Ապրիլ 24, 2024
2242 դիտում

Տալալաեւ. «Մաքքաբին» համառ է ու ԵԼ-ում խաղալու մեծ փորձ ունի


Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC Pyunik


Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլում Երեւանի «Փյունիկը» վաղը Երեւանում հյուրընկալելու է իսրայելական «Մաքքաբիին»:

Այսօր երեւանյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը եւ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել են իրենց թիմի շանսերի ու մրցակցի մասին:

 

 

Տալալաեւ

 

Մեզ ավելի ու ավելի ուժեղ մրցակիցներ են բաժին հասնում, «Մաքքաբին» շատ համառ է: Եթե «Վարդառում» անհատապես ուժեղ խաղացողներն էին ավելի շատ ու թիմային պայքարը չբավականացրեց, որ մեզ հաղթեն, ապա «Տոբոլի» դեպքում անհատական որակներն էին քիչ: Հիմա խաղալու ենք հավաքված ու ուժեղ ֆուտբոլիստներ ունեցող մրցակցի հետ, որը կազմակերպված է ու ԵԼ-ում խաղալու մեծ փորձ ունի:

 

«Մաքքաբին» նաեւ լավ մարզիչ ունի, նա Հունաստանում  է աշխատել ու հաջողությունների հասել, հիմա էլ նույնն Իսրայելում է անում: Նա յուրահատուկ մարզչական ձեռագիր ունի: Հաճելի կլինի մրցակցել, թեեւ տարբեր ռեսուրսներ ունենք, բայց ոչ մեկից չենք վախենում:

 

Ուրախալի է, որ երկրպագուները գալիս են մեր խաղերին, մյուս ուրախալի փաստը Էրիկ Վարդանյանի վերադարձն է թիմ: Այսօր լուրջ հավաք ենք ունեցել մանկապատանեկան ֆուտբոլի հետ կապված: Արմեն Գյուլբուդաղյանցն է մեզ հետ աշխատում, նա մանկապատանեկան ֆուտբոլում լավագույնն է ու Հայաստանի ամենալավ մարզիչներից մեկը: Միլանից մարզիչ ունենք, երկու հոգի էլ Ռուսաստանից ենք հրավիրել, որպեսզի արդյունքի հասնենք:

 

Հույս ունենք, որ «Փյունիկն» առաջատար է լինելու հայկական ֆուտբոլում բոլոր տարիքային խմբերում: Այսօր ԵԼ-ն է ուշադրության կենտրոնում, բայց առանց այդ հիմնական աշխատանքի ոչինչ չի լինի: Հույս ունենք, որ այդ աշխատանքն արդյունք կտա ու հաջորդ տարի էլ ավելի լավ հանդես կգանք:  

Լուսանկարը` FC Pyunik

 

Ավետիսյան

 

Շատ ցավում եմ, որ կարիերայիս առաջին կարմիր քարտի պատճառով վաղը բացակայելու եմ: Բայց մենք պատրաստ ենք այս խաղերին, թիմում լավ մթնոլորտ է, այս հաղթանակն էլ ավելի է ամրապնդել թիմային ոգին: Այս փուլն անցնելը իրատեսական է: Խաղադաշտում անմնացորդ նվիրումով ենք գործելու: 

 

Տալալաեւն իր հետ նոր փիլիսոփայություն, տակտիկա ու ոճ է բերել, շատ մեծ աշխատանք ենք կատարել նրա հետ: Արդյունքը, կարծում եմ, տեսնում եք` 3-րդ փուլում ենք ու կփորձենք հաղթահարել նաեւ այն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին