Ապրիլ 25, 2024
exclusive
27958 դիտում

Մեկ կադրում. Մխիթարյանի գեղեցիկ գոլը Բուֆֆոնի դարպասին


Լուսանկարը` PAN Photo


Այսօր Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային հրաշքներ է գործում ու անհավանական պատմություն կերտում Անգլիայում: Մինչդեռ մեր հավաքականում էլ նա փայլել է իր գեղեցիկ գոլերով ու աչքի ընկել մի շարք կարեւոր հանդիպումներում:

Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում այսօր պատմելու ենք ԱԱ-2014-ի ընտրական մրցաշարի Հայաստան-Իտալիա խաղում Մխիթարյանի խփած գնդակի մասին:

2012 թվականի հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում Հայաստանի ընտրանին հյուրընկալեց Իտալիային: Աստղային կազմով՝ Ջանլուիջի Բուֆֆոն, Անդրեա Պիրլո, Սեբաստիան Ջովինկո, Դանիելե դե Ռոսսի, Լեոնարդո Բոնուչի, Երեւան ժամանած իտալացիների հետ խաղի նկատմամբ հետաքրքրությունը մեր երկրում շատ մեծ էր: Հանդիպումն անգամ որոշվեց անցկացնել «Հրազդանում»՝ ավելի շատ երկրպագուներ տեղավորելու համար:

Արդեն 11-րդ րոպեին հյուրերը հաշվի մեջ առաջ անցան, Պիրլոն անվրեպ իրացրեց 11-մետրանոցը: Սակայն առաջին խաղակեսում Վարդան Մինասյանի սաներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը:

27-րդ րոպեին դաշտի կենտրոնում Մխիթարյանը գնդակ ստացավ, կարողացավ շրջանցել մրցակցի մի քանի պաշտպանների ու գեղեցիկ հարվածով գրավել Բուֆֆոնի պաշտպանած դարպասը:

Երկրպագուներին անհավանական րոպեներ պարգեւած Մխիթարյանն ինքն էլ ցնծում էր գոլից հետո:

«Ինձ հիանալի էի զգում այդ գոլից հետո: Մեծ ուրախություն է նման գնդակ խփելը: Ափսոսում եմ միայն, որ այն բավական չեղավ մեր երկրագուներին վերջնական հաղթանակ նվիրելու համար: Այդ խաղում պարտվեցինք, բայց արժանի դիմադրություն ցույց տվեցինք ու անգամ կարող էինք հաղթել, եթե օգտագործեինք մեր գոլային պահերը»,- նշել է ֆուտբոլիստը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին