exclusive
49166 դիտում

Արսեն Քարամյան. Բոլոր կողմերն ընդունել են խաղի նոր կանոնները

Արսեն Քարամյանը
Արսեն Քարամյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Այս տարվանից փոխվելու է Հայաստանի լավագույն մարզիկների ընտրության կարգը: Առաջին անգամ լրագրողներից բացի լավագույնների օգտին քվեարկելու հնարավորություն կունենան նաեւ սպորտի սիրահարները: Նոր կանոնակարգի մասին Mediamax Sport-ին մանրամասներ է հայտնել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:

- Երկար տարիներ լավագույն մարզիկների ընտրությունն անցկացրել է Մարզական լրագրողների ֆեդերացիան: Ինչո՞ւ հենց 2017-ին որոշվեց փոխել ընտրության անցկացման կարգն ու ձեւաչափը:

- Մարզական լրագրողների ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է, եւ իր իրավունքն է նման քվեարկություն անցկացնել: Ուղղակի անցած տարի նախարարությունն ականատես եղավ անառողջ մթնոլորտի: Հասարակությանը դժվար էր բացատրել, որ խառնաշփոթն առաջացել է Մարզական լրագրողների ֆեդերացիայի գործունեության հետեւանքով: Այդ իսկ պատճառով 2016-ի ավարտին հանդես եկանք հայտարարությամբ ու նշեցինք, որ առաջիկայում ամեն ինչ կանենք նմանատիպ խնդիրներից խուսափելու համար: Պետք էր բոլորի կողմից ընդունելի խաղի կանոններ մշակել:

Նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով ձեւավորվեց ՀՀ 10 լավագույն մարզիկների մրցույթի կազմակերպման կանոնակարգի ստեղծման աշխատանքային խումբ, ինձ առաջարկվեց գլխավորել այն:

Լուսանկարը` Անձնական արխիվից


- Ինչո՞ւ ընտրվեց քվեարկության հենց այս տարբերակը եւ ովքե՞ր են այն մշակել:

- Շրջանառության մեջ դրեցինք մի նախագիծ, որի քննարկմանը մասնակցեցին բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ ֆեդերացիաները: Հանդիպումները բավականին թեժ էին, բայց դրանց ընթացքում փորձեցինք համադրել բոլոր ռացիոնալ առաջարկները: Հասարակության տարբեր շերտերի, մարզական լրագրողների առաջարկները եւս լսեցինք: Վերջնական տարբերակը եւս մեկ անգամ շրջանառեցիք եւ հասկացանք, որ հասել ենք համաձայնության:

Այդ կանոնների հիմքում դրված է արդարության սկզբունքը, եւ որեւէ կողմ չի կարող միջամտել գործընթացին: Այդ պատճառով էլ այն ընդունելի է բոլորի համար: Տասնյակի ընտրությունը տեղի է ունենալու բացառապես տրամաբանված սկզբունքների հիման վրա:

- Իսկ բուն քվեարկությունն ինչպե՞ս է ընթանալու: Եկեք բացենք փակագծերն ու առանձին խոսենք լրագրողների ու SMS քվեարկության մասին:

- Քվեարկությունը միջոցառման պես կանցկացնենք, լինելու է նաեւ ուղիղ հեռարձակում: Հանրապետության բոլոր լրատվամիջոցներին հրավիրելու ենք տեղում 2 ժամվա ընթացքում լուսաբանելու ողջ գործընթացը, հարցեր տալ քվեարկողներին ու տեսնել տասնյակի նրանց տարբերակը: Ամեն ինչ բաց է լինելու:

Լրագրողների ընտրությունը կազմակերպելու ենք SMS քվեարկության վերջին 2 ժամվա ընթացքում՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 16:00-18:00-ի միջակայքում: Կփորձենք SMS քվեարկության խիստ նախնական արդյունքներն էլ ստանալ, մեր օպերատորների հետ դրանք ամփոփելուց հետո կհրապարակենք վերջնական տվյալները:

Մեկ հեռախոսից հնարավոր կլինի միայն մեկ անգամ քվեարկել՝ նշելով մեկ թեկնածուի անուն մեր կողմից հրապարակված մարզիկների 20 հոգանոց ցանկից:  SMS-ի արժեքը կկազմի 50 դրամ: Մենք պայմանագիր ենք կնքել հեռահաղորդակցության երեք օպերատորները ներկայացնող միջնորդ կազմակերպության հետ, որն էլ կատարելու է ամբողջ սպասարկումը:

Լուսանկարը` ffa.am


- Ինչո՞վ է պայմանավորված քվեարկության նոր կարգում նաեւ հանրային կարծիքի ներառումը:

- Քվեարկությունը 2 բաղադրիչով ենք անցկացնելու: Նախկինում հանրային կարծիքը հաշվի չէր առնվում, ու հիմնական աղմուկը դրա հետ էր կապված: Լրագրողները մարզական նվաճումների հիման վրա ձեւավորում էին տասնյակը, որը սովորաբար չէր համընկնում հանրության կարծիքի հետ:

Մենք մի քանի սկզբունքներ որդեգրեցինք: Համաձայն ենք, որ մարզական արդյունքները պարտադիր պետք է հաշվի առնել, բայց ոչ պակաս կարեւոր է տասնյակում Հայաստան անվան հանրահռչակմանը նպաստած մարզիկներին հնարավորություն տալը: Նորմն այսպես ձեւակերպվեց՝ ՀՀ հավաքականների կազմում հանդես եկող այն մարզիկները, ովքեր նպաստել են Հայաստանի ճանաչմանն աշխարհում ու հանդիսացել մեր մարզական դեսպաններն երկրագնդի ամենատարբեր հատվածներում:

Հանրության համար սովորաբար ավելի ընկալելի է լինում 2-րդ գործոնը, դրա համար էլ տարիներ շարունակ հակասություն էր առաջանում․ փորձեցինք շատ նուրբ մոտեցում ցուցաբերել այս խնդրին:

Մեծ Սփյուռք ունենք, որտեղ տաղանդավոր հայ մարզիկներ կան, նրանք մարզման ու կարիերայի առաջխաղացման շատ ավելի լավ պայմաններ ունեն, բայց եւ մեծ ցանկություն կա Հայաստանի դրոշի տակ հանդես գալու: Նրանք ընտրություն են կատարում իրենց հայրենիքի օգտին, այս գործոնը եւս պետք է հաշվի առնեինք:

Նաեւ Սփյուռքի նախարարության համապատասխան մասնագետների ենք ընդգրկել մեր հանձնաժողովի կազմում, որպեսզի կարողանանք այս ուղղությամբ էլ ճիշտ աշխատանք կատարել:

-Իսկ ի՞նչ դժվարություններ են եղել տասնյակի ընտրության կարգի հետ կապված աշխատանքներում:

- Խնդիրը նախ մարդկանց մտածելակերպի մեջ էր: Ֆեդերացիաների հետ բավականին երկար ժամանակ անհատապես ու խմբով աշխատել ենք ու փորձել բացատրել, թե ինչն ենք ուզում փոխել: Հատկապես շատ դժվար էր, երբ մարզական նվաճումներին սկսեցինք համակցել նաեւ այլ արդյունքներ:

Կարեւորագույն չափորոշիչը միանշանակ ձեռքբերումներն են, բայց արտերկրում ակումբային մակարդակով հանդես եկող բազմաթիվ մարզիկներ ունենք, որոնց միայն ելույթը եւ հեռուստատեսային հեռարձակման ժամանակ ազգանվան հիշատակումը արդեն իսկ Հայաստանի քարոզչություն են: Այդպիսիք կան Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Անգլիայում: Գերմանիայում աճող երիտասարդ ֆուտբոլիստների մի սերունդ ունենք, եկեք այնպես անենք, որ նրանց տրամադրենք ներկայացնել Հայաստանը:

Ես խոնարհվում եմ մեր մարզիկների առջեւ, նրանց վաստակի, կատարած աշխատանքի․ շատ հաճախ ոչ լավ մարզական պայմանների դեպքում նրանք մեծ հաջողությունների են հասնում: Արթուր Ալեքսանյանի արածն ուղղակի հերոսություն է, այնպես չէ, որ նա կատարյալ պայմաններում է մարզվել, բայց քրտնաջան աշխատանքի արդյունքում նման մեծ նվաճումների է հասել: Պետք է գնահատել մեր ունեցածը:

- Քվեարկությանը մասնակցող լրագրողներն առանձին հավատարմագրում են անցել, նրանց վերջնական ցանկն արդեն կա՞:

- Ցավով պետք է նշեմ, որ սպորտային թեմաներով գրող պրոֆեսիոնալ լրագրողների պակաս ունենք: Հավատարմագրման կարգը կօգնի սահմանել ընտրություն կատարող լրագրողների շրջանակը: Որոշակի շեմ ենք սահմանել՝ լրատվամիջոցի հաճախելիությունը, տպաքանակը, որպեսզի անփորձ լրագրողներն ու լրատվամիջոցները մասնակցություն չունենան: Հավատարմագրումը դեռ շարունակվում է, մոտ օրերս կունենանք ցանկն ու կհրապարակենք այն:

Լուսանկարը` nitedworldwrestling.org


- Իսկ Սփյուռքը քվեարկությանը մասնակցելո՞ւ է:

- Ցավոք՝ ոչ, որովհետեւ տեխնիկապես դա թանկ կարժենա, գոնե այս տարի այդ ճանապարհով գնալ չենք կարող: Ֆինանսական վիճակի բարելավման դեպքում հնարավոր է՝ այդ նպատակով գումար հատկացվի: Սակայն Արցախը կմասնակցի քվեարկությանը: Լինելով չճանաչված պետության ներկայացուցիչներ՝ արցախցի մարզիկները հաճախ Հայաստանի դրոշի տակ են հանդես գալիս, հետեւաբար՝ նրանց մասնակցությունը պարտադիր է:

- Ինչո՞ւ են ոչ Օլիմպիական մարզաձեւերից ընտրվել են հենց ուշուն, սամբոն եւ շախմատը:

- Այդ մարզաձեւերն ընդհանուր քննարկման արդյունքում են ընդգրկվել: Սամբոն թեեւ ոչ Օլիմպիական է, բայց լավ ավանդույթներ ունենք այս մարզաձեւում, մեծ աշխատանք է կատարվում, միջազգային կարգի տարբեր մրցումներում էլ մեդալներ են նվաճում հայ մարզիկները: Շախմատը մեր երկրի մարզական կարեւորագույն այցեքարտերից է: Շախմատի հավաքականի անդամները վերջին տարիներին անհատական մեծ նվաճումներ են արձանագրել: Ճիշտ չէր լինի նրանց ցանկից դուրս թողնել:

- Հանրությանն իրազեկելու ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ եք կատարում:

- Կփորձենք մարդկանց հնարավորինս լայն շրջանակի տեղեկացնել նոր կարգի մասին: Առաջիկայում 3 կարճ տեսահոլովակ կներկայացնենք, որոնց միջոցով նախ քվեարկության տեխնիկական կողմը կբացատրենք: Դրանք կտարածենք եւ հեռուստաընկերություններով, եւ սոցցանցերով: Ցավոք, չենք տիրապետում ֆինասական մեծ միջոցների ու նվազ հնարավորություններով ենք այդ աշխատանքը կատարելու:

Լուսանկարը` fide.com


- Լրագրողների ու SMS քվեարկության արդյունքներն ինչպե՞ս են բաշխվելու վերջնական տարբերակում:

- Կանոնակարգում դա շատ հստակ նկարագրված է՝ 50/50 համամասնությամբ են ձայները բաշխվելու: Մի փոքր մաթեմատիկական հաշվարկ, ու վերջնական տարբերակն անխոցելի կլինի: Այս հարցի շուրջ էլ մասնագետների հետ ենք խորհրդակցել:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր ֆեդերացիաների ներկայացուցիչներին, հատկապես՝ ֆուտբոլի ու սամբոյի: Նրանց ներկայացուցիչները շատ ակտիվ են եղել, իրենց առաջարկներով ու նաեւ քննադատությամբ դրդել են մեզ հասնել հենց սկզբից հետապնդող նպատակին:

- Իսկ ե՞րբ տասնյակի վերջնական տարբերակը կներկայացվի հանրությանը:

- Կարծում եմ, դեկտեմբերի 26-ին։ Կփորձենք դինամիկ ու մտերմիկ միջավայրում պարգեւատրել լավագույններին: Դեռ տեղի հետ կապված բանակցությունները հովանավորի հետ շարունակվում են: Պետական բյուջեից ծախսեր չեն կատարվելու, մոտ 10 մլն դրամի չափով գումար կտրամադրի մեր հովանավորը:

Պարգեւները կլինեն հուշանվերների տեսքով: Ավելի ուշ նախարարությունն ու Օլիմպիական կոմիտեն կառավարության որոշման հիման բարձր մարզական նվաճումներ ունեցող մարզիկներին առանձին կպարգեւատրեն:

Լուսանկարը` Անձնական արխիվից


- Որոշակի մտավախություն SMS քվեարկության հետ կապված ամեն դեպքում կա, մարդիկ լիովին չեն վստահում այդ տարբերակին:

- Նախարարությունը որեւէ իմաստ չի տեսնում ձայները կեղծելու մեջ, օպերատորներն էլ չեն անի նման խախտում: Մեր խնդիրը լավ որակի միջոցառում կազմակերպելն է, հույս ունեմ 1-2 անգամից հետո այն մեր մարզաշխարհի տարեվերջյան ամենասպասված միջոցառումներից մեկը կլինի: Բոլոր շահագրգիռ կողմերը՝ ֆեդերացիաները, մարզիկները, երկրպագուները տեսնելու են, որ ամեն ինչ թափանցիկ է արվում:

Միեւնույն ժամանակ՝ հեռու եմ այն մտքից, որ մենք կատարյալ քվեարկություն ենք անցկացնելու: Սակայն, եթե պրակտիկ կիրառման մեջ որոշակի խնդիրներ նկատենք, միայն ուրախ կլինենք դրանք շտկել ու հետագայում էլ ավելի լավ քվեարկություն անցկացնել:

Արսեն Քարամյանի հետ զրուցել են Հասմիկ Բաբայանը եւ Գոհար Նալբանդյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին