Ապրիլ 19, 2024
5253 դիտում

Արթուր Գեւորգյան. Բռնցքամարտում կոռուպցիան վերացել է


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Արթուր Գեւորգյանը պատասխանել է լրագրողների հարցերին:


Բռնցքամարտի ֆեդերացիան մի ընտանիք է, մենք դեմ խոսում ենք, արտահայտվում, քննադատում, այնպես չէ, որ մեկն ասում է, բոլորը՝ համաձայնվում: Մարդիկ բարձրաձայնում են իրենց տեսակետերը:

Ես որդեգրել եմ «նոր դեմքերի» քաղաքականություն: Ցավոք սրտի, մեր հին մարզիչները չեն ցանկանում ոչ արդիականացվել ու սովորել, ոչ էլ՝ հեռանալ: Ես ճանապարհ եմ տվել մի շարք երիտասարդ բռնցքամարտիկների, ինչն էլ ընդվզման պատճառ է դարձել:

Բոլորը բողոքում էին, թե ինչու եմ Օլիմպիական խաղերի մասնակցին, ով հրաժեշտ է տվել բռնցքամարտին, հավաքականի 2-րդ մարզիչ դարձրել: Իրականում, վատ բան չենք արել, դա հիանալի քայլ էր, քանի դեռ նա մասնագիտական բարձր պիկի վրա է, իր օրինակով կարող է ոգեւորել մեր բռնցքամարտիկներին ու սովորել գլխավոր մարզչից: Նրա նորամուտն այդ աշխատանքում բավական հաջող է ստացվել:

Բողոքում են ու բոյկոտում բոլոր երիտասարդ մասնագետների դեմ: Ոչ ոք չի ուզում հասկանալ, որ ժամանակներն այլ են, բռնցքամարտն ամբողջ աշխարհում է փոխվել, մարզվելու ու աշխատելու մոտեցումներն ուրիշ են, իսկ մեզ մոտ չեն ուզում տեղից շարժվել: Ես կանգ չեմ առնելու, հնարավորություն եմ տալու տաղանդավոր ու նոր մարզիչներին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեզ հաջողվել է առաջ գնալ, ու քանի դեռ դա ստացվում է, պետք չէ խանգարել: Առաջ ենք գնում այն տղաների հետ, որոնցից  նախկին մասնագետները խորհուրդ էին տալիս ձերբազատվել: Մինչդեռ նրանք արդեն Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի առաջնության մրցանակակիր են դարձել:

Բռնցքամարտում կոռուպցիան է վերացել, ինչը շատերին դուր չի գալիս: Ֆեդերացիան տուրիստական գործակալություն չէ, որ մրցաշարի 10 մասնագետ ու 6 բռնցքամարտիկ մեկնի: Հասկանում եմ, որ մեր գործելաոճով շատ մարդկանց գրպանին խփեցինք, բայց հանցագործություն եմ համարում պետական միջոցներն անտեղի օգտագործելը:

Վլադիմիր Ենգիբարյանի անվան միջազգային մրցաշար էինք նախատեսել անցկացնել այս տարի, սակայն ներքաղաքական իրավիճակից ելնելով, ԱԻԲԱ-ն առաջարկեց հետաձգել այն ու կազմակերպել մյուս տարի: Մեր անվանի բռնցքամարտիկն արժանի է իր անվան ամենամյա մրցաշարն ունենալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին