Ապրիլ 19, 2024
exclusive
63803 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Վահան Բիչախչյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Վահան Բիչախչյանն ամենախոստումնալից ու տաղանդավոր հայ պատանի ֆուտբոլիստներից է: Նա ընդամենը 17 տարեկան է, սակայն արդեն հասցրել է փորձաշրջան անցնել եվրոպական մի քանի ուժեղ ակումբներում ու լավ տպավորություն թողնել:

Հիմա ֆուտբոլիստը պաշտպանում է Գյումրիի «Շիրակի» գույներն ու խաղում է մեծ նվիրվածությամբ: Բիչախչյանը ֆուտբոլի հետ կապված մեծ պլաններ ունի, որոնց մասին էլ պատմել է Mediamax Sport«Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքում:

Մարզաձեւը՝ ֆուտբոլ

Տարիքը՝ 17 տարեկան

Բնակվում է՝ Գյումրիում

Մարզական կերպարը՝ Հենրիխ Մխիթարյան

Նպատակը՝  հանդես գալ եվրոպական ուժեղ ակումբում ու օգնել Հայաստանի ազգային հավաքականին

Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆուտբոլի ընտրությունը. Փոքր տարիքից ֆուտբոլ շատ եմ սիրել, ինձ դուր էր գալիս գնդակի հետ տարբեր հնարքներ կատարել: Բակում ընկերներիս հետ հաճախ էի ֆուտբոլ խաղում: Այդպես էլ 5 տարեկանում սկսել եմ առաջին քայլերս կատարել ու հայտնվել եմ «Շիրակի» մանկապատանեկան թիմում: Այնուհետեւ որոշեցի շարունակել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:

Այն հանգամանքը, որ հայրս ֆուտբոլի մարզիչ է, այդքան էլ մեծ դերակատարում չունեցավ: Պետք է կարողանաս ֆուտբոլ խաղալ, ազգանունը ոչինչ էլ չի որոշում: Պարզապես եթե նպատակ ունես, պետք է հասնես դրան:

Սպորտային ընտանիք. Ընտանիքս անմիջականորեն կապ ունի սպորտի հետ: Պապիկս ծանրամարտի մարզիչ է արդեն երկար տարիներ, հայրս էլ մարզում է «Շիրակը»: Ծանրամարտի մարզումների եղել եմ, հետեւել եմ պապիկի աշխատանքին:

Չընտրեցի ծանրամարտը, որովհետեւ ֆուտբոլն է իմը, այն ավելի հոգեհարազատ է ինձ: Սիրում եմ գոլեր խփել, աչքի ընկնել ու օգնել թիմիս:

Նրանք երկուսն էլ ինձ միշտ ասել են, որ եթե աշխատանքիդ լուրջ վերաբերվես, կկարողանաս արդյունքի հասնել ու եթե մի բան սիրում ես, պետք է ամբողջությամբ նվիրվես:

Մարզիչ հայրիկը. Հայրիկի գլխավորությամբ մարզվելը չի խանգարում, հակառակը, շատ դեպքերում նույնիսկ օգնում է: Ինձ դուր է գալիս նրա հետ աշխատել, քանի որ իր խորհուրդները միշտ պետքական ու տեղին են լինում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզումների ժամանակ, ինչպես բոլորի, այնպես էլ իմ նկատմամբ խիստ է, հայր-որդի հարաբերություններ սպորտում չպետք է լինեն: Թիմակիցներիս պես ես էլ նրան մարզիչ եմ դիմում:

Փորձաշրջան.  Արդեն հասցրել եմ մի քանի ակումբերում ուժերս փորձել, եղել եմ իտալական «Ֆիորենտինայում», բելգիական «Գենտում» ու մոսկովյան ԲԿՄԱ-ում: Հետագայում կցանկանամ Իտալիայում հանդես գալ, այդ ակումբներից ամենաշատը հենց այնտեղ ինձ դուր եկավ:

Փորձաշրջանն ինձ շատ է օգնել, նման ակումբներում խաղալը մեծ փորձ ու վստահություն է տվել, ինչպես նաեւ օգնել հոգեբանորեն պատրաստ լինել: Հիմնական տարբերությունը հայկական ու արտասահմանյան ակումբների միջեւ արագության մեջ է: Իսկ մարզումներն իրարից այդքան էլ չեն տարբերվում:

Ուշադրության կենտրոնում. Ճիշտ է երիտասարդ տարքիում եմ ուշադրության կենտրոնում հայտնվել, բայց նման բաների վրա չեմ կենտրոնանում, քանի որ խանգարում է: Ամբողջ ուժերը պետք է մարզումներին ու խաղերին տրամադրել, որ կարողանաս օր օրի կատարելագործվել ու ցույց տալ որակներդ:

Լավ ֆուտբոլիստ դառնալու համար աշխատասիրություն է պետք, անմնացորդ նվիրում, ամենօրյա աշխատանք ու ֆուտբոլով ապրելու ցանկություն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մխիթարյանի օրինակով. Լսել եմ, որ ինձ համեմատում են Հենրիխ Մխիթարյան հետ, բնականաբար, այդ հանգամանքն ուրախացնում է: Հավանում եմ նրա խաղաոճը, շատ ֆուտբոլիստների պես ցանկանում նմանվել Հենրիխին ու այդպիսի մեծ բարձունքների հասնել: 

Ֆուտբոլը արագության խաղ է, ու կուզեի Հենրիխի արագությունը վերցնել, Ռոնալդուի պես տեխնիկապես ուժեղ լինել: Արագ մտածելու հատկությունը բնորոշ է բարձրակարգ ակումբներում հանդես եկող շատ ֆուտբոլիստների, այլապես նրանք բոլորի ուշադրության կենտրոնում չէին լինի: Անպայման այդ որակից էլ պետք է ունենալ:

Հարազատ ակումբ. Բոլորն էլ գիտեն, որ «Շիրակը» շատ հին պատմություն ունի, մինչեւ այսօր էլ մնացած թիմերից ամեն ինչով առանձնացել է: Ինձ համար մեծ պատիվ է այնտեղ խաղալը, հաճույք եմ ստանում խանընկերներիս կողքին: Հիմա էլ պայքարում ենք չեմպիոնության համար ու ամեն ինչ անելու ենք, որ այդ կոչմանն արժանանանք:

Թիմի կազմում գոլեր շատ եմ խփել, բայց առհասարակ իմ կարիերայում ամենահիշարժանն ու անմոռանալին եղել է Եվրոպայի Լիգայում «Դիլայի» դարպասը խփած գնդակը: Մենք հաղթեցինք ու կարողացանք անցնել հաջորդ փուլ:

Երիտասարդական հավաքական.  Այժմ նաեւ մինչեւ 19 տարեկանների թիմում եմ հանդես գալիս: Առաջին անգամ հրավիրվել եմ Իսրայելի դեմ խաղում: Մեծ պատիվ, բայց նաեւ պատասխանատվություն է ազգային ընտրանու խաղաշապիկը կրելը: Երբ շապիկին երկրիդ զինանշանն է, ամեն ինչ անբացատրելի է: Ազգի պատիվը բարձր պահելու համար ուզում ես անհնարինն անել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հավաքական հրավիրվելը յուրաքանչյուր ֆուտբոլիստի ցանկությունն է: Դեռ շատ աշխատելու ու պարապելու տեղ ունեմ, որ մեծահասակների թիմում խաղամ: Կարծում եմ ժամանակի հարց է, մեր երկրում էլ ֆուտբոլը զարգացում կունենա ու հաջողություններ կարձանագրվեն:

Գյումրին ու Ռեմարկը. Գյումրին իմ ծննդավայրն է, ուր էլ լինեմ ձգտում եմ վերադառնալ հարազատ քաղաք: Այնտեղ ամեն ինչ այլ է, ընտանիքս ու ընկերներս են ապրում, որոնք շատ կարեւոր են ինձ համար ու փորձում եմ շատ ժամանակ անցկացնել նրանց հետ:

Ազատ ժամանակ նաեւ սիրում եմ հետեւել թենիսի ու ըմբշամարտի մրցումներին, գրքեր կարդալ: Հիմա Ռեմարկի «Հաղթական կամարն» եմ ընթերցում, հաջորդը «3 ընկերն» է լինելու: Անգլերեն եմ պարապում, լեզու իմանալը շատ կարեւոր է, մանավանդ եթե ուզում եմ արտերկրում հանդես գալ:

Այս պահին ինձ համար կարեւորը ֆուտբոլն է: Նպատակս է լավ ֆուտբոլիստ դառնալ, խաղալ արտերկրում ու օգնել մեր հավաքկանին:

Վահան Բիչախչյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին