Ապրիլ 25, 2024
2960 դիտում

Սպասվող հետաքրքիր ակումբային առաջնությունն ու մրցանակները


Լուսանկարը` Մեդիամաքս


Երկար դադարից հետո Հայաստանում այս տարի անցկացվելու է շախմատի ակումբային առաջնություն:Մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները կայանալու են մայիսի 25-26-ը, իսկ եզրափակիչը նախատեսված է հունիսի 10-16-ը շախմատի տանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպել են մրցաշարի կազմակերպիչներն ու ներկայացրել անցկացման պայմանները եւ իրենց գլխավոր նպատակները:

 

Աղասի Ինանց

 

 Երկար տարիներ Հայաստանի ակումբային առաջնություն չի եղել, ֆեդերացիան փորձում էր կազմակերպել, բայց չէր ստացվում: Այս տարի այն վերջապես կկայանա, հուսանք`ամենամյա ու ավանդական կդառնա:

Առաջնությունը երկու փուլով կընթանա`ընտրական ու եզրափակիչ: Մասնակցելու հնարավորություն կընձեռնենք սիրողական թիմերին, ընտրական փուլը հաղթահարած երեք թիմերը հանդես կգան եզրափակչում, այնտեղ նրանց կսպասեն պրոֆեսիոնալ ակումբները:

 

Երկու մրցաշարերի դեպքում էլ դրամական պարգեւներ կլինեն: Կիսաեզրափակչում երեք տեղերը զբաղեցրածները կստանան 300, 200 ու 100 հազար դրամական պարգեւ, իսկ եզրափակչինը` 600, 400 եւ 200 հազարական:

 

2018-ը Երեւանի համար տոնական է լինելու, ու չի բացառվում, որ Աշխարհի քաղաքների առաջնությունում մեր մայրաքաղաքը ներկայացված լինի:

 

Տիգրան Պետրոսյան (գրոսմայստեր)

Ակումբային մրցաշարը տարբերվում է նույնիսկ հավաքականի թիմային խաղերից, քանի որ չորս խաղատախտակի փոխարեն վեցի վրա են հանդիպումներն ընթանում: Բնականաբար, ինչքան մասնակիցները շատ են, առաջնության ընթացքն էլ հետաքրքիր է: Միշտ  հաճույքով եմ հանդես գալիս նման պայքարում: Անհատական մրցաշարերում միայն քեզ համար ես խաղում, այս պարագայում պատասխանատվությունը մի քանի անգամ ավելանում է:

 

Դեռ վերջնական չի որոշվել, թե որ թիմի կազմում կխաղամ, բայց հանդես կգանք եզրափակիչ փուլում: Ամենամեծ հաջողությունն այն կլինի, որ հետագայում քաղաքների Աշխարհի թիմային առաջնությանը մասնակցենք: Կարծում եմ ուժեղ թիմում կմրցեմ, ու լավ պայքար կծավալենք:



Նորայր Քալանթարյան (Երեւանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ)

Հայաստանի ակումբային առաջնության կազմը բազմազան է լինելու, թիմեր կունենան ինչպես Երեւանի տարբեր վարչական շրջանները, այնպես էլ մանկապատանեկան դպրոցները: 

 

Եթե ցանկանում ենք եվրոպական ակումբային առաջնությանը մասնակցել, պետք է Հայաստանի առաջնություն անցկացնենք:

 

Շախմատ ամբողջ աշխարհում են խաղում, Եվրոպայում միշտ մրցումներ են անցկացնում, ու տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ կարողանում են միմյանց դեմ պայքարել: Հիմա նման փորձ մենք էլ ենք կիրառելու: Ակումբային առաջնության շեշտը մասսայականության վրա ենք դնելու, որ մասնակիցների թիվը հնարավորինս շատ լինի: Մրցաշարը շատ հետաքրքիր է լինելու:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին