Ապրիլ 19, 2024
exclusive
79400 դիտում

Խուրշուդյան. Իմ սիրելի հավաքական, խնդրում եմ ներողամիտ լինես

Հռիփսիմե Խուրշուդյանը
Հռիփսիմե Խուրշուդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հռիփսիմե Խուրշուդյանը երկար տարիներ հայկական կանանց ծանրամարտի հենասյուներից է եղել: Նրանով է սկիզբ առել մարզաձեւն ու նրա օրինակին հետեւելով են աղջիկները սկսել մեր երկրում զբաղվել ծանրամարտով:

Վերելքների, անկոտրուն բնավորության, նվաճումների, վնասվածքների ու դրանց հաղթահարման ճանապարհին Խուրշուդյանը նաեւ որակազրկվել է ու կորցրել 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերի իր բրոնզե մեդալը:

Նախորդ շաբաթ Mediamax Sport-ը «Մեկ տարի առանց մրցման. Որակազրկված հայկական ծանրամարտը» հոդվածն էր հրապարակել: Դրանից հետո մարզուհին ցանկություն է հայտնել բացառիկ հարցազրույց տալ ու ներկայացնել ստեղծված իրավիճակի շուրջ իր տեսակետը:

- Հռիփսիմե, ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց ու ի՞նչը բերեց այս ամենին:

- Այդ որակազրկումը 8 տարվա վաղեմություն ունի, երբ ես դեռ առաջին անգամ մասնակցել եմ 2008-ի Օլիմպիական խաղերին: Պեկին պետք է մեկներ Մելինե Դալուզյանը, սակայն նրա վնասվածքի պատճառով ինձ հայտավորեցին: 11-րդ տեղում ելույթս ավարտեցի: Խաղերի ընթացքում ես 4 անգամ թեստ եմ հանձնել, ստուգել են թե ցերեկը, թե գիշերը: 48 ժամվա արդյունքում պատասխանն արդեն ունեցել ենք, ամեն ինչ մաքուր է եղել:

- Իսկ մարզիկները տեղյա՞կ են եղել, թե ի՞նչ են ընդունում:

- Առանց բժիշկների թույլտվության ոչ մի դեղ, անգամ վիտամին չենք օգտագործել: Ցանկացած մարզիկ գիտի, թե ինչ է խմում: Բժշկին հարցեր տալուց ու դեղամիջոցի մասին իմանալուց հետո է միայն այն ընդունում: Եթե խմում է, գիտի, որ պատասխանատվություն է կրում: Բայց եթե մարզիկին ասում են, որ 10 օրում օրգանիզմը մաքրվում է, հետեւաբար հավատում ենք: Մենք չէինք կարող Հայաստանի հավաքականի ճակատագրի հետ խաղալ ու ինքնագլուխ որոշումներ կայացնել:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Իսկ ո՞վ է ամեն դեպքում մեղավոր ստեղծված իրավիճակի ու որակազրկումների համար:

- Դրանում, երեւի, բոլորս էլ մեր մեղքի փոքր բաժինն ունենք: Ես որեւէ մեկին չեմ կարող մեղադրել, ինչ եղել է, արդեն անցյալում է մնացել: Պարզապես թող միանգամից մեզ որակազրկեին: Այսքան տարի անց այդ դեպքերը բացահայտելն ու մեդալները վերցնելը սխալ է, իսկական աբսուրդ:

- Հնարավո՞ր է ծանրամարտն ամբողջովին զերծ լինի դոպինգից:

- Ես միայն ուրախ կլինեմ դրա համար: Միջազգային ֆեդերացիան միանգամից 9 երկրի է որակազրկել, որոնք մեծ դերակատարում ունեին ծանրամարտում: Սա սթափեցնող ազդակ կլինի բոլորի համար: Հուսամ, ծանրորդներն էլ սրանից շատ բան կսովորեն: Ծանրամարտում պայքարը պետք է հավասար պայմաններում տարվի:

- Ի՞նչ դաս ես քաղել ու սովորել որակազրկումից, այս ծանր ու վատ փորձն ի՞նչ է տվել քեզ:

- Անգամ թշնամուս չէի ցանկանա այս ամենի միջով անցնել, հոգեբանական ճնշումը ահավոր է յուրաքանչյուրի, առավել եւս մարզիկի համար: Ես այն մարզիկը չեմ, որ կարողանամ առանց ծանրամարտի մնալ: Բայց սովորել եմ դժվարությունները հաղթահարել: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իմ կողքին էին, հատկապես ամուսինս ու ընտանիքս են ինձ շատ օգնել: Շատ եմ ցանկանում, որ մեր ժողովուրդն ինձ ու իմ իրավիճակում հայտնված մյուս մարզիկներին սխալ չհասկանա: Երբ մենք մեդալներով վերադառնում էինք, բոլորն ուրախանում էին, թող այս ծանր պահին էլ մեր կողքին լինեն: Դրանով մեզ ուժ ու եռանդ կտան:

- Դու պատրաստվում էիր նաեւ Ռիոյի խաղերին մասնակցել, սակայն արգելքի պատճառով այն բաց թողեցիր:

- Այո, ես շատ էի ցանկանում իմ 3-րդ Օլիմպիական խաղերին մասնակցել, ինչը բացառիկ ցուցանիշ կլիներ: Այդ լուրը շոկային էր ինձ համար, Ռիո ես մեդալի հետեւից էի մեկնելու: Կփորձեի կրկնել Լոնդոնի հաջողությունը, կամ էլ մեդալի գույնը փոխել: Ցանկանում էի 3-րդ խաղերիս էլ հաջող մասնակցել ու ավարտել կարիերաս: Սակայն այս որակազրկումից հետո շարունակելու եմ մասնակցել, որպեսզի կրկին մեդալ նվաճեմ, հեղինակությունս վերականգնեմ ու նոր հեռանամ սպորտից: Չեմ ցանկանում, որ ինձ այսպես հիշեն:

Լուսանկարը` Մեդիամաքս


- 2012-ին դու անկախ Հայաստանի առաջին մարզուհին էիր, ում հաջողվել էր Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճել: 4 տարի օլիմպիական մեդալակիր էիր համարվում ու արդյունքում զրկվեցիր քո պարգեւից: Ինչպե՞ս վերադարձրիր մեդալդ:

- Դա իմ մեդալն էր ու հեշտ չէր բաժանվելը: Բայց ես հանձնվող մարզիկ չեմ, նորից կպայքարեմ: 2012-ին էլ հեշտ չէր ինձ համար. ձեռքս էի կոտրել, ոտքս վնասել, վիրահատության ենթարկվեցի ու 6 ամիս անց սկսեցի պատրաստվել խաղերին: 2014-ից եմ շարունակել մարզվել, որոշակի դադար էի վերցրել Լոնդոնից հետո, անձնական կյանքս եմ դասավորել, 2016-ին մայրանալուց հետո Եվրոպայի չեմպիոն դարձել: Արդեն 1,5 տարի է անորոշ վիճակում եմ, չգիտեմ ինչ է սպասվում ինձ, կկարողանա՞մ հանդես գալ, թե ոչ: Իմ ու Տիգրան Մարտիրոսյանի հետ կապված որեւէ որոշում չի կայացվել, Հայաստանի հավաքականին են որակազրկել:

- Ինչերի՞ միջով ես ստիպված եղել անցնել:

- Միանշանակ շատ բարդ էր ինձ համար, հոգեկան ծանր ապրումներ եմ ունեցել: 18 տարի է սպորտի մեջ եմ, նման բան երբեք չէր եղել, որ որակազրկվեմ: Ես մաքուր ձեւով եմ հանդես եկել, ներկայացրել եմ Հայաստանն ու նրա պատիվը բարձր պահել: Օլիմպիական խաղերից հետո էլ նոր քաշային կարգ է ավելացել, այն իսկն ինձ համար է՝ 90 կգ: Մեծ ցավ եմ ապրում, որ այդ քաշային կարգում չեմ կարող հանդես գալ: Դա իմ տեղն է, հաստատ առաջին համարը կլինեի:

- ՀԱՕԿ-ի վերաբերմունքն ինչպիսի՞ն է, խրախուսո՞ւմ է քո սպորտ վերադառնալու որոշումը:

- Ես մի քանի անգամ խոսել եմ ՀԱՕԿ-ի նախագահի հետ: Նա իմ կողքին է, ոգեւորել է ինձ, որ շարունակեմ մարզվել, չընկճվեմ, ամեն ինչ էլ հնարավոր է հաղթահարել: Սպորտի նախարարությունը եւս ինձ միայնակ չի թողել:

- Հիմա ի՞նչ նպատակ ես դրել քո առջեւ ու ինչպե՞ս ես կարողանում անգամ այս անորոշության դեպքում մարզվել:

- Շատ նեղսրտած եմ, սակայն միեւնույն է մարզումներից չեմ հրաժարվի: Պետք է պատրաստ լինել, քանի որ չգիտեմ, երբվանից կկարողանամ վերադառնալ: Պարապում եմ իմ անձնական մարզչի՝ Արման Ղազարյանի գխավորությամբ, եթե նա թիմի հետ հավաքի չի լինում, ինչպես նաեւ ամուսինս է մարզում: Մեկ շաբաթ առաջ Եվրոպայի առաջնության արդյունք եմ ցույց տվել, Աշխարհի առաջնությունում գրանցված կիլոգրամներին էլ մոտ եմ:

- Նախկինում նշել էիր, որ հնարավոր է մրցավարական գործունեություն ծավալես: Կա՞ դեռ այդ մտադրությունը:

- Միանշանակ միջազգային մրցավար դառնալու մտադրություն կա: Մանավանդ, որ Հայաստանում պահանջարկ կա, կին մրցավար չունենք: Ես միշտ ներկա եմ լինում Հայաստանի տարբեր տարիքայինների առաջնություններին, հետեւում եմ, ծանոթ եմ պրոցեսին:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Երկրպագուներին ի՞նչ կասես, որոնք ուրախացել են քո հաղթանակներով:

- Ուզում եմ, որ դոպինգ ասվածը սխալ չընկալեն, դա այն դեղամիջոցն է, որը մարզիկն ընդունում է, որպեսզի վերականգնվի ու կարողանա ծանր կիլոգրամներին դիմանալ, մենք տոննաներով քաշ ենք բարձրացնում: Մինչդեռ շատերը դոպինգը որպես թմրանյութ են հասկանում: Ուզում եմ իմանան, որ մեր պարագայում անգամ անալգինը կամ ասպիրինն էլ դոպինգ են համարվում:

- Քանի որ ակտիվ մարզումային կյանքով չես ապրում, ինչպե՞ս ես անցկացնում առօրյադ:

- Ամենայն անկեղծությամբ, ես շարունակում եմ նույն նվիրվածությամբ մարզվել, որովհետեւ առանց ծանրամարտի սիրտս կկանգնի: Ես դրանով եմ ապրում, առանց դահլիճ մտնելու չեմ կարող, անգամ հոտ եմ քաշում ծանրաձողից: Դա իմ կյանքի գործն է, իմ սպորտը, 18 տարի անբաժան ենք: Շարունակում եմ կապված լինել ծանրամարտին ու հետեւել բոլոր մրցումներին: Որդուս մանկապարտեզ եմ տանում ու գնում մարզումների: Ընտանիքս ու սպորտն իմ կյանքում շատ կարեւոր տեղ ունեն:

- Իսկ հավաքականին ի՞նչ կցանկանաս ասել, քանի որ մեկ տարի որակազրկման մեջ մեղքի քո չափաբաժինն էլ կա:

- Եթե ես, Տիգրանը, Նորայրը չլինեինք, հաստատ մեր հավաքականի հետ նման բան չէր պատահի: Իմ սիրելի հավաքական, շատ եմ ցանկանում, որ ուժեղ ու համբերատար լինես, կարողանաս մի տարի դիմանալ, ու ամեն ինչ կրկին իր հունով կընթանա: Նաեւ ներողամիտ լինես ու ներես:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին