exclusive
8420 դիտում

Սերգեյ Մովսիսյան. Երջանիկ եմ, որ խաղացել եմ Հայաստանի հավաքականում


Լուսանկարը` European Team Chess Championship


Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը երջանիկ է, որ հանդես է եկել Հայաստանի շախմատի հավաքականում ու թիմի հետ դարձել է Աշխարհի ու Օլիմպիադայի չեմպիոն:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում շախմատիստը նշել է, որ այս տարի հավաքականի կազմում ելույթները դադարացնելը դժվար որոշում է եղել իր համար:

«Ցավոք, բայց վերջին շրջանում խաղս չէր ստացվում, չէի կարողանում օգտակար լինել թիմին: Անհատական մրցաշարերում լավ էի հանդես գալիս, իսկ ահա թիմայինում լրիվ հակառակն էր լինում: Շատ եմ ուզում հավաքականին օգնել, բայց, ցավոք, վատ ելույթների պատճառով այսպիսի որոշում ընդունեցի: Շատ դժվար էր ինձ համար, բայց այսպես ավելի ճիշտ համարեցի»,-ասել է Մովսիսյանը:

Նա խոստովանել է, որ Հայաստանի հավաքականում հանդես գալը մեծ երջանկություն է եղել իր համար, հպարտ է, որ կարողացել է հասնել մեծ հաջողությունների:

«Մեծ պատիվ էր տղաների հետ մի թիմում հանդես գալը, իսկ շախմատային տեսակետից փորձ ձեռք բերեցի: Հուսով եմ, որ նրանք այս տարի Օլիմպիադայում լավ հանդես կգան»,- ավելացրել է նա:

Հավաքականում իր ապագայի մասին դեռ հստակ ոչինչ չի որոշել, եթե մինչ տարեվերջ կարողանա լավ մարզավիճակ ձեռք բերել, հնարավոր է մտածի վերադարձի մասին. «Տարվա սկզբում կմասնակցեմ տարբեր մրցաշարերի, ելույթ կունենամ Եվրոպայի անհատական առաջնությունում, իսկ երկրորդ հատվածը դեռ չեմ պլանավորել»:

Հայաստանի շախմատի հավաքականն այս պահին ունի երեք անդամ՝ Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան եւ Հրանտ Մելքումյան: 4-րդի անունը հայտնի կդառնա Հայաստանի առաջնության ավարտից հետո, չեմպիոնը կհամալրի թիմը: Իսկ 5-րդ շախմատիստի ընտրության մասին շախմատի ֆեդերացիան դեռ չի հայտարարել: Ամեն ինչ պարզ կլինի մինչեւ մայիս:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am