Ապրիլ 20, 2024
exclusive
59191 դիտում

Մեկ կադրում. Լորան Բլանի ու Ֆաբիեն Բարտեզի հաջողության համբույրը


Լուսանկարը` http://sport.gentside.com


1998 թվականին ֆուտբոլի Աշխարհի առաջնության հանդիպումներից առաջ Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Լորան Բլանը հաջողության համար համբուրում էր դարպասապահ Ֆաբիեն Բարտեզի գլուխը:

Այդ արարողակարգը Մունդիալ 1998-ում Ֆրանսիայի հավաքականի իսկական այցեքարտը դարձավ: Իսկ Mediamax Sport-ն իր «Մեկ կադրում» շարքում ներկայացնում է թիմին հաջողություն բերող համբույրի պատմությունը:

ԱԱ-ն հյուրընկալող ֆրանսիացիների համար ամենակարեւորն այն էր, որ համբույրն իր գործն անում է: Քանի դեռ Բլանը համբուրում էր Բարտեզի գլուխը, ֆրանսիացիները շարունակում էին հաղթել մրցակիցներին ու վստահորեն առաջ շարժվել:

Ֆրանսիայի հավաքականը մեկ այլ սնահավատություն էլ ուներ. ԱԱ-ի ամբողջ ընթացքում թիմը հանդերձարանում լսում էր Գլորիա Գեյնորի «Ես կապրեմ» երգը:

Արդյունքում եռագույնները հասան եզրափակիչ, իսկ Բլանը որոշիչ խաղին որակազրկման պատճառով մասնակցել չէր կարող: Ֆուտբոլասերները գուշակում էին, թե ով է նրան փոխարինելու ու կատարելու այդ կարեւոր առաքելությունը:

Դա Մունդիալի ինտրիգներից մեկն էր՝ ապագա չեմպիոնի անունն իմանալու պես կարեւոր:

Երկրպագուների սպասելիքները Բրազիլիայի դեմ եզրափակչից առաջ արդարացան: Սովորական մարզահագուստով Բլանն այնուամենայնիվ հասցրեց համբուրել թիմակցի գլուխը, մինչ մրցավարը կազդարարեր խաղի մեկնարկը:

Ֆրանսիան հաղթեց 3:0 հաշվով ու առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Աշխարհի գավաթը:

Ավանդույթը շարունակվեց ու հաջողություն բերեց Ֆրանսիային նաեւ ԵՎՐՈ-2000-ին: Իսկ երբ Բլանն ավարտեց կարիերան, Բարտեզն արգելեց որեւէ մեկին նրա փոխարեն այդքան ցանկալի համբույրներ պարգեւել իրեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին