Ապրիլ 25, 2024
exclusive
34718 դիտում

Արթուր Աբրահամ. ԱՄՆ-ում հաղթելը մեծ նվաճում կլինի ինձ համար

Արթուր Աբրահամը
Արթուր Աբրահամը

Լուսանկարը` flikr.com


WBO վարկածով Աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ապրիլի 9-ին Լաս Վեգասում պատրաստվում է իր գոտին պաշտպանել արդեն 5-րդ անգամ: Նրա մրցակիցն է լինելու պարտություն չունեցող 24-ամյա մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսը:

Թեեւ բռնցքամարտիկը շատ ծանր մարզումներ է անցկացնում ու ամբողջությամբ կենտրոնացած է առաջիկա մենամարտի վրա, ժամանակ է գտել ու պատասխանել է Mediamax Sport-ի հարցերին:

-Արթուր, 8 տարվա ընդմիջումից հետո կրկին մենամարտ ես անցկացնելու ԱՄՆ-ում: Ինչպե՞ս ես պատրաստ առաջիկա դիմակայությանն ու ի՞նչ ակնկալիքներ ունես դրանից:

-Ինչպես միշտ, հաղթական եմ տրամադրված եւ ապրիլի 9-ին Լաս Վեգասում կայանալիք մենամարտից միայն մեկ ակնկալիք ունեմ` հաղթանակ:

-ԱՄՆ-ում անցկացրած 3 մենամարտերից 2-ում պարտվել ես, հենց այնտեղ ես կրել քո առաջին պարտությունը: Արդյոք դա քեզ անհանգստանալու առիթ չի՞ տալիս:

- Բոլոր մենամարտերից առաջ էլ ես անհանգստություն եմ ունենում: Ամեն դեպքում, Ամերիկայում մենամարտելը երազանք է բռնցքամարտիկի համար: Այո, ԱՄՆ-ում պարտություններ եմ կրել, այնպես որ այնտեղ հաղթելը շատ մեծ նվաճում կլինի ինձ համար:

-Մրցակիցդ՝ Ժիլբերտո Ռամիրեսը, երիտասարդ է եւ ուժեղ: Նա դեռեւս ոչ մի պարտություն չի կրել: Ի՞նչ կասես Ռամիրեսի ոճի մասին ու ինչպե՞ս ես նրա դեմ հակախաղ գտնելու:

-Դիտել եմ նրա մենամարտերի տեսագրությունները, ակնհայտ է, որ ուժեղ մարզիկ է: Դե, բայց ես էլ պատրաստված եմ եւ հիմա միայն կարող եմ ասել, որ ապրիլի 9-ին ռինգում ուժեղ պայքար է ծավալվելու:


-Մենամարտի նախապատրաստական փուլերից մեկն անցկացրել ես Բուլղարիայում: Կպատմե՞ս ինչպես է այն անցել:

-Վերջին մարզումները Բուլղարիայի Բելմեկեն քաղաքում, ավելի ճիշտ` հարակից ձյունածածկ սարերում, մարտի 2-ին եմ անցկացրել: Այդ վայրն ընտրել է մարզիչս` Ուլի Վեգները: Շատ լավ լեռնային վայր է մարզումների համար, օդը մաքուր: Առաջին անգամ եմ այնտեղ մարզվել, հետագայում էլի կցանկանամ հավաք անցկացնել Բելմեկենի սարերում:  

-Մարզիչդ նշել էր, որ մենամարտին պատրաստվելու ընթացքում հատուկ սննդակարգի ես անցնելու, սնվելու ես հիմնականում ձկնատեսակներով: Որքանո՞վ է դա քեզ օգնում:

-Ճիշտ սննդակարգով սնվելը մարզումների մի մասն է կազմում, իսկ ծովամթերքի օգտակարության մասին վաղուց է հայտնի: Այն միանշանակ օգնում է:

Լուսանկարը` անձնական արխիվից


-Ե՞րբ եք մեկնելու ԱՄՆ ու մինչ այդ նախապատրաստական փուլդ ինչպե՞ս է ընթանալու:

-Մենամարտից երկու շաբաթ առաջ եմ մեկնելու ԱՄՆ, որ հարմարվեմ այնտեղի բնակլիմայական պայմաններին: Իսկ մինչ այդ մարզումներս կշարունակեմ Գերմանիայում: Երեկ արդեն ժամանել ենք Բեռլին: Մարտի 7-ից մարզումները շարունակելու եմ գերմանական Քինբաում մարզաառողջարանային քաղաքում:

-Սովորաբար քո մասնակցությամբ մենամարտերն են երեկոյի ընթացքում գլխավորը համարվում, այս անգամ բոլորի ուշադրության կենտրոնում Մեննի Պակյաոն է լինելու: Դա քեզ չի՞ մտահոգում, թե՞ հակառակն, ավելի է մեծացնում քո մենամարտի նկատմամբ ուշադրությունը:

-Իսկապես, որպես կանոն, իմ մենամարտն է լինում գլխավորը: Անկեղծ ասած, այդ հանգամանքն ինձ չի մտահոգում: Ինձ տրամադրել եմ, որ այս անգամ էլ գլխավոր մենամարտում եմ դիմակայելու ու այդ տրամադրվածությամբ էլ ապրիլի 9-ին ռինգ եմ մտնելու:
 
Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին