Բելգիան Աշխարհի առաջնությունում իսկական գոլային հրավառություն է արել, Մեքսիկան 2-րդը հաղթանակը տարել, իսկ 2014-ի Աշխարհի չեմպիոն Գերմանիան միայն խաղավարտին է կարողացել հաղթանակ կորզել:
Անկասելի Բելգիան
Աշխարհի առաջնությունում շարունակում է տպավորիչ, գոլառատ ու գեղեցիկ խաղ ցույց տալ Բելգիայի ընտրանին:
Այս անգամ բելգիացիների գոլային տարափին չի դիմացել Թունիսի ընտրանին: Հանդիպումն ամենագոլառատն է եղել այս ԱԱ-ի ընթացքում ու ավարտվել է 5:2 հաշվով:
Լուսանկարը` Fifa.com
Բելգիացիներից դուբլի հեղինակներ են դարձել Ռոմելու Լուկակուն ու Էդեն Ազարը, գոլից մեկը նա խփել է 11-մետրանոցից, մեկ անգամ էլ աչքի է ընկել Միշի Բատշուային:
Բելգիան 7-րդ հավաքականն է, որ ԱԱ-ը սկսել է 2 խոշոր հաշվով հաղթանակներով:
Թունիսի կազմում գոլերը հեղինակել են Դիլան Բրոնն ու Վահբի Խազրին:
Բելգիան 6 միավորով G խմբի առաջատարն է, Անգլիայի ընտրանին դեռ մեկ հանդիպում պակաս է անցկացրել ու 3 միավոր ունի, այսօր այն խաղալու է Պանամայի հետ:
Գերմանիայի փրկիչ Կրոսը
F խմբում էլ անպարտելի հանդիպումների շարքը շարունակում է Մեքսիկայի ընտրանին: Գերմանիային հաթելուց հետո, այն ուժեղ է եղել նաեւ Հարավային Կորեայի թիմից: Խաղն ավարտվել է 2:1 հաշվով:
Լուսանկարը` Fifa.com
26-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացել է Կառլոս Վելան, 40 րոպե անց աչքի է ընկել Խավիեր Հերնանդեսը: Հարավային Կորեան խաղավարտին Սոն Խին Մինի գոլի շնորհիվ միայն կարողացել է կրճատել հաշիվը:
Նույն խմբում Գերմանիան դժվարին ու կամային հաղթանակ է տարել Շվեդիայի նկատմամբ՝ 2:1: Հաշիվը բացել են շվեդները Օլա Տոյվոնենի գոլի շնորհիվ:
Լուսանկարը` Fifa.com
Մեծ դժվարությամբ 2014-ի չեմպիոնները Մարկո Ռոյսի օգնւթյամբ հավասարեցրել են հաշիվը: Ու չնայած Ժերոմ Բոատենգի հեռացումից հետո Գերմանիան 10 հոգով է մնացել, 90+5-րդ րոպեին Թոնի Կրոսը տուգանայինից գեղեցիկ գոլով հաղթանակ է պարգեւել Գերմանիային: Պարտության դեպքում Յոահիմ Լյովի սաները դուրս կմնային պայքարից:
Այժմ Մեքսիկան 6 միավոր ունի, իսկ Գերմանիան ու Շվեդիան՝ 3-ական:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: