Ապրիլ 25, 2024
5362 դիտում

Հնարավոր է Հայաստանում կայանա բռնցքամարտի վարկանշային մրցաշար


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանն AIBA-ի պաշտոնական կայքին հայտնել է, որ մինչեւ 2020 թվականը ցանկանում են վարկանշային մրցաշար կազմակերպել Հայաստանում:

«Մեր թիմում շատ փոփոխություններ են եղել, հավաքականի անդամները մասնակցում են նաեւ պրոֆեսիոնալ մենամարտերի: Ցանկանում ենք նաեւ վերականգնել մեր երկրում միջազգային մրցաշարեր անցկացնելու ավանդույթները, մենք պատրաստ ենք ընդունել վարկանշային մրցաշար»,-ասել է Գեւորգյանը:

Նա անդրադարձել է նաեւ կանանց բռնցքամարտին ու նշել, որ այն Հայաստանում այդքան էլ մեծ աճ չի գրանցած. «Չնայած պետք է նշեմ, որ Անուշ Գրիգորյանի երիտասարդների Աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելուց հետո հետաքրքրությունն անհամեմատ մեծացավ: Շատ աղջիկներ են հիմա ցանկանում բռնցքամարտով զբաղվել»:

Գեւորգյանը ողջունել է AIBA-ի այն որոշումը, որ սիրողական բռնցքամարտիկները կարող են զբաղվել նաեւ պրոֆեսիոնալով: Նա նշել է, որ մի շարք գաղափարներ ունի, որոնք կքննարկի տարբեր մասնագետների հետ:

«Արդար կանոնները միշտ մեր ֆեդերացիայի ուշադրության կենտրոնում են: Հայաստանի ամեն առաջնության ժամանակ բոլոր բռնցքամարտիկներն անցնում են դոպինգ-ստուգումներ: Մենք շատ ենք կարեւորում արդար մրցակցությունը եւ Հայաստանի հակադոպինգային կազմակերպության հետ սերտ համագործակցություն ունենք»,-եզրափակել է ֆեդերացիայի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին