Ապրիլ 24, 2024
exclusive
25655 դիտում

Գեւորգ Ղազարյան. Նպատակին հասնելու համար պետք է ցանկություն ու մոտիվացիա ունենանք

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Գեւորգ Ղազարյանը Երեւանում է, որտեղ մարզվում է, նոր ակումբ փնտրում ու հետեւում Աշխարհի առաջնությանը:

Նա ժամանակ է գտնել նաեւ հարցազրույց տալ Mediamax Sport-ին: Առանցքային թեման հավաքականն է, Ազգերի Լիգայում ելույթն ու հայ ֆուտբոլիստների ավելի մեծ ցանկությամբ խաղալու ու բնավորություն ունենալու կարեւորությունը:

- Գեւորգ, մոտ 2 ամսից Հայաստանի հավաքականը մասնակցելու է Ազգերի Լիգային: Ինչպիսի՞ն են ուղեգիր նվաճելու մեր հնարավորությունները:

- Աշխարհի առաջնությունում բոլորս տեսնում ենք, որ հավաքականներն իրենց ցանկության ու կարգապահության հաշվին ինչպես են խաղում մեծ թիմերի դեմ: Մենք եւս այդպիսին պետք է լինենք, նպատակին հասնելու համար շատ մեծ ցանկություն ու մոտիվացիա ունենանք: Բայց դրանից բացի ուրիշ գործոններ էլ կան, կարեւոր է, որ բոլոր ֆուտբոլիստներն իրենց ակումբերում խաղաժամանակ ստանան: Ավելի լավ է մեր ֆուտբոլիստը Ղազախստանում խաղա, քան որեւէ առաջնակարգ առաջնությունում պահեստային մնա:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեզ միասնականություն է պետք, բառերով շատ բան կարող ենք ասել, բայց նպատակը կյանքի կոչելու համար ջանքեր են պետք: Էլի կարող է չստացվել, բայց պայքարել է պետք: Մենք տեսանք Պորտուգալիայի դեմ Իրանն ինչպես էր հիանալի գործում, ինձ համար դա հաղթանակից ավելին էր: Եթե Հայաստանի հավաքականն էլ այդպես խաղա ու հանկարծ չստացվի, բոլորը կհասկանան:

- Դու էլ այդ թիմի մի մասն ես, բայց, ցավոք, նման ցանկություն հավաքականի խաղացողների մոտ դեռ չենք տեսել:

- Ես համաձայն եմ: Այդ ամենը պետք է ֆուտբոլիստի մեջ լինի, բնավորություն է պետք ունենալ: Մարզիչն էլ կարող է մոտիվացնել, բայց ամեն ինչ սահման ունի: ԵՎՐՈ-2012-ի ընտրական փուլում մեզ մոտ էլ ստացվում էր մեծ եռանդով խաղալ ու հաղթանակի հասնել: Հույս ունեմ, որ հիմա էլ այդպես կգործենք:

- Վարդան Մինասյանի վերադարձին շատերն էին սպասում, արդյո՞ք մարզչից  իսկապես շատ բան է կախված:

- Այո, կախված է, բայց ամեն ինչ չէ, որ նրա ձեռքերում է, մարզիչը չէ, որ դուրս է գալիս խաղադաշտ: Ամեն մեկն իր առավելագույնը պետք է կարողանա անել, երեւի 2012-ի ընտրական փուլում բոլորն իրենց գործը լավ էին անում, հիմա այդպես չէ, նույնիսկ ինձ մոտ չի ստացվում: Ուզում եմ, երբ Ազգերի Լիգայի մեկնարկի օրերը մոտենան, ավելի պատասխանատու ու պատրաստ դառնանք:

- Բայց մեր մրցակիցները հաղթահարելի են չէ՞, ավելի ուժեղ թիմերի հետ էլ ենք խաղացել:

- Ցանկացած մրցակցի դեմ էլ շատ դժվար է լինելու, պետք է առավելագույնն անենք, միասնական լինենք ու մեծ ցանկությամբ գործենք: Եթե ուզում ենք ուղեգիր նվաճել, պետք է ծանր խաղերի պատրաստ լինենք, մեր ուժերի 50 կամ 80 տոկոսով չենք կարող հաջողության հասնել: Մենք էլ, երկրպագուներն էլ երազում ենք հայտնվել եզրափակիչ փուլում, նրանք արժանի են այդ ուրախությանը, երկար տարիներ միայն հիասթափություններ են ապրում:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Իսկ այդ հիասթափությունը ձեզ վրա ինչպե՞ս է անդրադառնում:

- Երբ որոշակի դադարից հետո նորից հրավիրվել էի հավաքական՝ Մոնտենեգրոյի հետ խաղից առաջ, սառնություն, անտարբերություն ու անհավատություն էի զգում ստադիոնում: Առաջին անգամ էր հետս նման բան կատարվում, բայց հաղթեցինք 3:2 հաշվով, ես էլ հաղթական գոլի հեղինակն էի: Բայց երկրպագուներին էլ չեմ մեղադրում, ամեն անգամ հաղթանակի սպասումով գալիս են, ու չի ստացվում:

- Հե՞շտ է Հայաստանի հավաքականի խաղացող լինել ու այդչափ քննադատություն լսել:

- Դա 2 կողմ ունի. երբ լավ ենք խաղում, շատ-շատ սիրում են, մեծարում, իսկ երբ չի ստացվում՝ խիստ քննադատություններ են հնչում, ծայրահեղությունից ծայրահեղություն է: Բայց միայն Հայաստանում չէ, որ այդպես է, Պորտուգալիայում էլ նույնն է: Կարող են վատ խոսքեր ասել, վիրավորել, երբեմն խաղից հետո նույնիսկ ամաչում ես գնալ զբոսնելու: Ֆուտբոլիստի կյանքն այդպիսին է, պետք է ամեն ինչի պատրաստ լինել:

- Խոսենք նաեւ Աշխարհի առաջնությունից, ինչո՞վ է առաջին հերթին առանձնանում:

- Անակնկալներով լի առաջնություն է, առաջինը Գերմանիայի ընտրանու դուրս մնալն էր, ապա Արգենտինան ծայրահեղ ծանր հաղթահարեց խմբային փուլն ու հետո չշարունակեց պայքարը: Բայց նման մրցաշարն ինձ ավելի է դուրս գալիս, երբ ակնհայտ ֆավորիտներ չկան, բոլորը դժվարությամբ են հաղթում, լարվածություն ու հետաքրքրություն կա: Որպես երկրպագու մեծ հաճույք եմ ստանում:

- Մինչ այս ո՞ր թիմերի խաղն է տպավորել քեզ:

- Լավ խաղ են ցույց տալիս Անգլիան ու Բելգիան, Բրազիլիան ու Ֆրանսիան նույնպես ուժեղ են, ինձ թվում է Ուրուգվայն էլ առաջ կգնա: Բավական լավ է գործում նաեւ Ռուսաստանը:

- Այսօր չկան ակնհայտ ֆավորիտներ, շատ հավաքականներ դա ցույց տվեցին ու հավասարի պես պայքարեցին: Ո՞րն է պատճառը:

- Կամային որակներն են առաջին պլան մղվել, եթե առանձին տաղանդներին նայենք, Բրազիլիան բոլորին կհաղթի, բայց անունները չէ, որ ֆուտբոլ են խաղում, առաջնայինը ցանկությունն ու նվիրվածությունն են:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Գեւորգ, փաստորեն վերջին մրցաշրջանդ անցկացրեցիր «Մարիտիմուի» կազմում: Ինչպիսի՞ն ստացվեց ելույթդ այդ թիմում:

- «Մարիտիմու» տեղափոխվելիս չէի մտածում, որ 3 տարի կմնամ ակումբում: Ցանկություն կար հաջորդ մրցաշրջանում ավելի ուժեղ ակումբ տեղափոխվել, թեեւ «Մարիտիմուն» էլ թույլ չէր: Երկրորդ մրցաշրջանը հատկապես լավ ստացվեց ինձ համար, գոլեր խփեցի ու շատ գոլային փոխանցումներ կատարեցի: Այնուհետեւ շատ առաջարկներ ունեի Ֆրանսիայից ու Պորտուգալիայի ավելի ուժեղ ակումբներից, պետք է տեղափոխվեի, բայց, ցավոք, հավաքականում վնասվածք ստացա, երբ մրցաշրջանի ավարտին 5 խաղ էր մնացել: Վերջին մրցաշրջանի մեծ մասն էլ  վնասվածքից էի վերականգնվում ու միայն մի քանի հանդիպման մասնակցեցի:

- Հիմա հանգստանում ես, բայց հավանաբար նաեւ նոր ակումբի փնտրտուքներով ես զբաղված: Որտե՞ղ քեզ կտեսնենք նոր մրցաշրջանում:

- Մի քանի առաջարկներ կան Հունաստանից ու Կիպրոսից, բայց դեռ չեմ ցանկանում տեղափոխվել, Պորտուգալիայից եմ հրավերի սպասում, եթե իմ ուզած առաջարկը ստանամ, կարիերաս այնտեղ կշարունակեմ: Մի քանի առաջնություններից էլ հետաքրքրված են, այդ թվում՝ Ռուսաստանից:

- Իսկ ինչպիսի՞ն է պորտուգալական ֆուտբոլն ու առաջնության մասին ի՞նչ կասես:

- Բավական լավ ու ուժեղ առաջնություն է, բոլոր ակումբները բիզնես ծրագրով են աշխատում՝ փորձում են հնարավորինս շատ ֆուտբոլիստներ վաճառել Եվրոպա ու  տեղական 3-4 առաջատար ակումբներին: Նախորդ տարի ամենաշատը խաղացողներ Պորտուգալիայից են տեղափոխվել գրանդ առաջնություններ: Այնտեղ ակադեմիաներին են մեծ ուշադրություն դարձնում, սելեկցիան լավ են կազմակերպում: 

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ո՞ր թիմերի դեմ հանդիպումներն են առանձնահատուկ եղել քեզ համար: 

- Բոլոր առաջատար թիմերի՝ «Բենֆիկայի», «Պորտուի», «Սպորտինգի», «Բրագայի», հետ խաղերը: «Բենֆիկայի» դեմ հանդիպումը կհիշեմ, 2:1 հաշվով հաղթանակ տարանք, ես էլ գոլի հեղինակ դարձա: Վերջին խաղում էլ «Սպորտինգին» գոլ խփեցի:

- Քո ակումբի երկրպագուներն ինչպիսի՞ն էին:

- Շատ շնորհակալ եմ Մադեյրայի ժողովրդին, որ ինձ լավ է ընդունել: Մարդկանց կողմից միշտ լավ աջակցություն եմ ունեցել, նույնիսկ վնասվածքի ժամանակ: Պորտուգալիայում «Մարիտիմուի» երկրպագուներն ամենալավն էին, ու ամեն հանդիպման ամենաքիչը 6000 հոգի լինում էր ստադիոնում:

- Իսկ ինչպիսի՞ն է Մադեյրան ու ի՞նչով է  առանձնահատուկ:

- Մադեյրան շատ գեղեցիկ կղզի է, այնտեղ երբեք ցուրտ չի լինում: Դրախտային վայր է, ապրածս ամենալավ տեղերից: Մարդիկ էլ բարի են, տարբերվում են  մայրաքաղաքի բնակիչներից: Այնտեղ բոլորը ծովային մթերք են սիրում, շատ համեղ ու թարմ է: Միայն Մադեյրայում է կարելի համտեսել տեղական համեղ օձաձուկ, որը շատ յոդ է պարունակում: Շատ լավ հիշողություններ են մնացել Մադեյրայից:

- Նախորդ տարի երկարատեւ դադարից հետո, որը համարյա 9 ամիս տեւեց, կրկին վերադարձար ֆուտբոլ: Ինչպիսի՞ն էր այդ շրջանը քեզ համար:

- Այն իմ կյանքում ամենաբարդերն էր, դժվար է նկարագրել, թե ինչերի միջով անցա: Միայն նման վնասվածք ունեցած ֆուտբոլիստները կիմանան, թե որքան դժվար էր վերականգնել: Օրինակ Օզբիլիսը, նա հաճախակի զանգում էր ու հետաքրքրվում՝ ինչպես եմ: Ինչպես նաեւ ընտանիքս, մասնավորապես կինս, որն անընդհատ կողքիս է եղել ու խնամել է ինձ: Առաջին ամիսներին նույնիսկ չէի կարողանում շարժվել, ամենահասարակ բաներն ինքնուրույն չէի անում: Ամեն րոպե ինձ խնամք էր պետք, նորմալ քայլել սկսել եմ 1 ամիս անց:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Որքանո՞վ էր դժվար ֆուտբոլից հեռու լինել ու կողքից հետեւել հավաքականի ու թիմիդ ելույթներին:

- Շատ դժվար էր, մանավանդ՝ վնասվածքը եղավ կարիերայիս համար կարեւոր փուլում, երբ պետք է նոր ակումբ տեղափոխվեի: Բայց կյանքում ամեն ինչ էլ պատահում է, պետք էր դա հաղթահարել ու առաջ շարժվել: Կարեւոր էր համբերատար լինել ու անել  ինձնից կախվածը, վնասվածքին շատ լուրջ վերաբերմունք էր պետք ցուցաբերել: Իմ վնասվածքից ֆուտբոլի պատմության մեջ, երեւի, հաշված դեպքեր են եղել, որ կապանն այդքան կտրվի: Բախտս բերեց, որ ֆուտբոլի ֆեդերացիան օգնեց  վիրահատության ու հետվիրահատական շրջանում: 2-3 անգամ մեկնել եմ Գերմանիա ու ստուգվել, կուրսեր անցնել, ինձ ամեն ինչով ապահովել են, եթե այդ աջակցությունը չլիներ, հարցականի տակ կդրվեր կարիերաս շարունակելու հարցը:

- Երբ Ղազախստանի հետ խաղում վնասվածքը ստացար, սպասո՞ւմ էիր, որ այն այդքան լուրջ կլինի: 

- Միանգամից հասկացա, որ ինչ-որ բան կտրվել է, փորձեցի վեր կենալ, բայց երբ ոտքս դրեցի գետնին, ծունկս ծալվեց: Մտածեցի՝ կկարողանա՞մ էլի խաղալ, թե չէ: Ծունկս ոչ մի բան չէր պահում:

Ապաքինվելուց 6,5 ամիս առաջ մեկնել էի Գերմանիա: Կարծում էի, որ արդեն կկարողանամ խաղալ, բայց թեստի արդյունքով բացառվում էր, պետք է եւս 2 ամիս սպասեի: Նոր ծրագրով սկսեցի վերականգնվել,  ավելի ուշ հասկացա ու շնորհակալ էի բժիշկներից,  որ թույլ չէին տվել խաղալ:

- Ապաքինվելուց հետո առաջին խաղդ Պորտուգալիայի առաջնությունում էր, այդ ժամանակ մտավախություն կամ վախ ունեի՞ր:

- «Մորեյրենսեի» հետ էինք խաղում, թեւ մարզվել էի ու պատրաստ էի, բայց դեռ վախ կար: Հանդիպման ընթացքում դեպքեր եղան, երբ գնդակով էի ու թիկունքում մրցակից էր հայտնվում, կորցնում էի այն, վախենում էի, որ ոտքիս հարված կստանամ: Հաջորդ խաղը գավաթային էր, ավելի լավ ստացվեց, պայքարի մեջ էի մտնում ի զարմանս ինձ, հետո ֆիզիոթերապեւտս էլ ասաց, որ ամեն ինչ ստացվել է: Կամաց-կամաց հունի մեջ ընկա:

- Ուկրաինա, Ղազախստան, Հունաստան, Պորտուգալիա: Հանդես ես եկել բոլոր այս առաջնություններում, ի՞նչ է նրանից յուրաքանչյուրը քեզ տվել:

- Առաջին արտասահմանյան ակումբս Դոնեցկի «Մետալուրգն» էր: Շատ լավ փորձ ձեռք բերեցի այնտեղ, Ուկրաինայի առաջնությունը շատ ուժեղ էր ու նորություն էր ինձ համար: Ամեն խաղի հոգնում էի, շատ հարվածներ ստանում: Ելույթս այնտեղ հաջողված էր, հասանք Գավաթի եզրափակիչ, բայց զիջեցինք «Շախտյորին»:

Ղազախստանում էլ վատ չստացվեց, առաջնությունում մոտ 3 խաղի եմ մասնակցել,  հանդիպումները 3 օրը մեկ էին, ու 6-7 հոգի հանգստանում էին:  Հասանք ՉԼ-ի 4-րդ փուլ, հետո ԵԼ-ին մասնակցեցինք:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դրանից հետո «Օլիպիակոսում» խաղացի, դա ինձ համար մեծ առաջընթաց էր: Եվրոպայում ապրելն ու խաղալն այլ էր, լեզվի խնդիր ունեի, բայց աստիճանաբար հարմարվեցի: Թիմի հետ ԱՄՆ-ում մրցաշարի մասնակցեցինք «Միլանի», «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» դեմ: Առաջնությունում 5-6 խաղի եմ մասնակցել, փոխարինման էի մտնում: Տրանսֆերային պատուհանի ժամանակ  իմ դիրքում 2 ֆուտբոլիստի ձեռք բերեցին, էլ խաղալու հնարավորություն չստացա ու մի քանի ամսից վարձավճարով տեղափոխվեցի «Կերկիրիա»:

Թիմի առաջադրանքը Բարձրագույն խմբում մնալն էր, սպասվածից լավ ստացվեց՝ 5-րդ տեղը գրավեցինք, դա շատ մեծ ձեռքբերում էր ակումբի պատմության մեջ: Բայց ես հոգեբանորեն ծանր վիճակում էի, «Օլիպիակոսից» «Կերկիրիա» տեղափոխությունը հետընթաց էի համարում:

- Որքա՞ն ժամանակով ես Հայաստանում ու այստեղ հիմնականում ինչպե՞ս ես սիրում անցկացնել հանգիստդ:

- Այդքան էլ չեմ հանգստանում, քանի որ մրցաշրջանի մեծ մասը բաց եմ թողել ու խաղալու կարոտ եմ: Հավաքականի խաղերից հետո 6-7 օր չեմ մարզվել ու սկսել եմ պարապմունքները:

- Ու վերջում՝ հավաքականի հետ կապված ի՞նչ նպատակ ունես:

- Իմ երազանքն է, որ մեր ընտրանին հայտնվի Եվրոպայի առաջնությունում, դրա համար պետք է թիմի մասին մտածել ոչ թե նրան միանալուց 5 օր առաջ, այլ մարզվելու ու խաղի ցանկացած օր: Առհասարակ երազանքի մասին միշտ պետք մտածել:

Գեւորգ Ղազարյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին