Ապրիլ 25, 2024
14455 դիտում

Հենրիխ Մխիթարյանի «կապը» ԼեԲրոն Ջեյմսի եւ Զինեդին Զիդանի հետ


Հենրիխ Մխիթարյանը
Հենրիխ Մխիթարյանը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ իր համար չափազանց կարեւոր է ներկայացնել Հայաստանը՝ խաղալով աշխարհի ամենահայտնի ակումբներից մեկում:

Իր թիմի հետ ԱՄՆ-ում գտնվող Մխիթարյանն այդ մասին ասել է՝ պատասխանելով երկրպագուների հարցերին, որոնք հավաքագրել էր UNINTERRUPTED պարբերականը:

Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ իր ֆուտբոլային կուռքը միշտ եղել է Զինեդին Զիդանը, որին հանդիպելու հնարավորություն դեռեւս չի ունեցել: Հայ ֆուտբոլիստն ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Մադրիդի «Ռեալին» հանդիպելու է հուլիսի 23-ին ԱՄՆ-ում, ինչպես նաեւ օգոստոսին՝ Եվրոպայի Սուպերգավաթի համար խաղում՝ անուղղակի կերպով հույս հայտնելով, որ կհանդիպի «Ռեալի» գլխավոր մարզչին:

Խոսելով իրեն ամենաշատ տպավորած մարզադաշտի մասին, Հենրիխ Մխիթարյանը նշել է Դորտմունդի ստադիոնը՝ ասելով, որ այնտեղի երկրպագուների աջակցությունը պարզապես անհավանական էր:

Պատասխանելով այն հարցին, թե ո՞վ է իր ամենամտերիմ ընկերը «Մանչեսթեր Յունայթեդում», հայ Ֆուտբոլիստը չի նշել որեւէ մեկին: «Մեզ մոտ հրաշալի միջավայր է, ինչպես ընտանիքում: Իսկ ընտանիքում դուք չեք առանձնացնում որեւէ մեկին», - նկատել է նա:

Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ եթե ֆուտբոլիստ չլիներ, երեւի իրավաբան կդառնար: «Իրավաբանները միշտ գեղեցիկ կոստյումներ են հագնում, միգուցե դա է պատճառը, որ ինձ գրավում է այդ մասնագիտությունը», - կատակել է նա:

Ի դեպ, Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը եւ դրա ազդագիրը իր ֆեյսբուքյան էջով տարածել է ամերիկյան բասկետբոլի գերաստղ ԼեԲրոն Ջեյմսը: Մխիթարյանն էլ նրան գրել է. «Բարեւ, ԼեԲրոն Ջեյմս: Ես քո մեծ երկրպագուն եմ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին