Ապրիլ 20, 2024
exclusive
16623 դիտում

Մեկ կադրում. Ապագա գրոսմայստերների թիմային 1-ին հաջողությունը


Լուսանկարը` Լեւոն Արոնյանի անձնական արխիվից


1998-ին շախմատի պատանեկան Օլիմպիադան կայացել է Ստամբուլում: Հայաստանի հավաքականը մարզիչ Վոլոդյա Հայրապետյանի գլխավորությամբ մասնակցել է Լեւոն Արոնյան, Տիգրան Պետրոսյան, Գաբրիել Սարգսյան ու Վարուժան Հակոբյան կազմով:

Հայ պատանիները հրաշալի են ելույթ ունեցել ու թիմային 27 միավորով դարձել չեմպիոններ՝ երկրորդ տեղը զբաղեցրած Ուկրաինայից առաջ անցնելով 5 միավորով:


Այս լուսանկարն արվել է Երեւանում, երբ մեր թիմը ոսկե մեդալներով վերադարձել է հայրենիք: «Մեկ կադրում» շարքում այս անգամ իր հիշողությունները պատմում է Տիգրան Պետրոսյանը:


Այն ժամանակ փոքր էի ու ամբողջությամբ չէի գիտակցում այդ հաղթանակի իմաստը: Ամեն դեպքում սա ինչպես իմ, այնպես էլ Հայաստանի մանկապատանեկան շախմատի առաջին մեծ հաղթանակն էր:

Հաղթանակը մեզ ավելի հեշտ տրվեց, քան կարող էինք պատկերացնել: Մրցաշարի սկզբից ստանձնեցինք առաջատարի դիրքը եւ մինչեւ վերջին տուրը հաղթանակներ գրանցեցինք:

Բազմաթիվ հայեր էին գալիս մեզ երկրպագելու: Ընդհանրապես, Ստամբուլի հայ համայնքը շատ ջերմ էր մեզ ընդունում: Հիշում եմ, հաղթանակից հետո միջոցառում էին կազմակերպել մեր պատվին:

Հետո մեզ հյուրընկալեցին «Ակոս» շաբաթաթերթի խմբագրությունում, հանդիպեցինք մեծ հայրենասեր Հրանտ Դինքին: Ճիշտ ասած, մանրամասները լավ չեմ հիշում, բայց այդ օրերին «Ակոսը» շատ ակտիվ լուսաբանում էր մեր ելույթները:

Իսկապես, մեծ ցանկություն ու երազանք կար, որ մեծահասակների պայքարում եւս չեմպիոն դառնայինք: Ինչպես գիտեք, գրեթե անփոփոխ կազմով (բացառությամբ Վարուժան Հակոբյանի), դա մեզ հաջողվեց: Հիմա մնում է ցանկանալ, որպեսզի տարիներ անց միասին նաեւ վետերանների թիմային չեմպիոն դառնանք (ծիծաղում է):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին