exclusive
99088 դիտում

Արա Պողոսյան. Ակումբային այսպիսի մրցաշար Հայաստանում դեռ չի եղել

Արա Պողոսյանը
Արա Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարտի 11-14-ը Երեւանում կայանալու է բասկետբոլի միջազգային ընկերական մրցաշար, որին մասնակցելու են չորս թիմեր Հայաստանից, Իրանից, Վրաստանից եւ Ռուսաստանից:

Մրցաշարի ու հայկական բասկետբոլային ակտիվ կյանքի մասին Mediamax Sport-ը զրուցել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանի հետ:

-Հայաստանում վերջին շրջանում շատ է ակտիվացել բասկետբոլային կյանքը: Առաջնության հանդիպումները, հավաքականի ելույթները, հիմա էլ կազմակերպում եք միջազգային մրցաշար: Կպատմե՞ք, թե ինչ թիմեր են մասնակցելու:

-Մրցաշարը ընկերական բնույթ է կրելու ու նվիրված է լինելու Էրեբունի-Երեւանի 2800-ամյակին: Մրցաշարը դառնալու է ավանդական: Այս տարի հանդես են գալու «Ուրարտուն», Թբիլիսիի «Հունդային», Թեհրանի «Արարատը» եւ Մոսկվայի «Գազպրոմը»: Թիմերը ուժեղ բասկետբոլիստներով են համալրված, ժամանում են մարտի 10-ին, իսկ հանդիպումները կընթանան մարտի 11-14-ը «Միկա» մարզադահլիճում: Մրցակարգը շրջանաձեւ է լինելու, բոլոր թիմերը բոլորի դեմ խաղալու են:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ինչո՞ւ որոշվեց մրցաշարը կազմակերպել այս ժամանակահատվածում:

-Նախաձեռնությունն «Ուրարտու» ակումբինն էր, որովհետեւ այն այս ընթացքում բաց է թողել Ա լիգայի 1/4 եզրափակչի խաղերը: Թիմի ղեկավարությունը ցանկացավ նման մի մրցաշար կազմակերպել: Սա հնարավորություն կտա «Ուրարտուին» հասկանալ, թե ինչ մակարդակով կարող է ելույթ ունենալ միջազգային խաղերում, պրակտիկա ձեռք կբերի: Իսկ երկրպագուներն էլ կկարողանան միջազգային խաղերի ականատես լինել:

-Ինչպիսի՞ պայքար եք ակնկալում:

-Մրցաշարն ընկերական է, սակայն բոլոր մասնակիցներն էլ կցանկանան հնարավորինս լավ հանդես գալ ու հաղթանակներ տանել: Մենք հայտեր ուղարկեցինք այն թիմերին, որոնք կարող էին հագեցած գրաֆիկում ժամանակ գտնել ու ժամանել Երեւան: Լուրջ մրցակցություն է ծավալվելու, բարձրակարգ խաղերի ականատես կլինենք: Ակումբային մակարդակով այսպիսի ուժեղ մրցաշար Հայաստանում դեռ չի եղել:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Պարոն Պողոսյան, հայկական բասկետբոլին այսպիսի մրցաշարերն ի՞նչ են տալիս:

-Յուրաքանչյուր խաղ, լինի միջազգային, թե ոչ, նոր իմպուլս է տալիս բասկետբոլի զարգացմանը: Մենք ծրագրեր ունենք տարբեր տարիքային հավաքականների Եվրոպայի առաջնություններ կազմակերպելու հետ կապված, իսկ այս մրցաշարում կփորձարկենք մեր ուժերը: Սա փորձ է եւ կազմակերպիչների, եւ խաղացողների, եւ մարզիչների համար: Բացի այդ էլ մարդկանց մեջ բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունն աճում է, մենք չենք ցանկանում թուլացնել աշխատանքները, ընդհակառակը՝ ավելի մեծ ուժերով ենք առաջ շարժվում:

-Բացի այս մրցաշարից, ուրիշ ի՞նչ ծրագրեր ունեք:

-Սրանից հետո տեղի կունենան Ա լիգայի կիսաեզրափակիչները, ապա եզրափակիչը: Ապրիլին Դիլիջանում կազմակերպելու ենք Աստղերի խաղ, որին կմասնակցեն առաջնության բասկետբոլիստները: Ձեւաչափը դեռ չենք որոշել. կամ Երեւանի թիմերի խաղացողները կխաղան մարզերի թիմերի բասկետբոլիստների դեմ, կամ էլ արտասահմանցիները՝ հայազգիների: Հունիսին ու հուլիսի երիտասարդական թիմերը կմասնակցեն ԵԱ-ի խաղերին, ազգային հավաքականն էլ կմրցի Դանիայի դեմ: Հուլիսին ՖԻՄԱ-ն կմասնակցի Եվրոպայի Ուսանողական առաջնությանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ի՞նչ փոփոխություններ են եղել այս ընթացքում հայկական բասկետբոլային կյանքում:

-Այս տարիների ընթացքում մենք շատ բաների հասանք: Գլխավորը, որ մարզասերը ճանաչեց մեզ, ու խաղերի ժամանակ դահլիճը լեփ-լեցուն է լինում: Կառավարության որոշումով «Միկա» համալիրի բասկետբոլի հատվածը տրվելու է սպորտի եւ երիտասարդության նախարարությանը, մենք լիարժեք կօգտվենք դահլիճից: Անցկացնում ենք 14 ու 16 տարեկանների առաջնություններ: Եթե մի քանի տարի այս տեմպով աշխատենք, ապա ազգային հավաքականը կներկայացնեն Հայաստանի բասկետբոլի «արտադրանք» հանդիսացողները: Եթե ընտրանու 70-80 տոկոսը կազմված լինի տեղի բասկետբոլիստներից, սա մեծագույն ձեռքբերում կլինի:

- Մի փոքր էլ խոսենք Ա լիգայից: Այստեղ լավ են մասնակցում նաեւ մարզերի թիմերը: Որքանո՞վ եք կարեւորում մարզերում բասկետբոլի զարգացումը:

-Անչափ կարեւոր է բասկետբոլի տարածումը ողջ հանրապետությունում: Մարզերում հետաքրքրությունն ավելի մեծ է: Այսօր «Արցախն» ու «Արթիկը» պայքարում են չեմպիոնության համար, ուժեղ խաղացողներով են համալրվել: Այնտեղ խաղերը լեփ-լեցուն դահլիճներում են անցնում, համոզված եմ, եթե ավելի շատ նստատեղեր լինեն, մարդկանց հոսքն էլ ավելի մեծ կլինի: Ստեփանակերտում երեւի մեկ ու կես տարի հետո նոր դահլիճ կլինի, Արթիկն էլ մտադրություն ունի դահլիճ ունենալու: Վանաձորում լավ դահլիճ կա, շատ եմ ուզում, որ այնտեղ եւս թիմ լինի: Կապանը, միգուցե, կմասնակցի Ա լիգայի խաղերին, Դիլիջանում կա հետաքրքրություն:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Նշվում է, որ մյուս մրցաշրջանից մասնակից թիմերի թիվն ավելանալու է:

-Մենք բազմաթիվ հայտեր ենք ստացել: Բայց պետք է լուրջ մոտենալ, որովհետեւ չենք ցանկանում, որ թիմերը կրեն ժամանակավոր բնույթ: Այնքան շատ են հայտերը, որ առաջարկ է եղել երկրորդ լիգա բացել, որպեսզի ավելի թույլ կազմ ունեցողներն այնտեղ ելույթ ունենան: Անչափ կարեւոր է նաեւ ֆինանսական հարցը: Ա լիգայի անցկացման ծախսերի հիմնական մասը ֆեդերացիայի վրա է՝ հագուստ, ճանապարհածախս, մրցավարներ: Մենք գտնում ենք, որ ակումբներն էլ պետք է ֆինանսական հարցեր լուծեն: Դեռ վերջնական ոչինչ պարզ չէ, ամեն ինչ պետք է քննարկել: Շատ եմ ուզում, որ նորեկ թիմերը լինեն մարզերում, կմեծանա  աշխարհագրությունը: Ամեն դեպքում համոզված եմ, որ ճիշտ ուղղությամբ ենք առաջ շարժվում ու տարածում բասկետբոլ մարզաձեւը:

Արա Պողոսյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին