Ապրիլ 19, 2024
exclusive
30076 դիտում

Լեւոն Վահրադյան. Պատասխանատվությունից ու գործի ծանրությունից պետք չէ վախենալ

Լեւոն Վահրադյանը
Լեւոն Վահրադյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


ՀՀ-ի նոր կառավարության կազմում փոխվել է նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը: Այսուհետ ոլորտը ղեկավարելու է 34-ամյա Լեւոն Վահրադյանը:

Mediamax Sport-ը նորանշանակ նախարարի հետ հանդիպել է նրա աշխատասենյակում ու տվել իրեն հետաքրքրող հարցերը՝ փորձելով բացահայտել սպասվող սպորտային փոփոխություններն ու Վահրադյանի երաժշտական ու գրական նախասիրությունները:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Դեռ մեկ ամիս էլ չկա, որ նշանակվել եք սպորտի նախարար: Ի՞նչ եք հասցրել անել այս ընթացքում:

-Հիմա մենք կառավարության ծրագրի վրա ենք աշխատում: Սպորտային քաղաքականության առումով համապետական մասշտաբով նոր ճյուղեր ենք ուզում զարգացնել: Ցանկանում ենք, որոշակի օրենսդրական փոփոխություններ կատարել ու այն կառույցները, որոնք ենթարկվում են տեղական ինքնակառավարման մարմիններին, վերահսկվեն մեր նախարարության կողմից: Սպորտը տարիների քրտնաջան աշխատանք է, կարճաժամկետ ոչինչ չի լինում: Պետք է այս ընթացքում պարզապես լավ ու ճիշտ ծրագրեր մշակենք ու դրանք կյանքի կոչենք: Առաջնահերթ առաջադրանքը կառավարության գործունեության ծրագիրն է, եւ մենք աշխատում ենք այդ փաստաթղթի վրա: 

-Փոխնախարար Խաչիկ Ասրյանը հրաժարական է տվել, ո՞վ կլինի նրա փոխարեն: Այլ փոփոխություններ եւս նախատեսվո՞ւմ են:

-Նրա փոխարեն անպայման շուտով նոր փոխնախարար կլինի, որը կաշխատի մասսայական սպորտի հետ կապված ոլորտում: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կարեւոր ուղղություններից մեկը հենց մասսայական սպորտն է, բնականաբար, այդ պաշտոնը թափուր չպետք է մնա: Նրա անունը կհայտարարենք մոտ ժամանակներս: 

Ես այս շենքում երկար տարիներ եմ աշխատում, բոլորին ծանոթ եմ, գիտեմ անցած ճանապարհը: Նախարարության ու Օլիմպիական կոմիտեի կատարած աշխատանքը ճիշտ մոդելով է եղել, հետեւաբար արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:

-Հայաստանում վերջին շաբաթների ընթացքում զգալի փոփոխություններ կատարվեցին: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կանդրադառնան դրանք մեր երկրի վրա:

-Ես չէ, որ պետք է փաստեմ, թե դրանք դրական փոփոխություններ էին, թե բացասական: Սա համաժողովրդական փոփոխություն էր, եւ չեմ կարծում, որ մի ամբողջ ժողովուրդ կարող էր սխալվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Սպորտի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ դուք երկար ժամանակ աշխատել եք: Հանդիպե՞լ եք նրա հետ կամ խորհուրդ ստացել:

-Բնականաբար, խորհուրդներ եղել են ու կլինեն, քանի որ պարոն Ռոստոմյանը նաեւ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարն է: Պետք է նշեմ, որ այս ոլորտ եմ եկել հենց նրա օրոք, Ռոստոմյանի խորհուրդները եւ լսում եմ, եւ փորձում դրանք կիրառել աշխատանքում:

-Որպես նախարար Ձեր աշխատանքին ուշիուշով հետեւելու են: Դժվար չէ՞ նման պատասխանատվություն ստանձնելը:

-Պատասխանատվությունից, գործի ծանրությունից ու մասշտաբայնությունից պետք չէ վախենալ, պետք է ընդամենը փորձել աշխատել առավոտից մինչեւ ուշ գիշեր: Այն պահից, երբ ստանձնել եմ այս պաշտոնը, իմ աշխատանքը սկսվում է 8:30, բայց ավարտվում է չգիտեմ էլ երբ: Բայց միանշանակ հաճույքով եմ այն կատարում, դա իմ դեմքից էլ կտեսնեք (ծիծաղում է):

-Այդ դեպքում ինչպե՞ս եք ժամանակ գտնում ընտանիքի համար ու արդյո՞ք չեն դժգոհում Ձեր բացակայությունից:

-Ընտանիքում «խոցելի» տեղս աղջիկս է, շատ է ինձ ժամանակի առումով խեղճացնում, քանի որ սկսել եմ քիչ տեսնել: Երբ աշխատանքի եմ գնում, նա դեռ քնած է լինում, երեկոյան էլ կրկին արթուն չի լինում: Աղջիկս հունիսին դառնում է 8 տարեկան, 2-րդ դասարանն ավարտել է գերազանցությամբ, հուսով եմ այդպես էլ կշարունակի լավ սովորել: Հիմա պարի է գնում, իր ցանկությամբ նախատեսել ենք, որ նաեւ լողի մարզումների կհաճախի:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ընտանիքն ի՞նչ դեր ունի Ձեր կյանքում եւ ինչպե՞ս է օգնում:

-Ընտանիքը մեծ դեր ունի ու անմիջականորեն է ազդում բոլորիս վրա: Եթե, Աստված չանի, տանը խնդիր ունենաս, այն հետք կթողնի ամեն ինչի վրա, այդ թվում եւ աշխատանքի: Իմ ընտանիքն ինձ շատ է օգնում, ինչի համար շատ ուրախ եմ:

-Եկեք մի քիչ նաեւ Ձեր մասին խոսենք: Դուք ծնվել եք Արթիկում, այնտեղ էլ սկսել եք կատարել ձեր առաջին սպորտային քայլերը: Կպատմե՞ք ինչպես եք սիրել սպորտն ու տարվել դրանով:

-Այո, ծնվել եմ Արթիկում ու շատ եմ սիրում մեր քաղաքը: Իսկ սերը սպորտի նկատմամբ դպրոցում է առաջացել, երբ մարզիչս եկել էր մեր դասարան ու բարձրահասակ տղաներին ընտրել բասկետբոլի խմբակի համար: Այդպես էլ սկսել եմ զբաղվել սպորտով, առաջին սերս հենց բասկետբոլն է եղել: Նաեւ երաժշտական դպրոց եմ գնացել ու ավարտել դաշնամուրային բաժինը: Բայց առաջին տեղում միշտ բասկետբոլն է եղել:

-Իսկ ի՞նչ ստեղծագործություններ եք սիրում նվագել ու հաճա՞խ է առիթ լինում նստել դաշնամուրի դիմաց:

-Բախի սոնատներն ու էտյուդներն եմ սիրում, ընդհանրապես, Բախի մտքի թռիչքն ու երեւակայությունը միշտ հիացրել են ինձ: Իսկ վերջին անգամ ընկերներիցս մեկի տանը հավաքույթի ժամանակ եմ նվագել: Երաժշտությունը շատ է օգնում աշխատանքում, որքան մտահորիզոնը լայն է լինում, այնքան մեծ ազդեցություն է թողնում կառավարչական հմտությունների վրա:

-Ձեր սեղանին շատ գրքեր կան, հատկապես ծանրամարտի մասին: Սիրո՞ւմ եք կարդալ:

-Այդ գրքերը նվեր եմ ստացել: Չնայած գերակշռում են ծանրամարտի մասին, բայց բոլոր մարզաձեւերն էլ սիրում եմ ու ոչ մի տարբերություն չեմ դնում: Իսկ ընդհանրապես հայ դասականների ստեղծագործություններն եմ կարդում: Կառանձնացնեմ Պարույր Սեւակին, որի մի ստեղծագործությունը կարող եմ ժամանակ առ ժամանակ նորից կարդալ ու ամեն անգամ նոր բան բացահայտել:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Հանդես եք եկել Հայաստանի բասկետբոլի  հավաքականում, ի՞նչ հիշողություններ ունեք այդ տարիներից:

-Հիշողությունները շատ են, բայց ամենավառն այն է, որ 2003-ին սպորտի վարպետի կոչում ստացա ու 2008 թվականին Համահայկական խաղերի չեմպիոն դարձա:

-Նաեւ Երեւանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում դասախոս եք աշխատել: Կպատմե՞ք այդ փորձի մասին:

-Բնականաբար, բասկետբոլ առարկան էի դասավանդում: Երբ 2006-ին բանակից վերադարձա, ինձ հրավիրեցին դասավանդել ինստիտուտում: Ես մեծացել էի այդ ինստիտուտի պատերի ներքո, այն շատ հարազատ էր ինձ, բայց խնդրեցի ժամանակ տալ: Հանգստանալուց հետո անցա աշխատանքի: Սկզբում հեշտ չէր, բայց աստիճանաբար հունի մեջ ընկա: Դասախոս լինելը նույնպես ինձ օգնեց հետագայում կառավարչական ու կազմակերպչական աշխատանքում ինձ ավելի վստահ զգալ:

- Պարոն Վահրադյան, Դուք նաեւ պատանիների հավաքականի մարզիչն եք եղել: Հե՞շտ էր երեխաների հետ ու ի՞նչ եք սովորել այդ աշխատանքից:

- Թիմի ավագ մարզիչն եմ եղել, այն ինձ օգնել է կարողանալ պատասխանատվություն կրել, աշխատանքի ծավալի, փորձի առումով շատ բան է տվել: Իսկ ամենահրաշք բանն այդ պատանիների հետ աշխատելն է, նրանց սովորեցնելն ու իրենցից սովորելը:

-Կրկին վերադառնանք սպորտին: Որո՞նք են այն առաջնահերթ փոփոխությունները, որոնք պետք է կատարել:

-Ամեն ինչ պետք է անենք մանկապատանեկան սպորտի զարգացման ու մասսայականությունը մեծացնելու համար: Լուրջ աշխատանքներ տարվել են, պետք է շարունակենք այդ ամենը: Հսկայական է նաեւ պրոֆեսիոնալ սպորտի զարգացումն ու նվաճումը, ունենք Աշխարհի չեմպիոններ, 20 տարի դադարից հետո եղավ նաեւ Օլիմպիական չեմպիոն: Այդ օրն աննկարագրելի էր, ուշ գիշեր էր, բայց Հայաստանում բոլորն արթուն էին: Արթուր Ալեքսանյանի հաղթանակից հետո մեր շենքը կարծես պայթեց: Սա մի օրվա աշխատանք չէ, հետեւաբար, դրա շարունակականությունը պետք է ապահովենք:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Երկար տարիներ մասսայական սպորտի ու ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության փորձագետ եք եղել: Մասսայական սպորտում որո՞նք եք համարում ամենամեծ ձեռքբերումներն ու ի՞նչ անելիքներ կան դեռ:

-Մասսայական սպորտի ամենամեծ հաջողություն  այն էր, որ մեզ մոտ ստացվեց ներառել սպորտի մեջ բոլոր տարիքային խմբերն ու սոցիալական շերտերը՝ նախադպրոցական տարիքից մինչեւ 63 տարեկանը: Վերջին ծրագիրը նախորդ տարի ենք արել, այն նախատեսված էր +63 տարեկանի համար, պետք էր տեսնել մարդկանց ոգեւորությունն ու երջանկությունը:

-Մարզերում սպորտը զարգացնելու ու ավելի շատ մարդկանց ներգրավվածությունն ապահովելու համար ի՞նչ քայլեր եք մտադիր կատարել:

-Մեր բոլոր ծրագրերը համապետական են, ներառում են նաեւ մարզերը, նշեմ, որ  միջոցառումների բոլորի եզրափակիչները մարզերում ենք անում: Գերակա խնդիրներից մեկը սպորտային տուրիզմը զարգացնելն է: Այն կայացման ճանապարհին է, շատ բան ունենք անելու, արդեն ծրագրերի տեսքով կփորձենք ներկայացնել, տեսնենք ինչ կարող ենք անել: Այնպես կանենք, որ հնարավորինս մեծ թվով զբոսաշրջիկներ այցելեն մեր երկիր: Արդեն ուսումնասիրել եմ թեման, հանդիպել համապատասխան մարդկանց հետ, լավ ծրագրեր կան, կփորձենք այդ ոլորտը զարգացնել:

-Հունիսի 6-ին Երեւանում ԱՊՀ երկրների սպորտի ղեկավարների հետ եք հանդիպելու: Ի՞նչ հարցեր եք հիմնականում քննարկվելու:

-Ֆիզկուլտուրային ու սպորտին վերաբերվող բոլոր հարցերը փորձելու ենք քննարկել, կլինի նաեւ փորձի փոխանակում: ԱՊՀ-ի ոչ բոլոր երկրներից են գալու Երեւան, բայց բավական ընդգրկուն ու լայնածավալ աշխատանք է սպասվում մեզ:

-Որպես սպորտի նախարար ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին:

- Քիչ-քիչ մեր քաղաքացիների մոտեցումը սպորտի նկատմամբ փոխվում է, հասկանում են, որ սպորտով զբաղվելն անհրաժեշտություն է: Պետք է մարզվել, առողջ լինել: Եթե մարմինդ թույլ է, էներգիադ արագ սպառվում է: Պարտադիր չէ պրոֆեսիոնալ մարզիկ դառնալ, իսկ այ առողջ երիտասարդ լինելու համար պետք է աշխատել: Ինչպես ասացի, առավոտ վաղ սկսվում է իմ օրն ու ավարտվում ուշ երեկոյան, սակայն մարզված լինելու շնորհիվ ես կարողանում եմ դիմանալ այդ ծանրաբեռնվածությանը:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին