԱՍՍ գործակալության շնորհիվ տարածվեց ամբողջ աշխարհով մեկ:

22-ամյա հայ մարզիկին ընդամենը 4 սմ չհերիքեց 1968 թվականի Մեքսիկայի Օլիմպիական խաղերում ամերիկացի Բոբ Բիմոնի համաշխարհային ռեկորդը կրկնելու համար:

Հետագայում միայն ամերիկացիներ Մայքլ Փաուելն ու Կարլ Լյուիսն են Էմմիյանից ավելի շատ ցատկել: Այդպիսով նրա արդյունքը շարունակում է աշխարհում 4-րդը լինել, իսկ Եվրոպայում՝ լավագույնը:

«Ցատկի ժամանակ այնպիսի տպավորություն ունեի, որ փոսից դուրս եմ թռչելու, այնքան էի պատրաստ ու էներգիա կար մեջս: Երազում էի ռեկորդը գոնե 5 տարի պահել, սակայն արդեն 30 տարի է այն ինձ է պատկանում: Երբեմն հետաքրքրվում են, կցամնկանա՞մ, որ ռեկորդս անգերազանցելի մնա: Ոչ, շատ եմ ուզում, որ մի օր հայ մարզիկներն այն բարելավեն: Սակայն ով էլ գերազանցի ռեկորդը, առաջինը ես կշնորհավորեմ նրան»,- ասել է Էմմիյանը:

Իսկ Օլիմպիական խաղերի 9-ակի ու Աշխարհի 8-ակի չեմպիոն Լյուիսի հետ պայքարը Էմմիյանին օգնել են ավելի լավն ու անզիջում դառնալ. «Երջանիկ եմ, որ այդպիսի մրցակից եմ ունեցել: Լյուիսը 20-րդ դարի լավագույն մարզիկներից էր: Մեր պայքարն ինձ շատ բան է տվել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին