exclusive
19934 դիտում

Ռաֆայել Խաչատրյան. Սպորտը մարդկանց երջանկացնում է

Ռաֆայել Խաչատրյանը
Ռաֆայել Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ժամանակակից մարդուն անհնար է պատկերացնել առանց սպորտի: Այն կյանքի բաղկացուցիչ մասն է կազմում՝ դրանով զբաղվում են, հետեւում հեռուստացույցով ու ինտերնետով, քննարկում Չեմպիոնների Լիգայի վերջին զարգացումներն ու Հայաստանի հավաքականում նշանակումները:

Իսկ թե ինչպիսին է մարդկանց սպորտային ակտիվությունն ու ինչու է պետք մշտապես զբաղվել սպորտով, կօգնի պարզել մարզիչ Ռաֆայել Խաչատրյանը:

Mediamax Sport-ի հետ զրույցում նա պատմել է մարզումների ժամանակ սելֆի անողների թվի նվազման, առողջ ապրելակերպի նկատմամբ վերաբերմունքի ու ամեն օր թեկուզ մի քիչ մարզվելու անհրաժեշտության մասին:

-Ինչպիսի՞ն է Հայաստանում վերաբերմունքն առողջ ապրելակերպի ու սպորտի նկատմամբ:

-Մոտ 5 տարի է արդեն Հայաստանում վերաբերմունքն առողջ ապրելակերպի նկատմամբ զգալիորեն փոխվել է: Չնայած ակումբներն ու մարզասրահները վաղուց կային, սակայն մարդկանց ենթագիտակցության մեջ առողջ ապրելակերպ վարելու սովորությունը միանգամից չի հաստատվել: Առավել ակտիվ է միջին տարիքային խումբը, հավասարաչափ մարզվում են եւ կանայք, եւ տղամարդիկ: 

Ռաֆայել Խաչատրյանը Ռաֆայել Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Մարզվելը նաեւ չափազանց նորաձեւ է դարձել, մարդիկ անպայման փորձում են լուսանկար հրապարակել մարադահլիճից: Իրականում այդպե՞ս է, թե՞ առաջին տեղում ամեն դեպքում սպորտով զբաղվելն է:

-Նման միտում կար, հիմա ավելի է քչացել: Նախկինում սելֆի անելն ու հրապարակելը, որ սպորտով են զբաղվում, պարտադիր նախապայման էր: Մարդկանց որոշակի տոկոս կար, որ անգամ մարզասարքին նստած սոցիալական ցանցերում էր: Դա ինքնախաբեություն է, քանի որ նման կերպ արդյունքի հասնել հնարավոր չէ: Հիմա միտումը զգալիորեն փոխվել է, կոնկրետ մարզվողներն են գալիս դահլիճ, նրանք գիտակցորեն են մոտենում պարապմունքներին, այլ ոչ թե ժամանակ անցկացնելը կամ լուսանկարվելն առաջնային համարում:

-Որքա՞ն ժամանակ է պետք անցկացնել դահլիճում արդյունքի հասնելու համար:

-Սիրողական մարզումների համար 1-1,5 ժամն էլ բավական է, միայն պրոֆեսիոնալ մարզիկների դեպքում այն կարող է ավելի երկար տեւել: Եթե դրանից ավել է լինում, ուրեմն պարապմունքի խտությունը մեծ չի եղել կամ էլ հանգստին ավելի շատ ժամանակ է տրամադրվել: 

-Ինչպե՞ս առաջացավ սպորտով զբաղվելու այս մոլուցքը, եկավ արեւմուտքի՞ց, թե՞ մենք ինքներս գիտակցեցինք, որ ուզում ենք առողջ լինել:

-Մարդկանց տեղեկատվությունն ավելի շատ դարձավ, ինչի արդյունքում հասկացան, որ եթե մինչեւ 30 տարեկանն անընդհատ աշխատում են, դրանից հետո աշխատածը վատնելու են իրենց առողջության վրա: Գիտակցեցին, որ պետք է աշխատեն իրենց վրա, մարզվեն ու ակտիվ լինեն: Այդ ամենին առաջին հերթին տեղեկացված լինելը բերեց:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Քիչ թիվ չեն կազմում մարզադահլիճ չհաճախող, բայց ինքնուրույն մարզվող մարդիկ: Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց ավելի ճիշտ մարզվելու ու արդյունքի հասնելու համար:

-Ավելի շատ եկեք այդ 10 րոպեանոց մարզումները ֆիզկուլտուրա անվանենք, որով կարելի է զբաղվել ոչ միայն առավոտյան, այլ օրվա ցանկացած ժամին, նույնիսկ աշխատավայրում: Մարդիկ հիմա ավելի սակավաշարժ են դարձել, օրվա մեծ մասը նստած են անցկացնում, ինչի հետեւանքով մեջքի մկանները թույլ են, ողնաշարի հետ կապված տարատեսակ խնդիրներ են առաջանում, իսկ  եթե կարողանան օրվա մեջ 5-10 րոպե վարժություններ անել, շատ լավ կլինի:

-Իսկ ի՞նչ անել, եթե ձեռքի տակ հարմար գործիքներ չկան, բայց մարզվելու ցանկությունը մեծ է:

-Ուղիղ կանգնել, կրունկները, նստատեղն ու թիակները կպցնել պատին ու ձեռքերը վերեւ պարզել: Այդ վարժությունը մեջքի մկաններն անշարժ ու լարված վիճակում է պահում: 2 րոպե այդ դիրքում կանգնելն էլ բավական կլինի: Ինչպես նաեւ կարելի է գլխի շրջանաձեւ պտույտներ կատարել դեպի աջ ու ձախ: Համակարգիչների առաջ լարված աշխատանքը բերում է պարանոցային հատվածի մկանների լարվածության, ինչի արդյունքում արյան շրջանառությունը վատանում է, սնուցումը գլխուղեղ լավ չի հասնում, ու հոգնածությունն ավելի շուտ է վրա հասնում: Իսկ գլխի կամ ուսերի պտույտները կօգնեն այդ  հոգնածությունը թոթափել:

-Որքանո՞վ է կարեւոր ճիշտ սննդակարգ պահելն ու դրան հետեւելը:

-Բոլորն ուզում են առողջ սնվել, բայց քչերը գիտեն դրա իրական նշանակությունը: Ինչքան համեղ բան կա, ուտում են՝ համոզված լինելով, որ դա առողջ սնունդ է: Մարդիկ պետք է իմանան իրենց օրգանիզմի ուժեղ ու թույլ կողմերը: Պարտադիր է  իմանալ օրվա ընթացքում ինչքան ածխաջրեր ու սպիտակուցներ կարող  են օգտագործել: Այդ գրագետ մոտեցումն է, որ կբերի ճիշտ սննդակարգին:

Կյանքը գեղեցիկ է համային գույներով, ես մարզվողներին խորհուրդ եմ տալիս  սնվել, որ աչքը չմնա ուտելիքի վրա, բայց եւ մարզումներով այն հանել օրգանիզմից,  որովհետեւ ճարպերի ու ածխաջրերի կուտակումները տարիներ անց արտացոլվում են մեծ որովայնով, որից հետագայում ձերբազատվելն ավելի դժվար կլինի: Դրա համար ուշ ժամերի չսնվել ու շաբաթական գոնե 3 անգամ մարզվել:
Ռաֆայել Խաչատրյանը Ռաֆայել Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Իսկ հնարավո՞ր է օգնելու փոխարեն սպորտը վնաս հասցնի առողջությանը: 

- Մարզումներն առողջությանը ոչ մի վատ բան էլ չեն կարող հասցնել, եթե խոսքն, իհարկե, պրոֆեսիոնալ սպորտի մասին չէ, երբ հնարավոր չէ խուսափել մեծ ծանրաբեռնվածությունից ու վնասվածքներից: Մանավանդ, երբ դու ինքդ ես մարզչիդ հետ որոշում  մարզումային պլանն ու գիտես ինչ արդյունքի ես ցանկանում հասնել: Կարեւոր է, որ մարզիչը նաեւ մանկավարժ լինի, հոգեբան, ընկեր ու կարողանա հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ: Մենք ունենք կոնկրետ գրված պլան, բայց շատ հաճախ մարդիկ կարող են նաեւ վատ տրամադրությամբ կամ էլ նորմալ չքնած գալ դահլիճ, նման դեպքերում կարեւոր է ճիշտ կողմնորոշվելն ու մարզմանը ճիշտ ուղորդում տալը: Մեր առաջնային խնդիրն է, որ մարդիկ դահլիճից բավարարված ու հաճույք ստացած գնան: 

-Արդյո՞ք մեզ մոտ մարզվելու գները մատչելի են շատերի համար:

- Երեւանում արդեն այնքան շատ են մարզադահլիճները, որ տարբեր խավի ներկայացուցիչներն էլ կարող են իրենց թույլ տալ մարզվել: Գնային սահմանները տարբեր են, ավելի ճոխ մարզասարքերի վրա մարզվելու համար, բնականաբար, ավելի շատ է պետք վճարել: 

-Միաժամանակ որքա՞ն մարդու հետ կարող է աշխատել մարզիչը:

-Մեկ ամսվա ընթացքում ինձ մոտ 20-25 մարզվող է լինում, յուրաքանչյուրին անհատական մոտեցում է ցուցաբերվում, տրամադրվում 1-1,5 ժամ: Նույն ժամանակահատվածում մի քանի հոգու հետ չեմ աշխատում, նույնն էլ մյուս մարզիչներին եմ հորդորում, քանի որ էֆեկտիվությունն ընկնում է: Այլապես տարիներով արդյունքը կարող է չերեւալ:

-Ինչպե՞ս եք իրականացնում այդ անհատական աշխատանքն ու մոտեցումը:

-Յուրաքանչյուրի հետ զրուցում ենք ու ճշտում առողջական վիճակը, իմանում մարզվելու նպատակը, դա հասկանալուց հետո միայն կազմվում է առանձին մարզումային ծրագիր: Երբեմն աղջիկներ են գալիս, որոնք ցանկանում են նիհարել, բայց դրա կարիքը բնավ էլ չունեն, նման դեպքերում մենք պետք է կարողանանք նրանց ճիշտ ուղորդել: Հաշվի ենք առնում նաեւ նրանց տարիքը, կոտրվածքները, 4-5 մարզումից հետո երեւում են բնավորությունն ու կամային որակները:
Ռաֆայել Խաչատրյանը Ռաֆայել Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Մի քիչ նաեւ Ձեր մասին պատմեք, որքա՞ն ժամանակ է արդեն, որ մարզիչ եք աշխատում:

-Իմ ամբողջ գիտակից կյանքը սպորտին եմ նվիրել, 20 տարի պրոֆեսիոնալ բռնցքամարտով եմ զբաղվել, 27 տարեկանում եմ ավարտել կարիերաս: Հանդես եմ եկել Հայաստանի բռնցքամարտի տարբեր տարիքային հավաքականներում: Ավարտել եմ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, որտեղ հետագայում դասախոս եմ աշխատել բռնցքամարտի մեթոդիկայի եւ տեսության ամբիոնում: Միաժամանակ մարզիչ եմ եղել Ենգիբարյանի անվան մարզադպրոցում, աշխատել եմ փոքր տարիքի մոտ 40 երեխաների հետ: 2014-ից սկսել եմ անհատական մարզիչ աշխատել, հիմա գործունեությունս ֆիթնեսի ոլորտում է: Ինչպես նաեւ բռնցքամարտի սիրողական մարզումներ եմ անցկացնում ու ինքնապաշտպանություն սովորեցնում, մարզվողների մեծ մասն աղջիկներ են:

-Մարզիչ դառնալու համար առաջին հերթին ի՞նչ որակներ են պետք:

-Մարզիչ դառնալը շատ բարդ է: Դրա համար մի շարք գիտություններ է պետք ուսումնասիրել՝ հոգեբանություն, մանկավարժություն, անատոմիա, ֆիզիոլոգիա, սպորտ: Բայց կայանալ որպես մարզիչ առաջին հերթին օգնում է աշխատանքը:  Մարզիչները նաեւ պետք է սպորտային ուղի անցած լինեն: Ամեն մեկը չէ, որ կարող է իրեն լավ մասնագետ համարել:

Սպորտային փորձս շատ է օգնել աշխատանքի ընթացքում, պատրաստ եմ եղել տարատեսակ անակնկալների. երբեմն մարզվողները ցայտնոտի մեջ են ընկնում, խառնվում միայն սրտի զարկերի արագ աշխատանքի արդյունքում ու մարզչի փորձն ու արագ կողմնորոշվելն են, որ օգնում են նմանատիպ իրավիճակներում ամեն ինչ ճիշտ բացատրել: 
Ռաֆայել Խաչատրյանը Ռաֆայել Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Իսկ ինչպիսի՞ մարզիչ եք Դուք ու հե՞շտ է Ձեզ մոտ մարզվել:

-Ինձ մարզվողները տարբեր անվանումներ են տալիս, շատ խստապահանջ եմ ու նրանք դա գիտեն: Արդեն գիտեն, որ չեն կարող համոզել ու որեւէ վարժություն չանել: Նրանից մեկն ինձ մուչիտել (տանջող) է անվանում, առաջին անգամ երբ լսեցի, կարծեցի ուչիտել (ուսուցիչ) է անվանում (ծիծաղում է): Ինձ մոտ պետք է առավելագույնն անեն, միայն նման մարզումներն են բերում արդյունքի:

-Իսկ ի՞նչ են մեզ տալիս մարզումները վատնված ժամանակի ու հոգնելու փոխարեն:

-Երջանկություն, երբ մարդը մարզվում է, երջանկության հորմոնն ակտիվանում է, մարզման վերջում ավելի առույգ են դառնում ու ավելի լավ զգում: Մարդիկ շատ հաճախ տրամադրության անկումով են գալիս դահլիճ ու հեռանում մեծ էներգիայով: Թոթափում են օրվա հոգսերն ու ծանրաբեռնվածությունը՝ ամեն ինչ թողնելով դահլիճում:  Սպորտն առաջին հերթին բավարարվածություն, ներդաշնակություն է տալիս, հանում ագրեսիան ու հոգնածությունը:

-Ի՞նչ կասեք մեր ընթերցողներին, որ ավելի շատ հետեւեն ու ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը:

-Մարզվելու շնորհիվ ծերացման պրոցեսը ավելի ուշ կլինի, մկանները տոնուսի մեջ կմնան: Բոլորն էլ ցանկանում են գեղեցիկ ու երիտասարդ երեւալ, թող դա մոտիվացիա լինի, որ գնան մարզվելու: Կարող են առավոտյան լիցքային վարժություններ կատարել կամ վազել, զբոսայգում արագ քայլելն էլ շատ հաճախ արդյունավետ է լինում, ինչպես թեթեւ վազքն ու մի քանի վարժությունները, որոնք կարող են 30 րոպե տեւել, բայց ամբողջ օրվա ընթացքում էներգիա տալ ու օգնել աշխատունակ լինել: Կարեւոր չէ որտեղ մարզվել՝ տանը, զբոսայգում, թե ակումբում, կարեւորն առողջ ապրելակերպին որոշակի ժամանակ հատկացնելն է:

Ռաֆայել Խաչատրյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին