Ապրիլ 24, 2024
exclusive
8424 դիտում

Ջուլիա Դույմովից. «Սիրում եմ ինքս ինձ, իմ մարմինը եւ ցուցադրում այն»

Ջուլիա Դույմովից
Ջուլիա Դույմովից

Լուսանկարը` dujmovits.com


Ավստրիայի հավաքականի անդամ Ջուլիա Դույմովիցն ընդամենն երկու ամիս առաջ Սոչիում սնոուբորդի զուգահեռ ոլորավայրէջքում օլիմպիական խաղերի չեմպիոն հռչակվեց: Սնոուբորդինգը Դույմովիցին գրավել է դեռ 9 տարեկանում, երբ ընտանիքով մեկնել էին հանգստանալու: Առաջին անգամ էր սնոուբորդ վարում, եւ դա սեր էր առաջին հայացքից: Դրան հաջորդեցին սնոուբորդի ուիքենդներն ամբողջ Ավստրիայով` Red Hot Chili Güssing սպորտային ակումբի հետ: Դույմովիցն առաջին անգամ մրցումների մասնակցեց, երբ ընդամենը 11 տարեկան էր, իսկ առաջին հաջողությունները նրա համար ճանապարհ հարթեցին դեպի Ավստրիայի դահուկավազքի ֆեդերացիա: Արդեն 15 տարեկանում Ջուլիան մասնակցում է Աշխարհի գավաթի խաղարկությանը: Դրանից հետո հաջողությունները սկսեցին հաջորդել մեկը մյուսին:

Այս շաբաթվա գեղեցկուհին առաջնորդվում է «Ոճը կենսակերպ է: Երբեք մի մոռացեք ժպիտ կրել» կարգախոսով:



- Ջուլիա, Սոչիի օլիմպիական խաղերը քեզ համար հաջող դասավորվեցին, եւ դու հայրենիք վերադարձար օլիմպիական չեմպիոնի կոչմամբ: Ինչո՞վ կհիշվի օլիմպիական Սոչին քեզ համար:
 
- Վերելքների ու վայրէջքների 4 տարիներ են նախորդել օլիմպիական չեմպիոնի այս կոչմանը: Ես միշտ մնացել եմ ինքնորոշված եւ հաստատակամ առաջ եմ շարժվել իմ ուժեղ թիմի հետ միասին: Իմ առջեւ օլիմպիական ոսկի նվաճելու նպատակը դրեցի, կենտրոնացա եւ աշխատեցի դրան հասնելու համար: Իմ սնոուբորդի աջ ձեռնոցի վրա գրել էի «Կենտրոնացիր» բառը, իսկ ձախի վրա` «Ֆինիշ»: Սոչիում ամենահուզիչ իրադարձություններից մեկն օլիմպիական խաղերի պարգեւատրման արարողությունն էր: Այն անցկացվում էր Austria Tirol House-ում, եւ մյուս մրցանակակիրների հետ այդ արարողության մասնակիցը լինելն իսկապես հիանալի էր:

- Ամփոփելով Սոչիի օլիմպիական խաղերում քո ելույթները` որո՞նք ես համարում այն հիմնական առավելությունները, որոնց շնորհիվ դարձար օլիմպիական չեմպիոն: 

- Սպորտն անհամար պայծառ ակնթարթների շտեմարան է, որը մեծ քանակությամբ էներգիա է հաղորդում` անգամ չափազանց լարված մարզումների գնով: Իմ կարիերայի ընթացքում միշտ հետեւել եմ հետեւյալ սկզբունքին. այն, ինչը քեզ համար մարտահրավեր չի դառնում, չի կարող քեզ փոխել:
Սպորտի նկատմամբ իմ սերը դարձրեցի կարիերա: Ամեն օր զբաղվում եմ իմ սիրած գործով: Սպառում եմ ուժերս եւ սնոուբորդ քշում:

- Օլիմպիական խաղերն արդեն անցյալում են: Փորձու՞մ ես առաջ շարժվել, թե՞ դեռ հանգստանում ես:

- Նախորդ շաբաթները լի էին PR-ի հետ կապված միջոցառումներով, ֆոտոշարքերով, հեռուստատեսային նկարահանումներով... Դրանք բոլորը հիանալի բաներ են, բայց նաեւ չափազանց հոգնեցնող: Հիմա անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ մեկնելու ԱՄՆ Հավայան կղզիներ: Ապրիլի վերջից մինչեւ հուլիսի սկիզբ գտնվելու եմ այնտեղ եւ անցկացնելու իմ նախամրցաշրջանային մարզումները: Այն համարում եմ մարզումների համար լավագույն վայրը:



- Օլիմպիական ոսկե մեդալ, հանրային ճանաչում: Սպորտում ինչ որ անկատար երազանքներ մնացե՞լ են:

- Պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելը եւ օլիմպիական մեդալն այն ամենն էին, ինչին ես ձգտում էի հասնել: Իմ կարիերայի ընթացքում բազմաթիվ հիանալի պահեր եմ ապրել: Հիմա արդեն ես պետք է սկսեմ սպորտին ինչ-որ բան տալ: Ցանկանում եմ երեխաներին սովորեցնել այն, ինչ ինքս գիտեմ, ցույց տալ, թե ինչքան ուրախ է կյանքը, երբ այն սպորտով է լցված: Իմ թիմի հետ միասին այժմ մշակում եմ մի հայեցակարգ, որի միջոցով կարելի է ոգեւորել երեխաներին եւ շարժմանը խանդավառություն հաղորդել: 

- Զբաղվում ես նաեւ մոդելային կարիերայով:

- Ես սիրում եմ ինքս ինձ, սիրում եմ իմ մարմինը եւ, հետեւաբար, ցուցադրում այն:

- Կինը գեղեցիկ է, երբ…



- …Նրան դուր է գալիս այն, ինչ անում է: Այդ դեպքում նրա գեղեցկությունը երաշխավորված է:

- Պարզ է, որ ձյունը քո տարերքն է, իսկ ձյան բացակայության դեպքում ո՞ր մարզաձեւերն են քեզ գրավում:

- Կայտսերֆինգ, սերֆինգ, արշավներ, հեծանվավազք: Այս բոլոր մարզաձեւերով զբաղվում եմ Հավայի նահանգի Մաուի շրջանում, որտեղ էլ շուտով կրկին մեկնելու եմ:

- Հայկական սպորտի մասին լսածդ ամենազարմանալի ինֆորմացիան:



- Լսել եմ, որ Հայաստանի դահուկային հանգստավայրերը թաքուն հրաշքներ են, որոնց մասին, ցավոք, քչերը գիտեն: Իսկ սարերը պատված են այնպիսի ձյունով, որը չեք կարող գտնել Եվրոպայի որեւէ այլ վայրում:

- Ջուլիա, շնորհավորում ենք: Մեդիամաքս Սպորտ-ի կողմից դու ճանաչվել ես այս շաբաթվա գեղեցկուհի:

- Անչափ շնորհակալ եմ: Ձեր ընթերցողին հետեւյալը կմաղթեմ. իրականություն դարձրեք ձեր երազանքները: Ի դեպ, ես ակտիվ եմ սոց ցանցերում: Ինձ կարող եք գտնել Facebook-ում, Instagram-ում, Twitter-ում եւ YouTube-ում:

Ջուլիա Դույմովիցի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին