Ապրիլ 20, 2024
exclusive
9397 դիտում

Կատերինա Զոհնովա. «Հավակնոտ էի, կրքոտ, գժվում էի սպորտի համար»

Կատերինա Զոհնովան
Կատերինա Զոհնովան

Լուսանկարը` Անձնական արխիվից


Մեդիամաքս Սպորտ-ը շարունակում է ներկայացնել «Շաբաթվա գեղեցկուհին» շարքը:

Կատերինա Զոհնովան հանդես է գալիս Չեխիայի բասկետբոլի կանանց  հավաքականում, որի կազմում էլ մասնակցել է Լոնդոնի օլիմպիական խաղերին: 29-ամյա Զոհնովայի հասակը 179 սմ է: Մի շարք հեղինակավոր կայքեր նրան անվանում են աշխարհի 50 ամենագեղեցիկ մարզուհիներից մեկը:



-Կատերինա, վաղ տարիքում շատ մարզաձեւեր ես փորձել` սկսած աթլետիկայից մինչեւ դահուկավազք: Ինչու՞ ընտրությունդ կանգ առավ հենց բասկետբոլի վրա:

- Չեմ կարող հաստատ ասել, թե մեկ ակնթարթում եմ հասկացել, որ կարող եմ բասկետբոլիստ դառնալ, կամ որ այդ սպորտաձեւի տաղանդն ունեմ: Փոքր էի, երբ սկսեցի բասկետբոլ խաղալ այն փոքր քաղաքում, որտեղ ապրում էի: Հավակնոտ էի, կրքոտ, գժվում էի սպորտի համար, իսկ ժամանակի ընթացքում այնպես ստացվեց, որ դարձա պրոֆեսիոնալ մարզիկ: Այսօր ես երջանիկ եմ ու կարող եմ ասել, որ իմ սպորտային կարիերայում ինչ-որ բանի հասել եմ: 

- Ասում են` բասկետբոլը տղամարդկային սպորտաձեւ է: Այդպե՞ս է:

- Ես սիրում եմ մրցել ինչպես տղամարդ եւ, միեւնույն ժամանակ, ունենալ բացառապես այլ տեսք:

- Կյանքում` առավել եւս սպորտում, ինչ-որ բան նախաձեռնելու համար ներշնչա՞նք է պետք:

- Այո, ինձ ոգեշնչում են հիմնականում այն մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում, եւ փորձում են հասնել իրենց նպատակին առանց բողոքելու, թե ինչու դա չի ստացվում: Ոգեշնչվում եմ, երբ տեսնում եմ մարդկանց, ովքեր զրոյից սկսելով` հասել են իրենց նպատակի իրականացմանը: 



- Պատկերացրու, որ հնարավորություն ես ստացել մեկ ժամ շարունակ բասկետբոլ խաղալու որեւէ հայտնի մարզիկի հետ: Նշիր մարզիկի անունը: 

- Երբեք չեմ մտածել այդ մասին, բայց ինչո՞ւ ոչ` Մայքլ Ջորդանը:

- Սպորտում քեզ համար նպատակակետ սահմանե՞լ ես, թե՞ սիրում ես ապրել այսօրվա օրով:

- Ես մի մարդ եմ, ով պլաններ չի կազմում: Ես վերցնում եմ այն, ինչ ամեն բացվող օրը բերում է ինձ համար: Բայց կար մի բան, ինչի մասին ես երազում էի ու ինչին փորձում էի հասնել` մասնակցել օլիմպիական խաղերին: Իրականում այդ մասին երազում են բոլոր մարզիկները: Հիմա, երբ ետ եմ նայում, հասկանում եմ, որ երբեք չեմ  պատկերացրել, որ դա կարող է ինձ համար իրականություն դառնալ: Բայց, երազանքս, այնուամենայնիվ, կատարվեց:

- Կատերինա, ի՞նչն է քեզ համար այս պահին առաջնային:

- Ինձ համար միշտ առաջին տեղում բասկետբոլն է եղել: Տարիքի հետ որոշ բաներ փոխվում են, բայց ինձ դուր է գալիս այն, ինչ անում եմ: Ես դեռ ցանկանում եմ շարունակել խաղալ լավագույն ձեւով:



- Առօրյայում Կատերինա Զոհնովան տարբերվու՞մ է սպորտում գտնվող Կատերինա Զոհնովայից:

- Բասկետբոլն իմ կյանքից շատ ժամանակ է խլում: Երբ մրցաշրջանն ավարտվում է, փորձում եմ շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս եւ ընկերներիս հետ, որովհետեւ տարվա ընթացքում նրանց հազվադեպ եմ տեսնում: Սիրում եմ ընկերներիս հետ կինո ու լավ ռեստորաններ հաճախել: Փորձում եմ ինձ այլ սպորտաձեւերում, որպեսզի մի փոքր թարմանամ սովորական դարձած առօրյայից:

- Ի՞նչ ոճում կարելի է քեզ տեսնել սպորտից դուրս:

- Ես մարզիկ եմ, եւ իմ ոճը սպորտայինն է: Բայց նաեւ ցանկանում եմ սեքսուալ տեսք ունենալ: Այնպես որ զգեստները եւ բարձրակրունկ կոշիկներն էլ ինձ համար օտար չեն (ժպտում է):

- Ի՞նչ կարելի է գտնել քո մարզական պայուսակում:



- Հիմնականում պահեստային հագուստ եւ իմ հեռախոսը: Եթե պետք է շատ արագ դիմահարդարվել, ուղղակի թարթիչաներկ եմ օգտագործում եւ պատրաստ եմ (ժպտում է):

- Այս պահին քո iPod-ը միացնելու դեպքում ի՞նչ կարելի է լսել:  

-  U2-ի Ordinary love-ը:

- Հետաքրքիր կլիներ լսել գեղեցկության մի քանի խորհուրդ Չեխիայի ամենագեղեցիկ մարզուհիներից մեկից:

- Անկեղծ ասած, չունեմ հատուկ կանոններ կամ խորհուրդներ: Կարծում եմ` ամեն ինչ ապրելակերպից է կախված: Եթե ներսումդ երջանիկ ես ու լավ ես զգում, դա դրսից էլ տեսանելի կլինի (ժպտում է): Գեղեցկության համար էլ պետք է շնորհակալություն հայտնեմ ծնողներիս (ծիծաղում է):

-Կատերինա Զոհնովան…


- Աղջիկ է, ով սիրում է կյանքի պարզությունը, բաց է մարդկանց առաջ եւ գիտի, թե ինչ է ցանկանում:

- Սպորտ եւ անձնական կյանք. ասում են, հնարավոր չէ միաժամանակ ապրել այս երկու իրականությունում եւ 100 տոկոսով երջանիկ լինել:

- Չեմ կարծում, որ դա հեշտ է: Ես միշտ պայքարել եմ հեռավորություն երեւույթի դեմ: Բայց այսպիսի կյանքում, երբ դու հաճախ ես ճանապարհորդում, խաղում այլ երկրներում, միշտ պետք է զոհաբերես ինչ-որ բաներ եւ պատրաստ լինել ընտրություն կատարելու:

- Հայկական սպորտի մասին ի՞նչ գիտես:

-Եթե անկեղծ լինեմ, ոչ այնքան շատ բան: Գիտեմ, որ Հայաստանը փորձում է զարգացնել սպորտային մշակույթը: Հայ մարզիկներից գիտեմ Հենրիխ Մխիթարյանին, ով խաղում է Դորտմունդի “Բորուսիայում”:



- Քո մասնակցությամբ ամսագրային ֆոտոսեսիաներն ինչ որ բան արտահայտելու միջո՞ց են, թե՞ պարզապես հաճելի երեւույթ:

- Պարզապես դա երբեմն հնարավորություն է` լավ տեսքով ներկայանալու, քանի որ ժամանակիս մեծ մասը մարզասրահում եմ անցկացնում: Դա փորձ է եւ, միեւնույն ժամանակ, հաճույք:

- Կատերինա, շնորհավորում ենք: Մեդիամաքս Սպորտ-ի կողմից դու ճանաչվել ես այս շաբաթվա գեղեցկուհի:

- Դա ինձ համար մեծ պատիվ է, շնորհակալ եմ: Ձեզ բոլորիդ հաջողություն եմ մաղթում ձեր նախաձեռնություններում: Ամենակարեւրը` եղեք երջանիկ:

Կատերինա Զոհնովայի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին