Ապրիլ 20, 2024
exclusive
4081 դիտում

Մովսիսյան-Եդիգարյան. Յուրան անչափ զայրացել է Իռլանդիայի խաղից հետո, իսկ Արթուրը հավատում է ԵՎՐՈ-2016-ում հաջողությանը


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ամենաամրակազմ ու ֆիզիկապես ուժեղ ֆուտբոլիստներն են այս անգամ բացահայտում իրենց ու թիմի գաղտնիքները:

Mediamax Sport-ին տված հարցազրույցում Մոսկվայի «Սպարտակի» ու Ալմա Աթայի «Կայրաթի» ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արթուր Եդիգարյանը խոսում են ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլի, անմոռանալի հաղթանակի, իրենց նմանությունների ու ծանոթության մասին, պատմում, թե ինչպես են երկրպագուները գալիս իրենց մասնակցությամբ հանդիպումները դիտելու:

Ֆուտբոլիստներին միմյանց հետ «բռնացնել» ու խոսել չստացվեց, այդ պատճառով էլ նրանք առանձին-առանձին են պատասխանել նույն հարցերին: Այնպես որ իրենց համար էլ անակնկալ են լինելու պատասխանները:

- Ինչպե՞ս դասավորվեց նախորդ մրցաշրջանը ձեզ համար, ու գոհ ե՞ք ձեր թիմերի ցուցադրած խաղից:

Յուրա. «Սպարտակը» մրցաշրջանը լավ սկսեց, բայց ավարտեց շատ վատ: Արդյունքից, բնականաբար, դժգոհ եմ: Կարծում եմ, նոր մրցաշրջանում շատ բան ունենք անելու ու ապացուցելու:

Արթուր. Նոր մարզչի գլխավորությամբ մեր ընտրանին առաջին անգամ հավաք անցկացրեց ու 3 հանդիպում ունեցավ: Շատ կցանկանայի բոլոր հանդիպումներում էլ հանդես գալ, բայց Ղազախստանի առաջնության անցկացման համակարգն ուրիշ է, ու չէի կարող ավելի երկար ժամանակով բացակայել: Դրա համար էլ մեկ հանդիպման եմ մասնակցել: Մեզ համար կարեւոր էր նման ուժեղ հավաքականների հետ խաղալ, մեծ փորձ ձեռք բերեցինք, մանավանդ, Գերմանիայի հետ խաղում: Իսկ ակումբիս՝  «Կայրաթի» առաջնային նպատակը Ղազախստանի չեմպիոն ու գավաթակիր դառնալն է:



- Հայաստանի ազգային ընտրանին այս տարի ի՞նչ խնդիր է դնելու իր առջեւ:

Յուրա. Մեր միակ խնդիրը խմբային փուլը հաղթահարելն է: Սա շատ լուրջ նպատակ է, որին հասնելու համար պետք է կարողանանք լավ հանդիպումներ անցկացնել:

Արթուր. Մեր խնդիրը միշտ էլ նույնն է` արդյունավետ հանդես գալ ու ամեն խաղում հասնել հաղթանակի: Նման արդյունքը մեզ թույլ կտա դուրս գալ ԵՎՐՈ-2016-ի եզրափակիչ փուլ: Ես մեր շանսերը բավականին ռեալ եմ գնահատում, հիմա բոլորն էլ լավ են ֆուտբոլ խաղում, ու Աշխարհի առաջնությունը դրա վառ ապացույցն էր:

- Մեր թիմը առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում, բայց արդյունքի տեսանկյունից մեծ տեղաշարժեր չկան: Ի՞նչն է պակասում Հայաստանի հավաքականին:

Յուրա. Պակասում է փորձն ու մի փոքր էլ բախտը: Մնացածն արդեն, կարծում եմ, կա մեր թիմում:

Արթուր. Պատճառն այն է, որ ԱԱ-2014-ի խմբային փուլում շատ փորձարկումներ եղան, նոր տակտիկական սխեմաներով խաղացինք: Առաջիկայում արդյունք անպայման կլինի, մենք հավատում ենք սեփական ուժերին:

- Ո՞րն է եղել հավաքականում ամենաանմոռանալի հաղթանակը ձեզ համար:

Յուրա. Երկու խաղ կառանձնացնեմ՝ Մակեդոնիայի ու Դանիայի հավաքականների դեմ: Սրանք անմոռանալի հաղթանակներ են ինձ համար:



Արթուր. Երեւի ԵՎՐՈ-2012-ի խմբային փուլում Մակեդոնիայի նկատմամբ տարած հաղթանակն էր, այն մեզ հույս տվեց, որ ուղեգրի համար պայքարենք Իռլանդիայի հետ խաղում: Եվ Մալթայից կրած ցավալի պարտությունից հետո, որ կարողացանք խոշոր հաշվով Դանիային հաղթել:

- Երբեւէ եղե՞լ է, որ արտասվեք կամ զայրանաք ազգային հավաքականի պատճառով:

Յուրա. Այո, եղել է: Շատ եմ զայրացել Իռլանդիայի խաղից հետո:

Արթուր
. Անհնար է երբեմն չզայրանալ, մանավանդ ցավալի պարտություններից հետո:

- Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ձեր կյանքում այն բանից հետո, երբ սկսել եք հանդես գալ «Սպարտակի» ու «Կայրաթի» կազմերում:

Յուրա. Այնտեղ գնալուց հետո շատ բաներ եմ սովորել, ֆուտբոլային աճ եմ գրանցել: Բայց ինչ-որ գլոբալ փոփոխություններ իմ կյանքում չեն եղել:

Արթուր. Դե, ընտանիքով տեղափոխվել ենք Ալմա Աթա, շատ լավ է այնտեղ, հեշտ ենք հարմարվել: Հայկական համայնք ու եկեղեցի էլ կա, ու այնտեղի հայերը մենզ շատ են օգնել: Ալմա Աթան նման է մեր Ծաղկաձորին, գեղեցիկ սարեր ունի, օդն էլ մաքուր է, մեզ դուր է գալիս այդ քաղաքում ապրելը:



- Ինչպիսի՞ն են ձեր ակումբների երկրպագուներն, ու ո՞րն է եղել ամենայուրահատուկ սատարումը, որ ցուցաբերել են:

Յուրա. Մեր թիմի երկպագուները շատ լավն են: Բազմաթիվ խաղերում են նրանք սատարել ինչպես ինձ, այնպես էլ ողջ թիմին: Անչափ հաճելի էր, երբ նրանք ինձ երգ նվիրեցին:

Արթուր. Շատ նվիրված երկրպագուներ են: Նախորդ տարի, երբ 3-րդ տեղը զբաղեցրինք առաջնությունում ու Եվրոպայի Լիգայի ուղեգիր ձեռք բերեցինք, նրանց ուրախությանը չափ չկար: Վերջին անգամ թիմը հաջողություն էր ունեցել մեկ էլ 2006 թվականին: Հիմա ավելի ենք պարտավորված լավ հանդես գալ ու ուրախացնել նրանց:

- Հիշո՞ւմ եք՝ ինչպես է տեղի ունեցել ձեր առաջին ծանոթությունը: 

Յուրա. Ճիշտն ասած, չեմ հիշում: Երեւի Արթուրի հետ հանդիպել ենք, երբ առաջին անգամ միացա ազգային հավաքականին: Եթե չեմ սխալվում, դա եղել է Իրանի դեմ  ընկերական խաղից առաջ:

Արթուր. Մենք ծանոթացել ենք Իրանի դեմ ընկերական խաղից առաջ, դա 2010 թվականին էր: Յուրան հիմնական կազմում խաղադաշտ դուրս եկավ այդ օրը, սակայն վատառողջ էր ու շատ շուտ փոխարինվեց: Նա շատ բարի, հոգատար, լավ մարդ է, հիանալի ֆուտբոլիստ ու սիրող հայր: Նրա հայրն էլ իմ հայրիկի հետ է ֆուտբոլ խաղացել, այնպես որ մենք իրար շատ լավ ենք ճանաչում:

- Իսկ ի՞նչ ընդհանրություններ ունեք դուք:

Յուրա. Չգիտեմ, հնարավոր է, որ չունենք:



Արթուր
. Իհարկե, շատ տարբեր ենք, բայց նման ենք բարությամբ ու հոգատարությամբ:

- Ո՞ր ոճի հագուստ կրելիս չեք պատկերացնում իրար:

Յուրա. Լայն տաբատով ու շապիկով, ինչպես հագնում են հիփ-հոփ երգիչները:

Արթուր
. Խիստ դասական ոճում, միայն փողկապներով կամ թիթեռնիկներով:

- Ինչո՞ւ են մարդիկ գալիս ստադիոն հատուկ ձեր խաղը նայելու համար:

Յուրա. Կարծում եմ, որ գալիս են ոչ թե հատկապես իմ, այլ թիմի խաղը տեսնելու համար: Ես պարզապես գոլեր եմ խփում եւ ուրախացնում մարդկանց:

Արթուր
. Երեւի հաճույք են ստանում, դրա համար:



- Ինչպե՞ս են սոցցանցերն օգնում շփվել եկրպագուների հետ:

Յուրա. Շփման այդ տեսակը շատ հեշտ է ու ինձ ավելի է մտերմացնում երկրպագուների հետ:

Արթուր
. Ես այդքան էլ ակտիվ չեմ սոցցանցերում, բայց լավ եմ վերաբերվում, երբ մարզիկները շփվում են իրենց երկրպագուների հետ:

- Ամենաանհեթեթ բանը, որ ԶԼՄ-ում գրել են ձեր մասին:

Յուրա. Եղել է նման բան, բայց չէի ցանկանա, որպեսզի խոսեմ դրա մասին:

Արթուր
. Շատ են լինում դեպքեր, երբ գրում են, որ փոխարինման եմ դուրս եկել, կամ չեմ խաղացել, այն դեպքում, երբ նման բան չի եղել, բայց ես դրանց ուշադրություն չեմ դարձնում: Ես նաեւ ԶԼՄ-ում տեղ գտած քննադատություններին մեծ ուշադրություն չեմ դարձնում, միայն մարզիչը կարող է խաղից հետո մեզ գնահատական տալ:

Իսկ հիմա մի քանի հարց, որոնք կփորձեն պարզել, թե որքանով գիտեք իրար ու մեր հավաքականը:

- Յուրա, մինչեւ «Կայրաթ» տեղափոխվելը ո՞ր թիմում է հանդես եկել Արթուր Եդիգարյանը:

Յուրա. Մի րոպե մտածեմ: Ուկրաինայում էր խաղում, հետո եկավ Հայաստան մի փոքր խաղաց ու էլի գնաց (ուկրաինական «Գովերլա» - խմբ.)

-«Փյունիկի» կազմում Արթուրը ո՞ր թվականներին է դարձել Հայաստանի չեմպիոն:

Յուրա. Չեմ կարող ասել (2006-2009թթ. - խմբ.)

- Արթուր, ո՞ր խաղում է Մովսիսյանը նշել իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում, ու հանդիպումն ինչպե՞ս է ավարտվել:

Արթուր
. Իրանի դեմ խաղում. ցավոք, այդ խաղն ավարտվել է մեր պարտությամբ 1:3 հաշվով:

- Ի՞նչ իր հետ բերեց Մովսիսյանը հավաքական, որ մինչ այդ չկար:

Արթուր. Յուրան մեծ ուժ է Հայաստանի հավաքականի համար: Նա, ամենակարեւորը, գոլեր բերեց, սրություն հաղորդեց հարձակման գծին: Յուրան նաեւ արագություն, ուժ, եռանդ հաղորդեց մեր թիմին:

- Իսկ ո՞վ է մեր հավաքականի լավագույն ռմբարկուն:

Յուրա. Հենրիխ Մխիթարյանը:



Արթուր. Հենրիխ Մխիթարյանն է, եթե չեմ սխալվում, մոտ 13 կամ 14 գոլ է խփել:

- Ո՞ր մարզիչն է ամենաշատը ղեկավարել Հայաստանի ազգային ընտրանին:

Յուրա. Միանշանակ, Վարդան Մինասյանը:

Արթուր
. Վարդան Մինասյանը:
 
- Ի՞նչպիսին էր այս ամառը ձեզ համար, ու հասցրեցիք հանգստանալ:

Յուրա. Ամռանը հիմնականում փորձել եմ ապաքինվել վնասվածքից:

Արթուր
. Ողջ ամռան ընթացքում «Կայրաթը» ելույթ է ունեցել, շատ խիտ գրաֆիկով ենք հանդես գալիս՝ 4 օրը մեկ խաղում ենք, հետո նաեւ հավաքականին եմ միանալու: Այնպես որ, հանգստանալու ժամանակ չի եղել:

Յուրա Մովսիսյանի ու Արթուր Եդիգարյանի հետ զրուցել են Գոհար Նալբանդյանն ու Հասմիկ Բաբայանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին