Ապրիլ 24, 2024
exclusive
2357 դիտում

5 պատճառ, թե ինչու «Բարսելոնան» այլեւս այն չէ


5 պատճառ, թե ինչու «Բարսելոնան» այլեւս այն չէ
5 պատճառ, թե ինչու «Բարսելոնան» այլեւս այն չէ

Լուսանկարը` http://operkor.net/

Հերարդո Մարտինոն
Հերարդո Մարտինոն

Լուսանկարը` http://english.ahram.org.eg/

Բարսելոնայի խաղացողները
Բարսելոնայի խաղացողները

Լուսանկարը` http://english.ahram.org.eg/

Լիոնել Մեսսին եւ Հերարդո Մարտինոն
Լիոնել Մեսսին եւ Հերարդո Մարտինոն

Լուսանկարը` http://www3.pictures.zimbio.com/

Լիոնել Մեսսին
Լիոնել Մեսսին

Լուսանկարը` http://www.neymarjr.net/

Ատլետիկոն ընդդեմ Բարսելոնայի
Ատլետիկոն ընդդեմ Բարսելոնայի

Լուսանկարը` https://s2.yimg.com/


Վերջին 7 տարիների ընթացքում առաջին անգամ «Բարսելոնան» չի կարողանում դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Հաղթական գնդակը «Ատլետիկոն» խփեց խաղի հենց առաջին րոպեներին, սակայն տպավորությունն այնպիսին է, որ «Բարսայի» խնդիրները սկսվել էին դրանից շատ ավելի վաղ: Ֆուտբոլասերների մեծամասնությունը վերջերս անընդհատ նշում է, որ «Բարսելոնան» այլեւս այն չէ: Մի մասը դա նշում է անթաքույց ուրախությամբ, մյուսները՝ մեծ թախիծով, բայց ոչ բոլորն էին կարողանում պատասխանել, թե ինչու «Բարսելոնան» այլեւս այն չէ: Այդ հարցի պատասխանն էր փնտրում նաեւ Մեդիամաքս Սպորտը, եւ Չեմպիոնների լիգայում անցկացրած խայտառակ խաղից հետո ամփոփել է պատասխաններն իր ընթերցողների համար:

Մարտավարությունն այլեւս այն չէ



Այո, կյանքում գոյություն ունեն բացարձակ գաղափարներ, այնպես, ինչպես փոփոխական գաղափարներ, որոնք գալիս են ժամանակի որոշակի ընթացքում, թողնում իրենց հետքը եւ հեռանում, կամ շարունակ կատարելագործվում, ենթարկվում փոփոխությունների եւ օգտագործվում շատ ավելի երկար: Իհարկե, Կատալոնիայի անկախության գաղափարը կատալոնացիների համար բացարձակ է եւ գերակա, սակայն չգիտես ինչու կատալոնացիներին սկսեց թվալ, որ «բարսելոնյան» տիկի-տական նույնպես բացարձակների շարքից է: Այն չի կարելի փոփոխել, նրանից չի կարելի հրաժարվել, անկախ այն հանգամանքից, թե ինչ վիճակում է թիմը: Արդյունքում ժամանակին ամենադիտարժան համարվող «բարսելոնյան» ֆուտբոլն այսօր սղոցում է ֆուտբոլասերների նյարդերը, եւ որ ավելի կարեւոր է՝ չի ապահովում բավարար արդյունք: Տիկի-տակայի դեմ արդեն իսկ կան մի քանի հակախաղեր, սակայն վերջերս նույնիսկ դրա կարիքը չի զգացվում. այն ուղղակի զրկվել է վտանգից: Անկախ այն բանից, որ դա արդյունք է տվել ոչ միայն «Բարսային», այլեւ Իսպանիայի հավաքականին, ֆուտբոլը զարգացող երեւույթ է, եւ պետք է համահունչ զարգացնել նաեւ տիկի-տական, ինչի օրինակը մենք տեսնում ենք այսօրվա «Բավարիայում»:

Մարզիչն այլեւս այն չէ



Վիլանովայի եւ Մարտինոյի «Բարսաների» միջեւ տարբերություն գտնելը նույնն է, ինչ տարբերություն գտնել երկու երկվորյակների միջեւ: Որքան էլ տարբեր ֆուտբոլային մասնագետներ փորձեցին նորամուծություններ գտնել Մարտինոյի «Բարսելոնայում», դրանք կամ չկային ընդհանրապես, կամ էլ մնացել էին արգետինացու գլխում միայն: Իր առավել երիտասարդ հայրենակցի՝ Դիեգո Սիմեոնեի հետ դիմակայությունը ցույց տվեց, թե որքան անպատրաստ է Մարտինոն Եվրոպայում աշխատելու համար, այն էլ այնպիսի աստղային կոլեկտիվում, ինչպիսին «Բարսելոնան» է: Մեսսիին, Չավիին, Ինիեստային, անգամ Նեյմարին ճանաչում են ամբողջ աշխարհում, իսկ ահա Տատա կեղծանունով մարզչին մարդիկ ճանաչեցին միայն Տիտո անունով մեկ այլ մարզչի հրաժարականից հետո: Ոչ Մարտինոյի կենսագրությունը, ոչ էլ խարիզման ու բնավորությունը բավական չեղան ղեկավարելու մի այնպիսի կոլեկտիվ, որի մեծ մասն աշխարհի, Եվրոպայի կամ գոնե Չեմպիոնների լիգայի չեմպիոններ են, չհաշված անձնական մրցանակների պարկերը եւ վիճակագրությունում առկա հարուստ թվաբանությունը:

Ակումբի կառավարումն այլեւս այն չէ

Ժամանակակից «Բարսելոնային» դեռ երկու-երեք տարի առաջ արժեր սիրահարվել ոչ միայն կատալոնացիների ֆանտաստիկ ֆուտբոլի, այլեւ ակումբի գաղափարախոսության հիման վրա կառուցված գրավիչ իմիջի համար: «Բարսելոնայում» կարծես ամեն ինչ աշխատում էր հստակ ու բարեխիղճ կերպով, ակումբն ու թիմն ամեն ինչից զատ կարեւորում էին արժեքային որոշակի համակարգ եւ պահպանում էին դա ամեն տեղ, շատ դեպքերում դրսում ավելի լավ, քան խաղադաշտում: Ակումբը բազմաթիվ ակցիաներ իրագործեց աջակցելու համար դժվարին հիվանդությունից բուժվող Էրիկ Աբիդալին աջակցելու համար: Սակայն դժվար էր պատկերացնել, որ ակումբը, որ դաշտ էր դուրս գալիս Յունիսեֆ գրառմամբ մարզաշապիկներով, մի օր գումարներ է մսխելու տրանսֆերային գործարքներից, կորցնելու է իր նախագահին եւ զրկվելու է տրանսֆերներ իրականացնելու իրավունքից: Դժվար էր պատկերացնել, որ նրա լավագույն ֆուտբոլիստը փորձելու է խուսափել հարկերից՝ մի քանի միլիոն եվրո ավել վաստակելու համար: Այս ամենը ստվեր է նետում ակումբի հեղինակության վրա, բայց, ամենայն հավանականությամբ, ակումբի ղեկավարներին առավել անհանգստացնում է այն, որ սա կրճատելու է մարզաշապիկների վաճառքը եւ նվազեցնելու է եկամուտները: Այսպիսի «Բարսելոնային», իրոք, դժվար է երկրպագել:

Թիմի մոտիվացիան այլեւս այն չէ



«Ատլետիկոյի» դեմ խաղից հետո երկրպագուների աչքերում անտանելի ցավ էր ու հիասթափություն, իսկ ֆուտբոլիստները շատ հանգիստ լքում էին խաղադաշտը, կարծես Լա Լիգայի հերթական խաղից հետո: Ինչո՞ւ չտեսանք արցունքներ ու ապրումներ: Որովհետեւ նրանք բոլորն էլ մեծ բան չկորցրեցին, նրանք արդեն մի քանի անգամ բարձրացրել են այդ գավաթը: Չէ՞ որ անհնար է նույն կոլեկտիվի կազմում միշտ ձգտել նույն բարձունքներին: «Բարսայում» մոտիվացիայի պակասն առաջինը նկատեց Գվարդիոլան եւ նոր մարտահրավեր գտավ իր համար: Իսկ Մեսսիի, Ինիեստայի, Չավիի համար նոր մարտահրավերներ այդպես էլ չեղան: Գուցե տարօրինակ թվա, բայց վերջին խաղերին Նեյմարի մոտ նկատվում է առավել մեծ նվիրում, քան մյուսների, քանզի Նեյմարը դեռ չի ճաշակել շամպայնը չեմպիոնական գավաթներից: Թիմը վաղուց արդեն խաղում է սեփական տրամադրությունից ելնելով: Այն կարող է լավ տրամադրություն ունենալ ու հաղթել «Կլասիկոյում», սակայն մյուս շաբաթ ցանկությունը կորի, եւ պարտվի «Վալյադոլիդին»: Մեսսին կարող է մի խաղում խենթ ֆուտբոլի պակաս զգալ ու ֆանտաստիկ խաղով ապահովել անհրաժեշտ արդյունքը, իսկ մյուս խաղում դաշտ դուրս գալ հանդիսականի կարգավիճակով եւ վազել ընդամենը 6.8 կմ` ընդամենը 1.5 կմ ավելի Պինտոյից: Իսկ մարզիչը ոչ մի կերպ չի կարողանում վերահսկել համապատասխան տրամադրության առկայությունը կոլեկտիվում. ֆուտբոլիստները երբ ուզեն կհաղթեն նույնիսկ առանց նրա ոգեւորող խոսքերի, իսկ երբ ցանկություն չունենան՝ չեն ազդվի նույնիսկ ամենախիստ խոսքերից: «Բարսելոնան» առաջատար ֆուտբոլիստների համար դարձել է ընդամենը ցանկությունների բավարարման վայր, ցանկությունների, այլ ոչ թե նպատակների:

Թիմի կազմն այլեւս այն չէ



Այլեւս այն չէ նաեւ “Բարսելոնայի” տրանսֆերային քաղաքականությունը, որի հնարավորությունն առաջիկա մեկ տարում թիմը կարող է նաեւ չունենալ: Մադրիդի «Ռեալը» պահեստայինների նստարանին է թողնում Իկեր Կասիլյասին, մինչդեռ “Բարսելոնայի” երկրորդ դարպասապահը, չնայած պատկառելի տարիքին ու փորձին, դեռ շփոթվում է գնդակի հետ առանց ձեռքերի խաղալու հարաբերություններում: Ինչո՞ւ թիմը արդեն երկու տարի ձեռք չի բերում պաշտպանների, երբ Պույոլը իրեն նվիրել է վնասվածքների բուժմանը, իսկ Մասկերանոն իր 30-ամյակի նախաշեմին դեռ չի կողմնորոշվել, թե որն է իր դիրքը ֆուտբոլում: Ինչո՞ւ վաճառել Տիագոյին, երբ Չավին արդեն 34 տարեկան է: Հարցերը բազմազան են, իսկ պատասխանը միակը՝ ուղղակի «Բարսելոնան» այլեւս այն չէ:

Կարեն Ռաֆայելյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին