9655 դիտում

Մխիթարյան. Հայաստանի գլխավոր դեսպանը Ազնավուրն է, ոչ թե ես


Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` dailymail.co.uk


Մինչ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է դուրս մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակից, նրա մասին նոր ֆիլմեր են ներկայացվում:

«Միկին` հայ հերոսը» ֆիլմի շնորհանդեսից հետո հայ կիսապաշտպանի մասին պատմել է նաեւ matchtv-ն: Մխիթարյանը ֆիլմում խոսել է իր ընտանիքի, կարիերայի, Զլատան Իբրահիմովիչի հետ ընկերության ու շատ այլ բաների մասին:

Հայաստանի գլխավոր դեսպանը

Հայաստանի գլխավոր դեսպանը Շառլ Ազնավուրն է: Այն ինչ նա անում է Հայաստանի համար, շատ ավելին է, քան իմ արածը: Կան մարդիկ, որոնք ֆուտբոլով չեն հետաքրքրվում, բայց նրանց ուշադրության կենտրոնում մշակույթն է ու Ազնավուրը:

Ֆուտբոլային նպատակները

Ինձ համար կարեւորը տիտղոսներ նվաճելն է, քանի որ կարիերայի վերջում դրանք են հիշում, եթե անուն վաստակես, հետո այն քո օգտին կաշխատի: Փորձում եմ հենց դրա համար էլ խաղալ, որ մարդիկ ինձ հիշեն:

Լուսանկարը` manutd.com


Ամենագլխավոր նպատակս Չեմպիոնների Լիգան հաղթելն է: Իսկ հավաքականների մակարդակով, բնականաբար, կցանկանամ խաղալ Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում:

«Սպարտակի» ու «Անժիի» առաջարկների մասին

Ես հետեւում էի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ու Իսպանիայի առաջնություններին: Ինձ համար իսկական օրինակը Զիդանն էր: Նրանից շատ բան եմ սովորել՝ ինչպես ինձ պահել, մարզվել:

Ժամանակին «Սպարտակն» էր հետարքրված ինձնով, այնուհետեւ առաջարկ եղավ նաեւ «Անժիից», բայց չէի ուզում հեռանալ «Շախտյորից», դա հետընթաց կլիներ,  մինչդեռ ես լրիվ հակառակն էի ուզում՝ տեղափոխվել ավելի ուժեղ ակումբ:

Փողի կարեւորությունը

Երբեք ուշադրություն չեմ դարձրել ֆինանսական պայմաններին, եթե այդ մասին մտածես, ֆուտբոլը 2-րդ պլան կմղվի: Միշտ կարծել եմ, որ ուժեղ ակումբներում հանդես գալու դեպքում գումարն էլ ինքնըստինքյան կլինի: Մինչեւ հիմա էլ հստակ չգիտեմ, թե ինչքան գումար եմ վաստակում:

Լուսանկարը` Reuters


Իհարկե, պայմանագրի արժեքը գիտեմ, բայց ամսական աշխատավարձիս մասին պատկերացում չունեմ: Ինձ համար կարեւորը խաղալն ու հաճույք ստանալն է: Դեռ 28 տարեկան եմ, մի քանի տարի էլ եմ ուզում բարձրակարգ ֆուտբոլ ցույց տալ, հետո նոր մտածել գումար աշխատելու մասին:

Կյանքը Մանչեսթերում

Հաճախ եմ քաղաքում ընթրում: Ինձ շատ դուր է գալիս Մանչեսթերը, ձմռանն Ամանորի տոնավաճառներ են անցկացվում, շատ հետաքրքիր է լինում: Շոկոլադե միջուկով նրբաբլիթներ են վաճառում, գինի, ամեն ինչ տոնական է լինում:

Հայկական ռեստորանն առաջին տեղերից էր, որ այցելել եմ: Ծանոթացել եմ տիրոջ հետ, ու հիմա մենք ընկերություն ենք անում: Վերջինն այնտեղ Զլատանին եմ հրավիրել՝ «Սենթ Էթյենի» հետ խաղի նախօրեին: Հայկական ուտելիքները համտեսելուց հետո Զլատանը հեթ-տրիկ ձեւակերպեց: Լավ հիշողություններ են մնացել:

Լուսանկարը` dailymail.co.uk


Աստվածային Զլատանը

Զլատանը շատ ծանր բնավորություն ունի, ու մարդիկ չեն հասկանում նրա կատակները: Բայց մենք հենց առաջին օրվանից լավ հարաբերություններ ենք ունեցել:

Անգամ երբ նա վնասվածք էր ստացել ու թիմի հետ չէր, մենք շարունակում էինք շփվել: Բոլորը գիտեն, որ նա իրեն Աստված է համարում: Բայց երբ Ռոստովի հետ խաղին ժամանեցինք, ասացի. «Տեսնում ես, ո՞վ է այստեղ Աստված»: Նա հասկացավ, որ այլ Աստված էլ կա: Կատակում եմ, պարզապես շատ հայ երկրպագուներ էին մեզ դիմավորում ու իմ անունը տալիս:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին