exclusive
18816 դիտում

Վարդան Մինասյան. Ունեմ գործող պայմանագիր եւ հաճույքով եմ մարզում իմ թիմը

Վարդան Մինասյանը
Վարդան Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը այս տարվա գարնանից աշխատում է Ղազախստանում ու գլխավորում «Տոբոլ» ֆուտբոլային ակումբը: Մրցաշրջանի ավարտին նա Երեւանում է ու Mediamax Sport-ի հետ բացառիկ հարցազրույցում խոսել է իր թիմի, մասնագիտական աճի, հավաքական վերադառնալու ու իր սաների հետ ջերմ հարաբերությունների մասին:

- Պարոն Մինասյան, Դուք արդեն կես տարուց ավելի է ապրում ու աշխատում եք Ղազախստանում: Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել Ձեր կյանքում այս ընթացքում:

- Այլ երկրում աշխատանքի անցնելիս նախ պետք է հասկանաս ու ըմբռնես այնտեղ ապրող մարդկանց մտածելակերպը, որպեսզի կարողանաս հեշտ աշխատել ու ապրել նրանց հետ: Իսկ զուտ աշխատանքի առումով՝ մեծ փորձ էր ինձ համար: Ակումբային ֆուտբոլն ամենօրյա աշխատանքի հնարավորություն է տալիս, ես զգում եմ, որ բազմաթիվ փոփոխություններ են կատարվել: Մասնագիտական առումով փոփոխություններ նույնպես զգում եմ:

- Գո՞հ եք արդյոք «Տոբոլի» գրանցած արդյունքից:


Վարդան Մինասյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս

- Ես իրատես եմ ու փորձում եմ ճիշտ գնահատել իրավիճակն ու հնարավորությունները: Այն արդյունքը, որը ցույց տվեց թիմը, համապատասխանում է իր ներուժին՝ թե բյուջեի ու թե խաղացողների ընտրության առումով: Չնայած մենք կարող էինք առաջին վեցյակում էլ հայտնվել, բայց մի պահ մեծ թվով վնասվածքներ ունեցանք, ինչն էլ խանգարեց մեզ:

- Հավաքականը թողնելուց հետո նշում էիք, որ ցանկանում եք ուժերը փորձել ակումբային ֆուտբոլում: Այդ աշխատանքը Ձեր սրտո՞վ է:

- Ինձ անհրաժեշտ էր ամենօրյա աշխատանք, դա էր պատճառը, որ հեռացա հավաքականից: Ինչ-որ տեղից պետք է սկսեի, ու խոստովանեմ, որ այս ընտրությունը ճիշտ էր: Նաեւ նշեմ, որ ամենօրյա աշխատանքում սխալվելու դեպքում ժամանակ ես ունենում այն շտկելու ու ճիշտ լուծումը գտնելու համար: Կարողանում ես նորամուծություններ անել:

- Ինչպե՞ս հարմարվեցիք ու սկսեցիք աշխատել Ղազախստանում:

- Իհարկե, հեշտ չի ընտանիքից, ընկերներից, հարազատ քաղաքից հեռու լինել, բայց սա իմ գործն է, իմ ընտրած ճանապարհը, ու դժգոհելու ոչ մի պատճառ չունեմ: Հարմարվելու համար պետք է նախ հարգել այն երկրի ավադույթները, որտեղ ապրում ես ու քեզ լավ են ընդունում: Որոշ բաների պետք է հարմարվես: Չնայած գոյություն ունի ազգային մտածելակերպ, բայց ֆուտբոլում բոլորս էլ խոսում ենք մեկ լեզվով ու հարցերին տրվում է նույն պատասխանը:


Վարդան Մինասյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս

- Ի՞նչ նմանություններ եւ տարբերություններ կան Հայաստանում եւ Ղազախստանում ֆուտբոլի կազմակերպման եւ կառավարման առումով:

- Ֆինանսական առումով Ղազախստանում հնարավորությունները շատ են, արտասահմանից կարողանում են լավ ֆուտբոլիստներ ու մարզիչներ հրավիրել: Տեղի մասնագետների մոտ էլ մեծ աճ է գրանցվում: Ղազախստանի ազգային առաջնության մակարդակն ավելի բարձր է, քան Հայաստանինը: Ակումբային թիմերը Չեմպիոնների ու Եվրոպայի լիգայում կարողանում են մի քանի փուլ հաղթահարել: Սակայն պետք է նկատեմ, որ ենթակառուցվածքների առումով Հայաստանը շատ ավելի լավ վիճակում է: Եվրոպական չափանիշներին համապատասխան ակադեմիաները, որոնք կան մեզ մոտ, Ղազախստանում առայժմ բացակայում են:

- Դուք գործող պայմանագիր ունեք «Տոբոլի» հետ, բայց հետաքրքիր է իմանալ՝ այլ ակումբներից առաջարկներ ունե՞ք:

- Իմ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2015 թվականի նոյեմբեր: Կան թիմեր, որոնք հետաքրքրված են ինձանով, նույնիսկ երկու առաջարկ եմ ստացել: Այս պահին, սակայն, ես դրանք չեմ քննարկում, որովհետեւ կենտրոնացած եմ “Տոբոլում” աշխատանքի վրա:

- Հայաստանի ազգային հավաքականի մասին չխոսել չենք կարող: Դուք մինչ այժմ հավաքականի ղեկն ամենաերկար ժամանակով ստանձնած մարզիչն եք ու հավանաբար հետեւում եք մեր թիմի ելույթներին: Ի՞նչ կասեք այս ընտրական մրցաշարի մասին:


Վարդան Մինասյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս

- Իհարկե, հետեւում եմ, չէ՞որ սա իմ հարազատ թիմն է: Կարող եմ ասել, որ հավաքականը շատ կարգապահ ու կազմակերպված ֆուտբոլ է խաղում, թիմը մեծ ներուժ ունի: Ուղղակի այս ընթացքում շատ վնասվածքներ եղան, ֆուտբոլիստներ կան, որոնք խաղային պրակտիկա չունեն: Եթե այս ամենը կարգավորվի, ապա ԵՎՐՈ-2016-ի ուղեգիր նվաճելու շանսը կմեծանա:

- Մեկ տարի առաջ, երբ մենք հարցազրույց ունեցանք Ձեզ հետ, նշեցիք, որ արդեն կարոտում եք ազգային հավաքականը: Հիմա, երբ բավական ժամանակ է անցել, ի՞նչ կասեք: Կարոտու՞մ եք արդյոք հավաքականի ֆուտբոլիստներին ու երկրպագուներին:

- Եթե մի տեղ անցկացնում ես քո լավագույն տարիները, իսկ ես գտնում եմ, որ ինձ համար դա հավաքականում աշխատած ժամանակահատվածն էր, ապա պատասխանը պարզ է՝ բնակականաբար, կարոտում եմ: Անկեղծ լինեմ՝ հավաքականի արդյունքներն են նպաստել, որպեսզի ունենամ իմ այսօրվա կարգավիճակն ու աշխատանքը: Ես բոլորին շնորհակալ եմ ու մինչեւ հիմա էլ կապի մեջ եմ տղաների հետ եւ չեմ կարող մոռանալ այն լավ օրերը, որ մենք անցկացրել ենք միասին:

- Երկրպագուները չեն դադարում ցանկանալ կրկին տեսնել Ձեզ հավաքականի ղեկին: Հնարավո՞ր է մի օր կրկին գլխավորեք մեր ազգային ընտրանին:

- Ամեն ինչ էլ հնարավոր է: Մարդ միշտ էլ ցանկանում է երբեւէ վերադառնալ այնտեղ, որտեղ երջանիկ է եղել ու հաջողության է հասել, բայց այս պահին ես գործող պայմանագիր ունեմ ու հաճույքով եմ մարզում իմ թիմը:

- Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

- Մեկ ամիս Հայաստանում կլինեմ, իսկ հետո «Տոբոլը» մինչեւ Ղազախստանի առաջնության մեկնարկը հավաքներ է անցկացնելու: Կփորձենք մեր հնարավորությունների սահմաններում ուժեղացնել թիմի կազմը, որպեսզի չբախվենք այն խնդիրներին, որոնք ունեցանք այս տարի:

Վարդան Մինասյանի հետ զրուցել են Հասմիկ Բաբայանն ու Գոհար Նալբանդյանը:
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին