Ապրիլ 24, 2024
exclusive
6091 դիտում

Գաբրիել Ղազարյան. Հիանալի սերունդ ունենք, որի հետ մեծ հույսեր ենք կապում

Գաբրիել Ղազարյանը
Գաբրիել Ղազարյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Արդեն 8 ամիս է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ղեկավարում է Գաբրիել Ղազարյանը: Mediamax Sport-ի հետ բացառիկ հարցազրույցում նախարարը խոսել է նոր պաշտոնում հարմարվելու, պատասխանատվության աճի, տարվա ընթացքում ամենակարեւոր մարզական հաջողությունների եւ սպորտի ու գիտության կապի մասին:

- Գրեթե մեկ տարի է, ինչ Դուք նշանակվել եք սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար:  Որո՞նք են այդ ոլորտի առաջնահերթ խնդիրները:

- Ես երկար տարիներ աշխատել եմ սպորտի ոլորտում ու տեղյակ եմ առկա խնդիրներին, հետեւաբար, հեշտ է այս պաշտոնում աշխատելը: Մենք ունենք մշակված պետական քաղաքականություն՝ զարգացնել ֆիզիկական կուլտուրան, մասսայականացնել սպորտն ու առողջ ապրելակերպը: Մեր երկրում այսօր մեծ սպորտը համեմատաբար զարգացած է, բայց մենք չպետք է մոռանանք մասսայականության մասին: Եթե մենք գյուղական համայքներում ու մարզերում ապահովենք ֆիզիկական կուլտուրայի զարգացումը, բնականաբար, կունենանք նաեւ մեծ սպորտ:

- Ըստ Ձեզ, ինչպիսի՞ փոփոխություններ պետք է կատարվեն հայկական սպորտում եւ ֆիզիկական կուլտուրայում:

- Ֆիզկուլտուրայի բնագավառում ահռելի մեծ ծավալների աշխատանք կա կատարելու: Հատկապես մարզերում ու գյուղական համայնքներում քիչ է ուշադրություն դարձվում սպորտին, այնտեղ պետք է շատ աշխատել: Մենք համագործակցում ենք Տարածքային կառավարման նախարարության հետ ու արդեն այդ խնդիրների լուծման ուղիներ ենք գտել: Իսկ մեծ սպորտում պետք է վերակենդանացնենք այն մարզաձեւերը, որոնք ինչ-ինչ պատճառներով թուլացել կամ վերացել են:

- Նշեցիք մարզերում առկա խնդիրները: Ի՞նչ պատճառներով են դրանք առաջացել:

- Մի շարք հանգամանքներ կան: Նախ, պետք է մեծանա ուշադրությունը հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի նկատմամբ, որպեսզի այնտեղ պատշաճ մակարդակով դասավանդվի ֆիզկուլտուրան: Բացի այդ, մեծ խնդիր է նաեւ մարզագույքի բացակայությունը, դահլիճների ոչ բարվոք վիճակը:


Գաբրիել Ղազարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս
- Իսկ ի՞նչ է անհրաժեշտ սպորտում լուրջ հաջողությունների հասնելու համար:

- Առանց գիտության ոչ մի ոլորտում, առավել եւս՝ սպորտում հնարավոր չէ հասնել հաջողության: Այսօր Գերմանիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը սպորտային լուրջ նվաճումներ ունեն, որովհետեւ այն հիմնված է գիտական հիմքի վրա: Հայաստանում եւս պետք է կարողանանք ամրացնել ու զարգացնել գիտություն-սպորտ կապը:

- Ի՞նչ է Ձեր մեջ փոխվել նախարարի պաշտոնը սանձնելուց հետո: 

- Պատասխանատվությունն է ավելի մեծացել: Ուրիշ ոչինչ չի փոխվել, ես նույնն եմ մնացել: Ինչպես եւ առաջ, հիմա էլ չեմ սիրում անգործ մնալ ու նույն սիրով շարունակում եմ աշխատել:

- Այս տարի Հայաստանի համար առանցքային համարվող որոշ մարզաձեւերում սպասվածից վատ արդյունքներ են գրանցվել: Որո՞նք են պատճառները:

- Դրանք ժամանակավոր բնույթ են կրում: Հնարավոր չէ ամեն տարի չեմպիոններ ունենալ, ժամանակի ընթացքում նաեւ սերնդափոխություն է տեղի ունենում, ու մեդալների դադարը նորմալ երեւույթ է: Երբեմն արդյունք ակնկալելու համար 1-2 տարի է պետք լինում: Հիմա այդ փուլում է ծանրամարտը, սակայն ես համոզված եմ, որ մեր մարզիկները կրկին ուրախացնելու են իրենց նվաճած ոսկե մեդալներով: Կա մի հետաքրքիր փաստ եւս. ընդլայնվել է մարզաձեւերի ցանկը: Առաջընթաց են գրանցում այնպիսի ձեւեր, որոնցում վաղուց հաջողություններ չէին եղել, օրինակ՝ հրաձգություն, աթլետիկա, ջրացատկ: Հրաձգությունից միջազգային մրցաշարերում, այդ թվում եւ պատանեկան Օլիմպիական խաղերում արդեն մեդալ ունենք, ինչը մեծ հաջողություն է: Մենք հիանալի սերունդ ունենք, տարբեր մարզաձեւերում տաղանդավոր պատանիներ են հանդես գալիս, որոնց հետ ապագայում կարելի է մեծ հույսեր կապել:

- Դուք հետեւում եք բոլոր հայ մարզիկների հաղթանակներին: Կնշե՞ք այս տարվա մեր ամենամեծ ու կարեւոր ձեռքբերումները:

- Նախ, պատանեկան Օլիմպիական խաղերում մեր մարզիկների լավ ելույթները: Մեր մարզիկները 7 մեդալ են նվաճել, ինչը հիանալի ցուցանիշ է: Գուցե, կարող էինք ավելին անել, բայց այդ արդյունքից էլ գոհ եմ: Վստահ եմ, որ մյուս Օլիմպիական խաղերն ավելի արգասաբեր են լինելու մեզ համար: Ես տեսնում եմ այն ներուժը, որը հետագայում մեդալների է վերածվելու: Մեր մեծ նվաճումներից են նաեւ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճած 2 ոսկե մեդալները:

Գաբրիել Ղազարյանի հետ զրուցեցին Հասմիկ Բաբայանը եւ Գոհար Նալբանդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին