exclusive
13452 դիտում

Անցյալից եկած հերոսները. Էդուարդ Մարկարով


Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Մարկարովը հոր հետ
Մարկարովը հոր հետ

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Լուսանկարը` eduardmarkariv.com

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Մարկարովը մոր ու կնոջ հետ
Մարկարովը մոր ու կնոջ հետ

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Երեխաների հետ
Երեխաների հետ

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Արտյոմ Մարկարովը
Արտյոմ Մարկարովը

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Մայրիկի հետ
Մայրիկի հետ

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Մարկարովը կնոջ հետ
Մարկարովը կնոջ հետ

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Մարկարովն ընտանիքի հետ
Մարկարովն ընտանիքի հետ

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից


Բոլոր հայերի պես, ինձ համար էլ «Արարատ-73»-ը ֆուտբոլային սրբություն է, ակումբի մասին գրելն ու նրա հաղթանակները կերտած ֆուտբոլիստներին անդրադառնալն էլ՝ մեծագույն հպարտություն:

Ժամանակի հետ թիմի նվաճումներն ավելի արժեքավոր ու մնայուն են դառնում, իսկ 73-ի աստղային կազմի խաղացողները լեգենդների վերածվում:

Նրանցից մեկի՝ հարձակվող Էդուարդ Մարկարովի մասին է Mediamax Sport«Անցյալից եկած հերոսները» շարքի հերթական հրապարակումը: 

Նրան գրոհների դիրիժոր էին անվանում ու համարում Խորհրդային տարիների տեխնիկապես ամենաուժեղ ֆուտբոլիստներից մեկը: Անգամ ասում են, եթե Մարկարովը մեր օրերում խաղար, մեկ Ոսկե գնդակի չէ, որ կարող էր տիրանալ:

Ֆուտբոլին սիրահարված տղան

Ֆուտբոլի կախարդական ու զարմանալի աշխարհին Մարկարովը ծանոթացել է դեռ փոքր տարիքում: Նրա կյանքում ամեն ինչ այդ խաղի շուրջն էր պտտվում, բակում ընկերների հետ էր անընդհատ խաղերի մասնակցում: Ֆուտբոլիստ ու մարզիչ հայրը` Արտյոմ Մարկարովը, հաճախ էր նրան ստադիոն տանում: Հայրն իսկական օրինակ էր Էդուարդի համար ու այդպիսին էլ մնաց հետագայում:

Մարկարովը հոր հետ Մարկարովը հոր հետ

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից


1930-40 թթ. ԽՍՀՄ-ի ու Անդրկովկասի լավագույն ֆուտբոլիստից ու ռմբարկուից, 1943-ին Ադրբեջանում սպորտի վարպետի կոչումն առաջինը ստացած Արտյոմից էլ որդին ժառանգեց ֆուտբոլային գիտելիքներն ու գնդակի հետ վարվելու հմտությունները:

«Հայրս ամբողջ հոգով սիրում էր ֆուտբոլն ու շատ էր ցանկանում, որ ես էլ շարունակեմ իր ուղին: Բայց նա երբեք չի պարտադրել ինձ: Լավ ֆուտբոլիստ միայն ինքնուրույն կարող ես դառնալ՝ քեզ վրա աշխատելով: Հայրս չէր սիրում գովել ինձ, միայն թերություններս էր մատնանշում: Նա համոզված էր, որ միշտ պետք է ապացուցել, որ դու լավագույնն ես: Միայն մեկ անգամ՝ 1962 թվականին, երբ ես մրցաշրջանի լավագույն ռմբարկուն դարձա, խոստովանեց, որ երջանիկ է»,- պատմում է Մարկարովը:

Ճկուն ու արագաշարժ ֆուտբոլիստը հեշտությամբ էր յուրացնում տեխնիկական հնարքներն ու որոշեց պրոֆեսիոնալ մարզիկ դառնալ՝ դրանք հետագայում ավելի կատարելագործելու համար:

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից


14 տարեկանում նա դպրոցական սպարտակիադայի մասնակցեց ու 9 գոլի հեղինակ դարձավ: Հաջող ելույթը ոգեշնչեց պատանի ֆուտբոլիստին ու օգնեց ավելի վստահ կատարել առաջին քայլերը: «Այդ պահից սկսած շատ գոլեր եմ խփել ու գոլային փոխանցումներ կատարել: Ֆուտբոլն իմ կյանքի անբաժանելի մասն է կազմել»,- անկեղծանում է նա:

Այդ տարիներին էլ Մարկարովը սկսել է  հանդես գալ Բաքվի «Լոկոմոտիվում»: Նա դասերից հետո շտապում էր մարզումներին, որտեղ սպասում էր խստապահանջ մարզիչ-հայրը:

Իր գեղեցիկ խաղի ու վարպետության շնորհիվ Մարկարովը հետագայում շատ մարզիչների ուշադրության կենտրոնում հայտնվեց ու բազմաթիվ ակումբներում խաղաց, բաց միշտ հավատարիմ մնաց իր սիրելի գործին ու ֆուտբոլն իսկական արվեստի վերածեց:

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից


Նորամուտը հավաքականում ու բրոնզե ԱԱ-ն

1966-ին Մարկարովը շարունակում էր տպավորիչ խաղ ցուցադրել, ու դա չվրիպեց ԽՍՀՄ-ի հավաքականի մարզչական շտաբի ուշադրությունից: Հունիսի 5-ին «Լուժնիկիում» Ֆրանսիայի դեմ խաղում նա նշեց իր նորամուտը:

Մարկարովը փոխարինման մտավ, երբ հաշիվն արդեն հյուրերի օգտին էր՝ 2:1: Նա փոխարինվեց ու իր հետ սրություն եւ ստեղծագործական բազմազանություն բերեց, արդյունքում խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3: Մարկարովն էլ անմիջական մասնակցություն ունեցավ խփված գոլերում:

Թեեւ հավաքականում քիչ հանդիպումներ է անցկացրել, բայց հասցրել է նաեւ 1966-ի Աշխարհի առաջնությունում հանդես գալ ու բրոնզե մեդալակիր դառնալ: Նա ԱԱ-ում մասնակցել է միայն Չիլիի դեմ հանդիպմանն ու գոլային փոխանցման հեղինակ դարձել:

Առաջնությունից առաջ ԽՍՀՄ-ի հավաքականը շրջագայություն է ունեցել Դանիայում ու Շվեդիայում: Մարկարովն այդ ընթացքում փայլուն խաղ է ցույց տվել ու 6 գոլի հեղինակ դարձել: Աշխարհի առաջնությունում էլ ֆուտբոլիստից մեծ ակնկալիքներ կային, սակայն մարզիչները նրան հաճախակի չէին ընդգրկում հիմնական կազմում:

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից


«Անգլիայում մարզիչներն ինձ սկսեցին մեկնարկային կազմում չընդգրկել: Միայն Չիլիի դեմ խաղացի մյուս պահեստային ֆուտբոլիստների հետ: Շատ անկաշկանդ ու տեխնիկապես գեղեցիկ խաղ ցույց տվեցինք, այն ինչ սիրում են երկրպագուները: ԱԱ-ն ինձ վրա հիանալի տպավորություն թողեց, ամեն ինչ ասես երազում լիներ, ֆուտբոլային տոնի մթնոլորտն, իսկապես, զարմանալի էր, թվում էր ողջ աշխարհը միայն խոսում ու ապրում է ֆուտբոլով»,- հիշում է հարձակվողը:

Ճակատագրական որոշում ու վերադարձ հայրենիք

Խորհրդային մի քանի ակումբներում հանդես եկած ու հիանալի ուղի անցած, սակայն խաղային ճգնաժամ ապրող Մարկարովը 1971 թվականին տեղափոխվեց Երեւանի «Արարատ»:

1970 թվականին նա «Նեւթչիում» ծանր մրցաշրջան էր անցկացրել ու ընդամենը 3 գոլի հեղինակ դարձել: ԽՍՀՄ-ի հավաքական նրան չէին կանչում, հայ ֆուտբոլիստի հետ հույսեր չէր կապում նաեւ ադրբեջանական ակումբը: Իսկ տարվա ավարտն առավել քան ողբերգական էր:

Նոյեմբերին մահացավ Մարկարովի մայրը, հայրը կյանքից ավելի շուտ էր հեռացել՝ 1964-ին 57 տարեկանում: Մայրն ամեն ինչ էր Մարկարովի համար, ամենուր կողքին էր: Նա ակումբում արտահաստիքային մարզիչ էր աշխատում ու ֆուտբոլը հիանալի հասկանում: Այդ կորստից հետո Մարկարովը վերջապես որոշեց ընտանիքով տեղափոխվել Հայաստան ու ներկայացնել «Արարատը»:

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից


Այդ տեղափոխությունը Բաքվում դավաճանություն որակվեց, անգամ մի խումբ երկրպագուներ հավաքվեցին ֆուտբոլիստի տան մոտ ու պատուհաններին քարեր նետեցին: Հիմնականում հարեւանները տուժեցին, քանի որ նրա տան տեղը ցուցարարներն այդքան էլ լավ չգիտեին:

Մամուլում մեղադրական հրապարակումներ եղան, Մարկարովին մեղադրեցին խաբեության, եսասիրության ու թուլամորթության մեջ: Իսկ իրականում պատճառն այն էր, որ Ադրբեջանում չէին ցանկանում բաց թողնել այդքան տաղանդավոր ու թիմի համար շատ բան արած ֆուտբոլիստին. «Նեւթչիում» նա 88 գոլի հեղինակ էր դարձել, այդ պահին ոչ մի ֆուտբոլիստ նման ցուցանիշ չուներ: Մարկարովի հեռանալուց հետո ադրբեջանական թիմը 1972-ին դուրս մնաց ԽՍՀՄ-ի բարձրագույն խմբից:

«Վերջին 2 մրցաշրջաններում ես անընդհատ վնասվածքներ էի ունենում, չէի կարողանում ինձ դրսեւորել: Ինձ դուր չէին գալիս խոսակցությունները, թե Մարկարովը թուլացել է, այլեւս իր խաղը չի ցույց տալիս: Այդ ժամանակ հասկացա, որ ինչ-որ բան է պետք փոխել կամ էլ ֆուտբոլը թողնել: «Նեւթչիից» միայն լավ հիշողություններ են մնացել, այդ թիմի հետ ես բրոնզե մեդալակիր եմ դարձել, 6 տարի ավագ եղել: Բայց ժամանակն էր այնտեղից հեռանալ»:

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից


Արարատյան դարաշրջանը

Այդ որոշումը շատ ճիշտ էր, այն ճակատագրական եղավ ու շատ բան փոխեց 29-ամյա Մարկարովի կյանքում: Նա տեղափոխվեց երեւանյան ակումբ, որտեղ բազմաթիվ ընկերներ ուներ: Հայրենիքում Մարկարովին շատ ջերմ ընդունեցին, երկրպագուներն էլ բարձր գնահատեցին փորձառու ֆուտբոլիստի խաղը:

Նրան Բաքվի Պելե էին կոչում, սակայն իրական Պելեն իսկապես փայլատակեց միայն  իր հայրենիքում: 

«Սկզբում մի քիչ մտավախություն  ունեի, սակայն  մարզումների ժամանակ ամեն ինչ տեղն ընկավ: Երբ միասին սկսում եք աշխատել, քրտնել դաշտում ու իրարից սովորել, հասկանում ես, որ քեզ ընդունել են թիմում: «Արարատում» հիանալի ընկերական մթնոլորտ էր տիրում, իսկ ֆուտբոլում դա շատ կարեւոր է: Ամեն խաղում ներդնում էինք մեր ողջ ուժերն ու հոգին, իսկ հաջողությունից մեծագույն հաճույք ստանում»,- հիշում է նա: 

Լուսանկարը` eduardmarkariv.com


Մարկարովը նոր թիմում միանգամից իրեն զգաց ինչպես ձուկը ջրում, ֆուտբոլիստի 2-րդ շնչառությունը բացվեց ու նրան կանգնեցնելն անհնարին էր: Իր առաջին գնդակը «Արարատում» Երեւանում առաջնության մեկնարկային խաղում խփեց՝ Լվովի «Կարպատների» դեմ:

Բոլոր թերահավատներին Մարկարովն իր խաղով էր պատասխան տալիս: Նա երեւանյան ակումբի անփոխարինելի խաղացողներից մեկն էր, ով թիմի հետ փայլուն հաղթանակներ կերտեց ու մնաց պատմության մեջ:

Ֆանտաստիկ 1973-մրցաշրջանը

1973-ի ֆուտբոլային մրցաշրջանն արդեն 44 տարի է հայ ֆուտբոլասերների ամենամեծ հպարտությունն է, հաղթական պահերի ու թիմային արդյունքի հասնելու վկայությունը: Իսկ այն կերտած ֆուտբոլիստների կարիերայում այդ տարին ամենայուրահատուկն ու անմոռանալին է: Բացառություն չէ նաեւ Մարկարովը. 1973-ի մասին, նա էլ իր թիմակիցների պես աչքերի փայլով ու քաղցր հիշողություններով է խոսում, ասես մի պահ երիտասարդանում է ու մոռանում տարիների պատնեշի մասին:

Մտովի նա կրկին իր սիրելի ընկերների՝ Զանազանյանի, Ղազարյանի, Բոնդարենկոյի, Աբրահամյանի ու մյուսների հետ վայելում է երկրպագուների ոգեւորությունը «Հրազդան» մարզադաշտում, բարձրացնում այդքան բաղձալի Գավաթն ու հաղթական դուբլ ձեւակերպում:

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից


«Մենք իսկական կոլեկտիվ էինք, ոչ թե առանձին անուններ՝ Իշտոյան, Մարկարով, Անդրեասյան: Բոլորը գիտեին միմյանց պլյուսներն ու մինուսները: Հասկանում էինք, որ մեկ թիմի տարբեր կողմերն ենք ու թուլանալու կամ սխալվելու իրավունք չունենք, մենք մեծ ֆուտբոլի մասն էինք կազմում, այդ առաքելությունը պատվով պետք է կատարեինք»,-պատմում է նա:

Մինչ «Արարատում» հայտնվելը Մարկարովը զգալի փորձ ուներ ու երկար ճանապարհ էր անցել, բայց հենց երեւանյան ակումբում է, որ նա ասես թեւեր առավ, սկսեց դրսեւորել իր ողջ պոտենցիալն ու 29 տարեկանում նման բարձրակարգ ֆուտբոլ ցույց տալ:

«Արարատը» ոչ միայն իմ, ամբողջ հայ ժողովրդի կյանքում մեծ դեր ունեցավ: Մենք գրավեցինք մարդկանց սրտերն ու հավերժ կմնանք պատմության մեջ: Երկար տարիներ են անցել այդ հաղթական մրցաշրջանից, բայց բոլոր հիշողություններն այնքան վառ ու թանկ են ոչ միայն իմ, այլեւ մյուս տղաների համար»,- անկեղծանում է նա:

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից


Գավաթի նվաճումը

Սովորաբար Ադրբեջանի ղեկավարության խնդրանքով Բաքվում Մարկարովը «Նեւթչիի» դեմ չէր խաղում, սակայն 1973-ի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում այդ խնդրանքը տեղ չհասավ: Թիմը մարզում էր Նիկիտա Սիմոնյանն, ու նա որոշեց, որ Էդիկը Բաքվում պետք է ցույց տա, թե հայերն ինչի են ընդունակ: Ու չսխալվեց. հանդիպման միակ ու հաղթական գնդակը Մարկարովը խփեց:

Երեւանում էլ նա գոլի հեղինակ դարձավ, հանդիպումը 3:1 հաշվով ավարտվեց, մյուս գոլերը հեղինակեցին Հովհաննես Զանազանյանն ու Սերգեյ Բոնդարենկոն:

Դրանից հետո «Արարատն» անցավ հաջորդ փուլերն ու հասավ եզրափակիչ, որտեղ մրցում էր Կիեւի «Դինամոյի» հետ: Իսկ այդ եզրափակիչն անգիր են հիշում ոչ միայն ստադիոնում ու հեռուստացույցների առաջ հանդիպմանը հետեւողները, այլ անգամ նրանց երեխաներն ու արդեն թոռները:

Այդ հաղթանակը հայերի երբեւէ հանդիպած միասնականության ու մինչեւ վերջ պայքարելու ամենավառ օրինակն էր: Իշտոյանի գնդակները 89-րդ րոպեին ու ավելացված ժամանակում, եւ «Արարատն» անգերազանցելի էր…



«Երբ Գավաթով վերադարձանք Երեւան, օդանավակայանում մարդկանց ծով էր, մինչեւ քաղաք 4 ժամ տեւեց ճանապարհը, բոլորն իրենց տների դիմաց հյուրասիրություն էին կազմակերպել, ու դրանից չօգտվելը վիրավորանք կլիներ: Եթե հնարավոր լիներ մեր ավտոբուսը ձեռքերի վրա կտանեին: Այդպիսի բան ես երբեք չեմ տեսել, երեւի չեմ էլ տեսնի»,- հիշում է Մարկարովը:

Թիմը շարունակեց վստահ ելույթները նաեւ ԽՍՀՄ-ի առաջնությունում ու կրկին հաղթող դարձավ: Մրցաշրջանի վերջին խաղում «Հրազդանում» «Արարատը» «Զենիթի» հետ էր խաղում, Մարկարովը գեղեցկագույն գոլի հեղինակ դարձավ: Առաջինը ոսկե դուբլի առթիվ արարատցիներին հենց «Զենիթի» ֆուտբոլիստները շնորհավորեցին: 

Կուռք Մարկարովը

Նոյեմբերի 12-ին Սունդուկյանի թատրոնում կայացավ հանդիսավոր երեկո՝ նվիրված «Արարատի» ֆուտբոլիստներին: Այդ երեկո էլ Մարկարովը ստացավ սպորտի վաստակավոր վարպետի կոչում:

Ավանդույթի համաձայն «Ֆուտբոլ-Հոկեյ» շաբաթաթերթը 121 լրագրողների միջեւ հարցում անցկացրեց ու որոշեց մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին: Մարկարովը 5-րդ տեղում էր ու կրկին ընդգրկված 33 լավագույնների մեջ, կենտրոնական հարձակվողների պայքարում էլ 2-րդն էր:

Գավաթում հաղթելուց հետո «Արարատը» ֆուտբոլիստներին 14 հազար նամակներ էին ուղարկել աշխարհի տարբեր ծայրերից, անգամ Հյուսիսային բեւեռից, քաղաքի բոլոր հնարավոր շենքերի վրա ֆուտբոլիստների անուններն էին գրված կամ նրանց նկարներն արված:

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից


Ֆուտբոլային տոն էր Երեւանում, Մոսկվայում, Թբիլիսիում, Բաքվում, բոլոր այն վայրերում, որտեղ հայեր կային:

70-ականներին էլ, ինչպես «Արարատի» բոլոր ֆուտբոլիստները, կուռք էր նաեւ Մարկարովը: Բակերում առավոտից երեկո խաղացող տղաները կրկնօրինակում էին իրենց սիրելի հարձակվողին: Թեեւ այդ տարիներին շատ դժվար էր մարզաշապիկ գտնել, բայց դա նրանց հաջողվում էր: Քիչ չէին նաեւ ձեռքով պատրաստված 9 համարի շապիկները, այդպիսի մարկարովները շատ բակերում էին հանդիպում:

Ասում են, երբ մի անգամ Մարկարովը վնասել էր դաստակն ու որոշ ժամանակ վիրակապով էր խաղում, մեծ քանակությամբ երեխաներ նրա պես փաթաթել էին ձեռքը:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Սիրային արկածներն ու ընտանիքի ստեղծումը

Մարկարովն իր ապագա կնոջ՝ Ստելլայի հետ ծանոթացել է 60-ականների կեսերին: Այդ ժամանակ նա հանդես էր գալիս «Նեւթչիում», իսկ կինը դեռ դպրոցի 10-րդ դասարանում էր սովորում:

Ծանոթությունն էլ հենց դպրոցում կայացավ: Մարկարովը դպրոցի աշակերտների հետ հանդիպման էր եկել: Բոլորն էին ցանկանում տեսնել սովետական ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկին: Բացառություն էր Ստելլան, նա ֆուտբոլ չէր սիրում, թեեւ ստադիոնի հարեւանությամբ էր ապրում:

Չնայած ֆուտբոլիստի հետ հանդիպմանն ամեն դեպքում ներկայացավ, սակայն չէր տպավորվել նրանով՝ կարճահասակ տղան նրա դուրն ընդհանրապես չէր եկել: Իսկ երբ ընկերուհիները սկսել էին գովել Մարկորովին, այսպես էր պատասխանել. «Չեմ հասկանում, թե ինչու եք բոլորդ խելագարվում նրա համար»:

Սակայն Մարկարովը Ստելլայի գեղեցկությունը միանգամից էր նկատել ու ամեն կերպ փորձում էր նրան հետաքրքրել: Ամեն ինչ ապարդյուն էր, աղջիկն անգամ իրեն հասցեագրված գրությունն անտեսեց ու չգնաց ժամադրության: Իսկ այն կայանալու էր տրամվայի կանգառում ժամը 11:00-ին:
Մարկարովը մոր ու կնոջ հետ Մարկարովը մոր ու կնոջ հետ

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից


Փոխարենը Ստելլան ընկերուհու հետ հանդիպման գնաց, ֆուտբոլիստն էլ իր մեքենայով հետեւեց նրան:

«Հին կապտամոխրագույն «Մոսկվիչ» ուներ: Իսկ համարը ամբողջ կյանքում չեմ մոռանա՝ 19-54: Չեք պատկերացնի նրան այնպես տեղը դրեցի, որ էլ չերեւաց»,- հիշում է ֆուտբոլիստի կինը:

Սակայն մեկ տարի անց երեկույթի ժամանակ նրանք նորից հանդիպեցին, ու պատմությունը նոր ընթացք ստացավ: Մոտ 3 տարի պահանջվեց աղջկա սիրտը գրավելու համար:

«Չեք պատկերացնի, թե որքան գեղեցիկ էր Ստելլան, աչք կտրել չէր լինում: Սկսեցի նրանց տուն գնալ, մայրիկի հետ ծանոթացա, աստիճանաբար հարմարվեցին ինձ»,- խոստովանում է Մարկարովը:
Երեխաների հետ Երեխաների հետ

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից


Զույգը սկսեց հանդիպել, ու կարճ ժամանակ անց արդեն ամուսնությունը գրանցեց զագսում: Սակայն դրա հետ կապված հետաքրքիր պատմություն կա, կրկին հիշում է տիկին Ստելլան.

«Մի անգամ զբոսնում էինք ու անցանք զագսի կողքով: Նա ինձ առաջարկեց մտնել, տեսնել ներսում ինչ կա: Ես էլ միամիտ էի, համաձայնեցի: Դրան հաջորդեց առաջարկությունը: Ասաց գրանցվենք ԶԱԳՍ-ում, դու կշարունակես տատիկիդ տանն ապրել: Համաձայնեցի, 2 շաբաթ սպասեցինք, այնուհետեւ ներկայացանք գրանցմանը: Ես կապույտ ծաղիկներով զգեստով էի, ինքս էի կարել, հարսի ընդհանրապես նման չէի, Էդիկին էլ բոլորը ճանաչում էին, կարծում էին որպես վկա է եկել»:

Դրանից հետո նրանք շարունակեցին հանդիպել ու նորանոր ժամադրությունների գնալ, մի քանի ամիս անց էլ որոշեցին արդեն միասին ապրել:

Զույգը երկու երեխա ունի՝ Էրիկն ու Էրիկան, նրանց են ավելացել նաեւ թոռնիկները:

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից


Մարզչական աշխատանքը

«Կարծում եմ, որ դերասաններն ու ֆուտբոլիստները պետք է ժամանակին  կարողանան հեռանալ բեմից: Կարող էի մի քիչ էլ մնալ, բայց գիտեի, որ իմ խաղից հաճույք չեմ ստանա: 10 տարին «Նեւթչիում» ու 5-ն «Արարատում» աննկատ անցան: Դրանք միշտ ինձ համար ամենալուսավորն ու լավը կմնան: Ափսոսում եմ միայն, որ չկարողացա հավաքականում լիարժեք խաղալ»,- ֆուտբոլիստի կարիերայի ավարտի մասին ասել է նա:

1976-ին Մարկարովը գլխավորեց  «Արարատը», նորամուտը նոր պաշտոնում վատ չստացվեց՝ թիմը ԽՍՀՄ-ի առաջնությունում արծաթե մեդալակիր դարձավ:

«Միայն ավելի ուշ հասկացա, թե որքան դժվար էր ֆուտբոլին հրաժեշտ տալ ու միանգամից Բարձրագույն խմբում հանդես եկող թիմում մարզիչ աշխատել: Ավելի ճիշտ կլիներ փորձառու մասնագետի օգնական լինել»:

«Արարատը» ծանր դրության մեջ հայտնվեց ու արդեն պայքարում էր Բարձրագույն խմբում տեղը պահելու համար:

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից


1979-1982 թթ. Ալժիրի Գիտության ու սպորտի Ինստիտուտի ֆուտբոլի բաժնում դասավանդեց, ինչպես նաեւ աշխատեց ազգային հավաքականում: Ալժիրի ընտրանին Աֆրիկյան խաղերում եզրափակիչ մտավ ու իրավունք ստացավ հանդես գալ ԱԱ-ի եզրափակիչ փուլում:

1984-ին, երբ Սիմոնյանը վերադարձավ «Արարատ», Մարկարովին հրավիրեց որպես օգնական: Սակայն հրաշք տեղի չունեցավ ու մարզչական կազմը հրաժարական տվեց:

Դանից հետո Մարկարովն իրեն նվիրեց պատանեկան ֆուտբոլին, որտեղ իր սաները հաջողությունների հասան:

Հայաստանի հավաքականի առաջին մարզիչը

Մարկարովը նաեւ Հայաստանի հավաքականի առաջին մարզիչն է եղել: Նա հպարտությամբ ստանձնեց թիմի ղեկը, 1992-ի հոկտեմբերի 14-ին թիմն արդեն առաջին հանդիպումն անցկացրեց: «Հրազդանում» այն ընդունեց Մոլդովայի թիմին, խաղը գոլազուրկ ոչ-ոքիով ավարտվեց:

Այդ ընթացքում ֆեդերացիան ծանր վիճակում էր գտնվում, գումար, գրեթե, չուներ, Մարկարովն էլ սիմվոլիկ աշխատավարձ էր ստանում, 1 ամսում՝ 2 դոլար: Չնայած դրան՝ իր գործը մեծ նվիրվածությամբ էր կատարում: Ոչ միայն մարզական գործով էր զբաղվում՝ գնդակներ ու մարզահագուստ էր գտնում, կանաչ խոտածածկով ու տաք ջրով լոգարաններով դաշտ գտնում, հովանավորներ փնտրում:

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից


1992-ին մեկ այլ նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ Մարկարովի կյանքում: Ֆուտբոլի սիրահարների ու մասնագետների շրջանակում անցկացված հարցման արդյունքում նա Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց:

Մարկարովի գլխավորությամբ առաջին պաշտոնական խաղն ազգային հավաքականը 1994-ի սեպտեմբերի 7-ին Բելգիայի դեմ անցկացրեց ու զիջեց 0:2 հաշվով: Իսկ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Կիպրոսին զիջելուց հետո՝ հեռացավ հավաքականից:

Դրանից հետո մի շարք հայկական ակումբներ մարզեց, այնուհետեւ տեղափոխվեց Լիբանան, 2000-ից հաստատվեց «Միկայում», նախ մարզեց ակումբը, առաջին լիգայից այն դուրս վերեց Բարձրագույն խումբ, 2 անգամ տիրացավ  երկրի գավաթին, ապա թիմի փոխնախագահը դարձավ:

Լուսանկարը` eduardmarkarov.com


Ֆուտբոլային խորհուրդներ վարպետից 

Ֆուտբոլային դաշտում ուժեղ լինելու համար պետք է տեխնիկապես լավ խաղալ, արագ լինել, մրցակցից խելացի գործել: Ինչո՞ւ պետք է որեւէ մեկը քեզնից լավը լինի, շտկիր բացթողումներդ ու ձգտիր լինել առաջինը:

Պրոֆեսիոնալ սպորտին տրվել, նշանակում է այն ամբողջությամբ ընդունել: Դա եւ վնասվածքներն են, եւ նյարդային ապրումները:

Գոլը հրաշք է, հարձակվողի համար մեծ երջանկություն: Մի՞թե մի հրաշքը մյուսից ավելի լավն է լինում: Սակայն 11-մետրանոցներ իրացնել չէի սիրում, քանի որ գոլ խփելը թիմային աշխատանք է:

Իմ մարզիչներից մեկից ես սովորել եմ ֆուտբոլ ժպտալով խաղալ, այդ դրական մոտիվացիան միշտ էլ օգնում է:

Էդուարդ Մարկարովը ծնվել է 1942 թվականի հունիսի 20-ին Բաքվում: Հանդես է եկել «Տորպեդո» (Արմավիր), «Նեւթչի» (Բաքու) եւ «Արարատ» (Երեւան) ակումբներում: Երեւանյան թիմի հետ Մարկարովը դարձել է ԽՍՀՄ-ի չեմպիոն ու արծաթե մեդալակիր, 2 անգամ տիրացել Գավաթին: Մինչ այդ նա առաջնությունում նաեւ բրոնզե մեդալ էր նվաճել: 1976-ին էլ արդեն «Արարատի» մարզչի կարգավիճակում է առաջնությունում 2-րդ տեղը զբաղեցրել ու հասել Գավաթի եզրափակիչ:

1966-ին ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում Մարկարովը մասնակցել է Աշխարհի առաջնությանն ու բրոնզե մեդալակիր դարձել:


1963-ին դարձել է ԽՍՀՄ-ի սպորտի վարպետ, 1973-ին՝ սպորտի վաստակավոր վարպետ, 1983-ին էլ՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ:


Մարզչական գործունեությունը ծավալել է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում ու մի շարք նվաճումների հասել: 1990-ին Եվրոպայի պատանեկան առաջնության ոսկե եւ 1991-ի պատանեկան ԱԱ-ի բրոնզե մեդալակիր է:


Իր երկարատեւ կարիերայի ընթացքում Բարձրագույն խմբում ու ԽՍՀՄ-ի հավաքականում ոչ մի դեղին քարտ չի ստացել:


ԽՍՀՄ-ի առաջնությունում 129 գնդակ է խփել, ինչը 6-րդ արդյունքն է:


2012-ին Մարկարովն ընդգրկվել է ԽՍՀՄ-ի ու Ռուսաստանի բոլոր ժամանակների 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում:


Հոդվածում օգտագործվել են հատվածներ «Էդուարդ Մարկարով» գրքից

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Հատուկ նախագծեր
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am