exclusive
81063 դիտում

Համլետ Մխիթարյան` մարդն ու ֆուտբոլիստը. մաս I

Mediamax Sport-ը որոշեց 5 մասերից բաղկացած հատուկ նախագիծ պատրաստել` նվիրված Համլետ Մխիթարյանին:

Համլետ Մխիթարյանը խաղընկերների հետ:
Համլետ Մխիթարյանը խաղընկերների հետ:

Լուսանկարը` Սամվել Պողոսյանի արխիվից:

Համլետ Մխիթարյանը պատանի խաղընկերների հետ:
Համլետ Մխիթարյանը պատանի խաղընկերների հետ:

Լուսանկարը` Ալբերտ Սարգսյանի արխիվից:

Գրոհում է Համլետ Մխիթարյանը:
Գրոհում է Համլետ Մխիթարյանը:

Լուսանկարը` Մարինա Թաշչյանի արխիվից:

Համլետ Մխիթարյանը «Արարատի» կազմում, ձախից` Լեւոն Իշտոնյանը:
Համլետ Մխիթարյանը «Արարատի» կազմում, ձախից` Լեւոն Իշտոնյանը:

Լուսանկարը` Մարինա Թաշչյանի արխիվից:

Գրոհում է Համլետ Մխիթարյանը:
Գրոհում է Համլետ Մխիթարյանը:

Լուսանկարը` Մարինա Թաշչյանի արխիվից:

Համլետ Մխիթարյանը Ֆրանսիայում:
Համլետ Մխիթարյանը Ֆրանսիայում:

Լուսանկարը` Սամվել Պողոսյանի արխիվից:


Այսօր Հայաստանում շատ-շատերը ապրում են Հենրիխ Մխիթարյանով` ուրախանալով նրա հաջողությունների, գեղեցիկ գոլերի եւ փոխանցումների համար ու տխրելով ժամանակավոր անհաջողությունների դեպքում: Ֆուտբոլասերները եւ մարզական մեկնաբանները հաճախ են խոսում այն մասին, որ Հենրիխը իր հոր` Համլետ Մխիթարյանի, լավագույն ավանդույթների շարունակողն է: Սակայն ունենք մի սերունդ, որը թեեւ լսել է Համլետ Մխիթարյանի մասին, շատ քիչ բան գիտի այդ մարդու ու ֆուտբոլիստի մասին:

Mediamax Sport-ը որոշեց 5 մասերից բաղկացած հատուկ նախագիծ պատրաստել` նվիրված Համլետ Մխիթարյանին:

Գոլեր խփել միշտ սիրել եմ, եթե անկեղծ, հենց դա էլ ինձ գրավել ու բերել է ֆուտբոլ

Ապագա ֆուտբոլիստն առաջին քայլերն արել է մարմնամարզությունում, այն էլ օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի մոտ: Սակայն Մխիթարյանը չէր կարող մարմնամարզիկ դառնալ, նրա ճանապարհն ու ապագան ֆուտբոլն էր:

Բակում թիմեր կազմելով ու իր հասակակիցների հետ ֆուտբոլ խաղալով, սակայն, Համլետը մտադիր չէր ավարտել ֆուտբոլային «կարիերան»: Ամեն ինչ սկսվեց այն օրը, երբ 13-ամյա Համլետին բակում ֆուտբոլ խաղալիս նկատեց «Արարատի» ֆուտբոլիստ Աշոտ Սահակյանը: Այդ տարիներին ֆուտբոլիստներին հանձնարարված էր աշխույժ ու լավ երեխաներ նկատելու դեպքում նրանց տանել ֆուտբոլի դպրոցներ: Աշոտ Սահակյանի թեթեւ ձեռքով պատանի Համլետը գայթակղվում է ֆուտբոլով, որն ամբողջովին կլանում է նրան:

«Գոլեր խփել միշտ սիրել եմ, եթե անկեղծ, հենց դա էլ ինձ գրավել ու բերել է ֆուտբոլ: Պատանի տարիքում ես շատ էի գոլեր խփում: Հիշում եմ, որ «Պատանեկության Գավաթ» մրցաշարի ժամանակ Ադրբեջանի հավաքականի հետ խաղում առաջին կեսում 7 գոլ խփեցի: Իսկ արդեն 1978-ին Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում Համամիութենական սպարտակիադայում մենք գրավեցինք 3-րդ տեղը: Այդ տարի էլ ինձ հրավիրեցին ԽՍՀՄ պատանեկան ընտրանու կազմ»,- ժամանակին խոստովանել է Համլետ Մխիթարյանը:

Համլետ Մխիթարյանը պատանի խաղընկերների հետ:
Լուսանկարը` Ալբերտ Սարգսյանի արխիվից:

1979 թվականին Արկադի Անդրեասյանը Մխիթարյանին հրավիրում է ԽՍՀՄ երկրորդ լիգայում հանդես եկող «Կոտայք», իսկ արդեն 7 ամիս անց նա դառնում է «Արարատի» երկրորդ կազմի խաղացող: Ֆուտբոլիստին ընդամենը մեկ մրցաշրջան էր անհրաժեշտ, որպեսզի համալրի երեւանյան ակումբի գլխավոր թիմն ու հանդես գա ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում:

1983-ից Մխիթարյանը, հիմնականում փոխարինման դուրս գալով, կարողանում է տարբեր խաղերում աչքի ընկնել ակտիվությամբ, նպատակասլացությամբ ու հարձակվողին հատուկ որակներով: Այդ թվականին մրցաշրջանը դեռ չմեկնարկած գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանն ասել է, որ փորձարկում են երիտասարդ ֆուտբոլիստների, «այդ թվում նաեւ եզրային հարձակվող Համլետ Մխիթարյանին, որը համարձակորեն մտնում է պայքարի մեջ եւ պատեհ առիթը բաց չի թողնում դարպասին հարվածելու համար»:

Մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով Մխիթարյանը դարձել է «Արարատի» ռեկորդակիր

1984-ին «Արարատ» է վերադառնում Նիկիտա Սիմոնյանը, որի ղեկավարությամբ 1973-ին երեւանյան թիմը դարձել էր ԽՍՀՄ չեմպիոն ու Գավաթակիր:

«Ես միշտ երկրպագել եմ «Արարատին»: 1973 թվականը շատ լավ տարի էր, բայց ես երկար կհիշեմ առաջնության վերջին խաղը, երբ մերոնք հաղթեցին «Զենիթին» 3:2 հաշվով ու չեմպիոններ դարձան: Երկու գնդակ խփեց իմ սիրելի խաղացողը՝ Էդուարդ Մարկարովը: Պատկերացրեք իմ երջանկության չափը, երբ խաղի ավարտից հետո ֆուտբոլային դպրոցի մի քանի երեխաների, այդ թվում եւ ինձ ասացին, որ պետք է արարատցիներին ծաղիկներ փոխանցենք: Ու ես ծաղիկները հանձնեցի հենց  Մարկարովին»,- պատմում էր Համլետ Մխիթարյանը:


Համլետ Մխիթարյանը «Արարատի» կազմում, ձախից` Լեւոն Իշտոնյանը:
Լուսանկարը` Մարինա Թաշչյանի արխիվից:

Լեգենդար թիմի լեգենդար մարզիչն էլ սկսեց ավելի վստահել Մխիթարյանին, ով 1984 թվականից սկսած խաղադաշտ էր դուրս գալիս մեկնարկային կազմում:

Մրցաշրջանի առաջին տնային խաղում «Արարատը» «Հրազդան» ստադիոնում հյուրընկալել էր Մոսկվայի «Դինամոյին» ու ջախջախել 5:2 հաշվով: Հանդիպման հերոսը Մխիթարյանն էր, ով այդ օրը խփել էր 4 գնդակ ու դարձել առաջնության լավագույն ռմբարկուն:


Տեսագրությունը տրամադրվել է Մ. Թաշչյանի կողմից` հատուկ Sport.Mediamax.am կայքի համար: 

«Պրոֆեսիոնալ ֆուտբոլում միայն արագության ու ուժեղ հարվածների հաշվին ոչնչի չես հասնի, պետք է տեխնիկական խորամանկություն, վստահություն ու ժամանակ, որպեսզի հասկանաս թիմակիցներիդ: Այդ չորս գոլերը թիմի կատարած աշխատանքի ու լավ փոխանցումների արդյունք էին: Կուզեմ, որ խաղաշրջանի ավարտից հետո էլ լինեմ լավագույն ռմբարկուն»,- խաղից հետո խոստովանել էր ֆուտբոլիստը:

Մասնագետներն ու ֆուտբոլասերները վաղուց էին սպասում, թե երբ ողջ ձայնով կխոսի երիտասարդ խաղացողը: Ու այդ օրը սկիզբ դրվեց Մխիթարյանի հաջողություններին:

1984 թվականի մրցաշրջանում այս ֆուտբոլիստը գրեթե ամեն խաղում կարողանում էր գոլեր խփել ու մինչեւ վերջին տուրը պայքարում էր լավագույն ռմբարկուի կոչման համար: Ինչպես փաստում են այդ թվականներին լույս տեսնող թերթերը, Մխիթարյանը միանգամից սիրվել է երկրպագուների կողմից ոչ միայն համարձակության, արագության, արագ կողմնորոշվելու, այլ նաեւ մրցակցի դարպասը անհագ գրավելու ցանկության շնորհիվ: Մխիթարյանը տիրապետում էր կտրուկ անցումների, լավ դրիբլինգի, հուժկու հարվածների, անհատական նուրբ վարպետության: 


Գրոհում է Համլետ Մխիթարյանը:
Լուսանկարը` Մարինա Թաշչյանի արխիվից:

Դեռ այն ժամանակ մասնագետները կրկնում էին, որ Համլետ Մխիթարյանի խաղային դիրքը որոշելը դժվար է. «Համլետը մեկ ակտիվություն է մտցնում ձախ եզրում, ապա աջում, հետո արագ տեղափոխվում է կենտրոն: Նա հատկապես վտանգավոր է հակագրոհների ժամանակ: Շատ արագ է, կարողանում է առաջ պոկվել պաշտպաններից ու ընթացքից դիպուկ հարվածներ կատարել: Ստանալով գնդակը՝ միանգամից հարվածում է: Քիչ չեն գնդակները, որոնք նա խփել է 25-30 մետրից»:

ԽՍՀՄ-ի 47-րդ առաջնության ռմբարկուների մրցավազքում առաջատարները Համլետ Մխիթարյանն ու Սերգեյ Անդրեւն էին: Մրցաշրջանի ավարտին, սակայն, Անդրեւը ընդամենը մեկ գնդակի առավելությամբ առաջ անցավ հայ ֆուտբոլիստից ու գրավեց առաջին տեղը: 18 գնդակով Մխիթարյանը երկրորդն էր: Համլետն առաջինն է, որ մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով դարձավ «Արարատի» ռմբարկու, միաժամանակ նաեւ թիմի ռեկորդակիր:

Խաղում շատ բան որոշում են փոխադարձ ըմբռնումն ու ներդաշնակ համագործակցությունը

Ըստ Համլետ Մխիթարյանի, 1984-ի պես գոլառատ ու հաջող տարին պայմանավորված է եղել երկու հանգամանքով.

«Մինչ 1984-ը ես հիմնականում մասնակցում էի պատանեկան, ապա նաեւ երիտասարդական հավաքականների խաղերին ու մարզումներին ու քիչ ժամանակ էի անցկացնում «Արարատի» հետ: Երկրորդ պատճառն էլ այն է, որ արդյունավետությունը բարձրացնելու համար հարկավոր է ոչ միայն թիմակիցների հետ խաղացվածություն ունենալ, այլեւ սովորել կիրառել տարբեր տակտիկական հնարքներ: Այս տարի ինձ այդ հարցերում շատ օգնեցին մարզիչներս ու թիմակիցներս, ու ես էլ կարողացա գոլեր խփել»:

«Սովետսկի վոյին» ամսագիրը «Հարձակման ասպետ» մրցանակը հանձնել է Մխիթարյանին, որն այդ տարվա առաջնությունում երեք անգամ դարձել է հեթ-տրիկի ու մեկ անգամ էլ պոկերի հեղինակ:

Մխիթարյանը խոստովանել է, որ թիմակիցներից յուրաքանչյուրի հետ էլ կարողանում է լեզու գտնել ու հասկանալ դաշտում: Ըստ նրա, խաղում շատ բան որոշում են փոխադարձ ըմբռնումն ու ներդաշնակ համագործակցությունը:


Գրոհում է Համլետ Մխիթարյանը:
Լուսանկարը` Մարինա Թաշչյանի արխիվից:
 
«Բայց ավելի համարձակ ու նպատակադրված ես խաղում, երբ փոխանցումը կատարում է Խորեն Հովհաննիսյանը: Նրա փոխանցումները, որպես կանոն, սուր են ու խիստ հաշվենկատ, այնպես որ մնում է գոլի վերածել»,- նշել էր ֆուտբոլիստը:

Իսկ ահա թիմի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը պատմում էր, որ Համլետ Մխիթարյանը մարզումների ու լավ խաղ ցուցադրելու վերաբերմունքով օրինակ պետք է ծառայի շատ ֆուտբոլիստների համար:

Հաջող մրցաշրջանի ավարտից հետո, երբ թիմը մեկնել էր Բուլղարիա հանգստանալու, Մխիթարյանը մնացել էր Երեւանում ու բուժում էր վնասվածքը: Իսկ մեկ տարի անց մրցակիցների պաշտպաններն արդեն ավելի զգոն էին խաղում Մխիթարյանի դեմ: Այդ ժամանակ էլ «Արարատի» ֆուտբոլիստն իր խաղում բազմազանություն մտցրեց: Ցածրահասակ ու նիհար Համլետը հասկանում էր, որ ուժային պայքարի մեջ մեծ հաջողությունների չի հասնի ու, հնարավորության դեպքում, խուսափում էր դրանից՝ հենվելով տեխնիկայի ու արագության վրա:

«Նախորդ տարի Համլետը լավագույն ռմբարկուների ցուցակում երկրորդն էր, ինչից հետո մրցակիցների պաշտպաններն ավելի ուշադիր են հսկում, դրա համար էլ նրա խաղաոճում որոշակի փոփոխություններ կան: Այժմ նա ստիպված է ավելի շատ պայքարել գնդակի համար»,- ասել էր Նիկիտա Սիմոնյանը:

7 տարի հանդես գալով «Արարատի» կազմում (168 հանդիպում ու 46 գոլ)՝ 1988-ին Համլետ Մխիթարյանը տեղափոխվում է Աբովյանի «Կոտայք»:

Տեղափոխություն Ֆրանսիա ու անավարտ մնացած նպատակներ

Մեկ տարի անց ֆրանսահայ Աբրահամ Հայրապետյանը, որը հետագայում դարձավ Համլետ Մխիթարյանի ընտանիքի կնքահայրը, «Կոտայքին» հրավիրում է Ֆրանսիա: Ընկերական խաղերի ժամանակ էլ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում են «Վալանս» հայկական ակումբի ղեկավարներն ու անում ամեն ինչ, որպեսզի Խորհրդային Միությունից կարողանան ֆուտբոլիստ տեղափոխել եվրոպական երկիր: Մոսկվայի թույլտվությունը ստանալուց հետո, հայ ֆուտբոլիստը դառնում է առաջին լեգիոնականներից մեկը:


Համլետ Մխիթարյանը Ֆրանսիայում:
Լուսանկարը` Սամվել Պողոսյանի արխիվից:

Մեկ տարվա պայմանագիրը երկարաձգվում է ու հասնում 5-ի, քանի որ Մխիթարյանին հաջողվում է ցույց տալ լավ խաղ, օգնել թիմին գոլերով ու հաղթանակներով: Նա «Վալանսում» 112 խաղերում դառնում է 30 գոլի հեղինակ:

1994-1995 թվականներին, երբ հանդես էր գալիս Իսսի-լե Մուլենոյի «Արարատում», ստիպված է լինում թողնել ֆուտբոլիստի կարիերան: 32-ամյա ֆուտբոլիստի մոտ հայտնաբերում են գլխուղեղի քաղցկեղ: Երեք վիրահատությունները ու ընտանիքի գործադրած ջանքերը, ցավոք, չեն փրկում Մխիթարյանի կյանքը: Երեւան վերադառնալուց հետո, 1996 թվականի մայիսի 6-ին, 33 տարեկան հասակում մահանում է հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Համլետ Մխիթարյանը:

Համլետ Մխիթարյանի մասին պատմող շարքի հաջորդ հոդվածներում Mediamax Sport-ը կներկայացնի նրա խաղընկերների, ընտանիքի անդամների ու հարազատների հիշողությունները:

Շարունակելի:

Հասմիկ Բաբայան
Գոհար Նալբանդյան

Նախագծի մտահղացումը` Արա Թադեւոսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին