Ապրիլ 19, 2024
17086 դիտում

Հայ մարզիկներն իրենց լավ են զգում պրոֆեսիոնալ ռինգում ու միայն հաղթում են


Լուսանկարը` Մեդիամաքս


Պրոֆեսիոնալ ռինգում հայ բռնցքամարտիկների հաստատած հարուստ ավանդույթները փորձում են շարունակել նոր սերնդի մարզիկները:

Նրանցից երեքն արդեն լուրջ քայլերով ու առանց պարտություն կրելու են առաջ շարժվում: Բռնցքամարտիկներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել են տարին ու խոսել իրենց նվաճումների մասին:

 

Արամ Ավագյան

 

Մեր վերջին մենամարտերը նոյեմբերին ենք անցկացրել Վալենսիայում ու բոլորս էլ հաղթանակ ենք տարել: Շատ լուրջ նախապատրաստական փուլ էինք անցել, դրա շնորհիվ էլ կարողացա մենամարտը ժամանակից շուտ ավարտել: Արդեն 6 հաղթանակ ունեմ իմ հաշվին գրանցած, պրոֆեսիոնալ բռնցքամարտում նորամուտս 2016-ի դեկտեմբերի 18-ին եմ կատարել:

 

Զգում եմ, որ աստիճանաբար ոճս փոխվում է, սկզբում դեռ սիրողական բռնցքամարտիկի պես էի մենամարտում, հիմա բավականին աճել եմ:

Գոռ Երիցյան

 

Նոյեմբերին բոլորս էլ լավ ելույթ ունեցանք, մեծ նպատակներ էինք դրել մեր առջեւ, ու ցույց տված արդյունքները դրան լավագույն վկայությունն են: Նորից մարզվում ենք ու պատրաստվում  առաջիկա մարտահրավերներին:

 

Հիանալի հասկանում եմ, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտն ամեն մարզիկի համար չէ, բայց մեզ լավ ենք զգում ու ուրախ ենք, որ Դավիթ Թորոսյանի պես մարզչի հետ ենք անցնում մեր ուղին: Մի ընտանիքի պես ենք գործում:

 

Նարեկ Աբգարյան

 

7 մենամարտերից 5-ում նոկաուտով եմ առավելության հասել: Փետրվարին էլ մենամարտ ունեմ, մրցակիցս ամերիկացի է: Լուրջ բռնցքամարտիկ է, բայց միայն ուժեղների հետ մենամարտելով է հնարավոր ավելի մեծ ձեռքբերումների հասնել:

 

Պրոֆեսիոնալ ռինգն ինձ ավելի հոգեհարազատ է, ինձ շատ լավ եմ զգում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին