Ապրիլ 20, 2024
exclusive
2466 դիտում

Վարդան Մինասյանը կգլխավորի Կոստանայի «Տոբոլը»


Վարդան Մինասյան
Վարդան Մինասյան

Լուսանկարը` PanArmenian Photo


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը առաջիկա օրերին կգլխավորի Ղազախստանի Կոստանայ քաղաքի «Տոբոլ» ակումբը:

Ինչպես Մեդիամաքս Սպորտ-ին հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից, նման պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզչի եւ Կոստանայի մարզպետ Նուռալի Սադուակասովի բանակցությունների արդյունքում: 

Առաջիկա օրերին կողմերը կստորագրեն մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 1-ը նախատեսված պայմանագիր: Այդպիսով, Մինասյանը խաղադաշտ դուրս կբերի “Տոբոլը” արդեն առաջիկա կիրակի. բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում “Տոբոլը” Կոստանայում կընդունի “Տարազին”:

Մեդիամաքս-ին նաեւ հայտնի է դարձել, որ Վարդան Մինասյանին օգնելու է “Փյունիկ” ակումբի նախկին մարզիչ Ռաֆայել Նազարյանը:

Հիշեցնենք, որ «Տոբոլի» նախկին գլխավոր մարզիչ Սերգեյ Մասլենովն օրերս հրաժարականի դիմում էր ներկայացրել, որը պայմանավորված էր մրցաշրջանի սկզբում թիմի անհաջողություններով: Առաջին 6 խաղերում թիմը մեկ հաղթանակ էր տոնել եւ երկու ոչ ոքի խաղացել` վաստակելով ընդամենը 5 միավոր եւ ընթանալով 10-րդ տեղում:

Այսօր “Տոբոլը” սեփական հարկի տակ ընդունել է Ալմատիի “Կայրաթին” եւ, խաղի ընթացքում պարտվելով 0-2 հաշվով, երկրորդ խաղակեսում կարողացել է հավասարեցնել հաշիվը եւ միավոր վաստակել: Խաղին ներկա է եղել նաեւ Վարդան Մինասյանը: Ի դեպ, “Կայրաթի” գլխավոր մարզիչը Սլովակիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսն է, որի թիմին Վարդան Մինասյանի ղեկավարած Հայաստանի հավաքականը երկու անգամ հաղթեց Եվրոպայի առաջնության նախորդ ընտրական փուլում:

Նշենք նաեւ, որ Ղազախստանի առաջնությունում հանդես է գալիս 12 թիմ: Շրջանաձեւ երկու մրցափուլից հետո առաջին 6 տեղերը զբաղեցրած թիմերը շարունակում են պայքարը չեմպիոնության համար, իսկ երկրորդ վեցյակը որոշում է, թե ով հրաժեշտ կտա բարձրագույն խմբում:

Կոստանայը Ղազախստանի հյուսիսում` Ռուսաստանի հետ սահմանի հարեւանությամբ գտնվող, մոտ 350 հազար բնակչությամբ արդյունաբերական քաղաք է:

“Տոբոլը” Ղազախստանի 2010 թվականի չեմպիոնն է, Ինտերտոտոյի գավաթի 2007 թվականի հաղթող:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին