exclusive
23872 դիտում

Մեկ կադրում. Յուրի Վարդանյանի ու Սասունցի Դավթի «հանդիպումը»


Լուսանկարը` оlympic-weightlifting.ru


1987 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանեց երեխաների համար նախատեսված «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» ֆիլմը:

Հայոց դյուցազնագրքին հետաքրքիր ու յուրովի մոտեցմամբ այս ֆիլմը չէր կարող անտարբեր թողնել նաեւ մեծահասակներին: Կարճ ժամանակ անց այն սիրվեց բոլորի կողմից:

Գլխավոր հերոսի՝ Սասունցի Դավթի կերպարում հանդես եկավ ամենատաղանդավոր ու տիտղոսակիր հայ ծանրորդներից մեկը՝ Աշխարհի, Եվրոպայի ու Օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը:

Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում այսօր պատմելու է ֆիլմում նկարահանումների ու երկու գլխավոր հերսների հանդիպման մասին:

Ֆիլմը դեբյուտային էր ոչ միայն Վարդանյանի, այլեւ գլխավոր ռեժիսոր Գրիգոր Գյարդուշյանի համար: Երիտասարդ ռեժիսորն իր ֆիլմում ցանկանում էր հաղթանդամ ու ազդեցիկ դերասանի տեսնել: Քաջության ու հայրենասիրության իսկական օրինակ հանդիսացող Սասունցի Դավթի դերում նրա պես մեկը պետք է հանդես գար, ու Վարդանյանից լավ թեկնածու հնարավոր էլ չէր գտնել, անգամ եթե նա ֆիլմում խաղալու փորձ չուներ:

Վարդանյանի անունը բոլորի շուրթերին էր, նրա ռեկորդներն ու գրանցած արդյունքները հիացնում էին մարզասերներին, իսկ գեղեցկության մասին լեգենդներ հյուսվում:

Այդպես հեշտությամբ Դավիթը գտնվեց: Նա պատրաստ էր գլխավոր հերոսին մարմնավորել նաեւ «Սասունցի Դավիթ» ֆիլմում, սակայն այդ մտահաղացումն այդպես էլ կյանքի չկոչվեց:

«Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» ֆիլմի տեսարանների մեծ մասը նկարահանվել են Վայոց ձորում:  Ձիու վրա վստահ նստած ու հաղթական կեցվածք ունեցող Յուրի Վարդանյանը լավագույն Սասունցի Դավիթն էր, որի մասին կարելի էր երազել ու օգնել երեխաների ոգեշնչվել էպոսով:

Ծանրորդի մասնակցությունը նկարահանումներին 4 ամիս է տեւել, այդ ընթացքում էլ արվել է լուսանկարը, որի ժամանակ էկրանային Դավիթը «հանդիպել է» քանդակագործ Երվանդ Քոչարի կերտած Սասունցի Դավթի հետ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին