Ապրիլ 25, 2024
exclusive
13870 դիտում

Մեսսի vs Ռոնալդու. Երբ երկնակամարում հնարավոր է 2 արեւ լինի


Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` mirror.co.uk

Լուսանկարը` manchestereveningnews.co

Լուսանկարը` manchestereveningnews.co

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` youtube

Լուսանկարը` goal.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` goal.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` soccerslide.com

Լուսանկարը` cronaldodaily.com

Լուսանկարը` usatoday.com

Լուսանկարը` usatoday.com

Լուսանկարը` mirror.co.uk

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com


Նրանք համաշխարհային ֆուտբոլի լավագույն խաղացողներն են՝ փառք, ճանաչում, փող, խփված գոլեր ու ստացած մրցանակներ, անհատական ու թիմային տիտղոսներ, ամեն ինչ ունեն:

Քրիշտիանու Ռոնալդուն ու Լիոնել Մեսսին, ինչպես հաճախ ասում են, դուրս են այս մոլորակից ու, հետեւաբար, նաեւ այլմոլորակային ֆուտբոլ են ցուցադրում:

Իսպանիայից Ռոնալդուի հեռանալուց հետո յուրովի նաեւ ավարտվում է Մեսսի ու Ռոնալդու հակամարտությունը, հիմա նրանցից յուրաքանչյուրն իր առաջնությունն է փորձելու լավագույնը դարձնել:

Այսօր անդրադառնալու ենք ֆուտբոլիստների կայացման դժվարին ճանապարհին ու փոխադարձ հարգանքին:

2 դեռ անհայտ տղաների ուղին. Ռոնալդու

Ռոնալդուն իր անունը ստացել է ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի պատվին, որին շատ էր սիրում նրա հայրը, իսկ Կրիշտիանու անվանել է մանկատանն աշխատող նրա հորաքույրը: Մայրը՝ Մարիա Դոլորեսը, հյուրանոցում խոհարար էր, 4-րդ երեխային կերակրելու փող ընտանիքը չուներ, իսկ հղիության արհեստական ընդհատում անել նրան մերժել էին. «Փորձում էի աշխատել մինչ ուշագնաց լինելս ու տաք գարեջուր էի խմում, որպեսզի կորցնեմ երեխային»,- պատմել է մայրը:

Լուսանկարը` mirror.co.uk


12 տարեկանում Ռոնալդուն հեռացել է հարազատ Ֆունշալ քաղաքից, որը Մադեյրա կղզու վրա է ու ընդունվել «Սպորտինգի» ակադեմիա: Դա առաջին անգամն էր, որ Ռոնալդուն ինքնաթիռ էր նստում ու հեռանում տանից: Ճանապարհին նա արտասվում էր բաժանման պատճառով, հետագայում էլ նրա համար, որ դասարանցիներն իրեն ծաղրում էին պզուկների, բրեկետների ու տարբերվող շեշտադրման համար: «Հենց բերանս բացում էի, բոլորը սկսում էին ծիծաղել, ասես ծաղրածու լինեի»,-հիշում է Ռոնալդուն:

Սկզբնական շրջանում նա աղաչում էր ընտանիքին իրեն հետ տանել, սակայն ինչպես հետո պարզվեց հենց Ռոնալդուն ընտանիքի համար հենարան դարձավ:

Նրա կյանքում առաջին վարձատրվող աշխատանքը «Սպորտինգի» հիմնական թիմի խաղերի ժամանակ գնդակներ մատակարարելն էր, ամեն խաղի համար 10 եվրո էր ստանում: 14 տարեկանում ստիպված էր իր կրթաթոշակը ծախսել ավագ եղբոր՝ Ուգոյի թմրամոլությունից բուժման վրա: Տանն այլ գումար աշխատող չկար, հայրն էլ հարբեցող էր:

Լուսանկարը` manchestereveningnews.co


2001-ին Ռոնալդուն «Սպորտինգի» 5 թիմերում խաղաց՝ 16, 17, 18 տարեկանների, փոխարինողների ու վերջապես հիմնական կազմում: Դեռ թիմում նոր էր հարմարվել, երբ հայտնվեց Անգլիայում՝ «Մանչեսթեր Յունայթեդում», այդ տարիքի համար հսկայական 12,24 մլն ֆունտ ստերլինգով: Նա թիմում ստացավ 7 համարը, որն ավելի վաղ պատկանել էր Դեւիդ Բեքհեմին, Էրիկ Կանտոնային, Ջորջ Բեթսին: «Ռոնալդուն ամենատաղանդավոր ֆուտբոլիստն էր, որի հետ երբեւէ աշխատել եմ»,- համարում էր Ալեքս Ֆերգյուսոնը:

Սակայն սկզբնական շրջանում նա չափից շատ էմոցիոնալ էր, սիմուլյացիաների էր դիմում ու մրցավարների որոշումների հետ չհամաձայնվում: «Նա փոքրիկ գլուխգովան էր, որն ամեն գնով փորձում էր բոլորին ու յուրաքանչյուրին համոզել, թե որքան լավն է ինքը»,- իր հուշերում գրել է Ֆերգյուսոնը:

Պայքարի սիրահար Անգլիայում ՄՅՈւ-ի երկրպագուները նրան «Կրիստինա» էին անվանում, սակայն ինքն իր վրա աշխատելու հարցում Ռոնալդուն հավասարը չուներ, կարողացավ օր օրի աճել ու լավացնել իր որակները:

Լուսանկարը` manchestereveningnews.co


6 տարվա ընթացքում նա 118 գոլ խփեց, 3 անգամ Անգլիայի չեմպիոն դարձավ, 2 անգամ Լիգայի գավաթի հաղթող ու 2008-ին օգնեց ՄՅՈւ-ին հաղթել ՉԼ-ում ու իր առաջին Ոսկե գնդակը ստացավ: Դրանից հետո պորտուգալացին արդեն «Ռեալի» կազմում թեժացնում էր Իսպանիայի առաջնությունը:

Կրկին Ռոնալդուն տրանսֆերի արժեքով ռեկորդ սահմանեց՝ 93,4 մլն եվրո: Առաջին մրցաշրջանում 33 գոլի հեղինակ դարձավ, հաջորդին՝ 51, 55 ու այդպես շարունակ:

Իսպանական թիմի հետ նա 15 գավաթի է տիրացել՝ 4 անգամ հաղթել ՉԼ-ն, 2-ական անգամ Իսպանիայի Գավաթը, Սուպերգավաթը եւ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, 3 անգամ Աշխարհի ակումբային գավաթը: Արքայական թիմում Ռոնալդուն 438 խաղում 450 գոլ է խփել:

Ոսկե գնդակի 5-ակի հաղթող է, 3 անգամ France Football վարկածով է լավագույնը ճանաչվել, 2 անգամ էլ՝ ՖԻՖԱ-ի ու France Football-ի, 4 անգամ էլ ստացել է Ոսկե խաղակոշիկ:

Լուսանկարը` uefa.com


«Մարդիկ նախանձում են ինձ, քանի որ հարուստ եմ, գեղեցիկ ու մեծ ֆուտբոլիստ»,-համարում է Ռոնալդուն:

Մեսսի

Մեսսին ծնվել է Ռոսարիոյում գործարանի աշխատող Խորխեի ու հավաքարար Սեսիլիայի ընտանիքում: Նա 2 եղբայր ու 1 քույր ունի:

Փոքրիկ Լեոյի կյանքն այլ կերպ կդասավորվեր, եթե տատիկը՝ Սելիան, ում հետ նա անցկացնում էր հանգստյան օրերը, չգրանցեր «Գրանդոլինի» սիրողական թիմում ու ընտանիքի մյուս անդամներին համոզեր, որ տղան ֆուտբոլային տվյալներ ունի: Մարզումների էլ Լեոյին տատիկն էր տանում, որին հետագայում ֆուտբոլիստը սկսեց նվիրել իր գոլերը:

11 տարեկանում նա արդեն պրոֆեսիոնալ ակումբում էր խաղում «Նյուելզ Օլդ Բոյզում»: Այնտեղ Մեսսին իրեն հիանալի դրսեւորեց ու թիմի առաջատարը դարձավ: Սակայն 11 տարեկանում նրան լուրջ փորձություն էր սպասվում, Լեոյի մոտ աճի հորմոնալ խախտում հայտնաբերվեց, նրա հասակը միջինից ցածր էր, հասակակիցներից նա բավական հետ էր մնում, ինչը հիվանդության հետեւանքով էր:

Լուսանկարը` youtube


Բուժման համար թանկարժեք դեղեր էին անհրաժեշտ, ինչը Լեոյի ընտանիքն իրեն թույլ տալ չէր կարող: Սակայն Խորխե Մեսսին կարողացավ այս իրավիճակի լուծումը գտնել՝ նա որոշեց որդուն ուղարկել «Բարսելոնա», որտեղ նրա կարծիքով տղային պետք է ընդունեին ու հոգային բուժման ծախսերը, ու նա չսխալվեց:

«Բարսելոնայի» սկաուտները վաղուց էին հետեւում տղային ու առիթը բաց չթողեցին նրան Իսպանիա տանելու համար: 2000 թվականի հոկտեմբերին Լեոն բուժզննում անցավ կատալոնական ակումբում, որտեղ կարողացան ճիշտ գնահատել տղայի պոտենցիալն ու հավատացին նրան: Պատանեկան թիմի կազմում առաջին իսկ խաղում նա 5 գոլի հեղինակ դարձավ: Այդ մրցաշրջանում Մեսսին 30 հանդիպման մասնակցեց ու 37 գոլ գրանցեց իր հաշվին:

Նորամուտը «Բարսելոնայի» հիմնական կազմում 2003-ին եղավ «Պորտուի» դեմ խաղում, իսպանական հայտնի El Mundo պարբերականը գրեց, որ երիտասարդ ֆուտբոլիստի ձախ ոտքն ասես Մարադոնայինը լինի, նրա ռեակցիայի արագությունը Կրոյֆի հետ համեմատեցին, իսկ փոխանցումները՝ Ռոնալդինյոյի:

Լուսանկարը` goal.com


2005-ին «Ալբասետեի» դարպասը Մեսսիի խփած գոլը նրան դարձրեց «Բարսելոնայի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով Իսպանիայի առաջնությունում գոլ գրանցեց իր հաշվին: Այդ ժամանակ նա դեռ 18 տարեկան էլ չկար: Կատալոնական ակումբում Մեսսին 637 խաղերում 552 գոլ խփեց:

Հիմա Մեսսին Իսպանիայի 9-ակի չեմպիոն է, 6-ակի Գավաթակիր, 7 անգամ տիրացել է Սուպերգավաթին, Չեմպիոնների Լիգայի քառակի հաղթող է, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի ու Աշխարհի ակումբային առաջնության եռակի հաղթող:

2009, 2010, 2011, 2015 ու 2017 թթ. Իսպանիայի առաջնության լավագույն խաղացողն է եղել, 2012-ին առաջին ֆուտբոլիստն է դարձել, ով 3 Ոսկե գնդակ է ստացել, հետագայում դրանց թիվը հասցրել է 5-ի: 4 անգամ էլ Ոսկե խաղակոշիկ է ստացել:

«Իմ փոխարեն իմ ոտքերն են խոսում: Ես ոչնչի հետ չեմ համեմատում իմ հաջողությունը: Փողերը չէ, որ ինձ ստիպում են լավ խաղալ: Ես դեռ ինձ նույն երեխան եմ զգում, որը մորից գնդակ է խնդրել ու գնացել բակում խաղալու: Երբ էլ նման բան չզգամ, կդադարեմ խաղալ»:

Լուսանկարը` uefa.com


Ֆուտբոլի Ferrari-ն ու Bentley-ին

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մի առիթով ասել է, որ ամեն անգամ, երբ Ռոնալդուն գոլ է խփում, աշխարհում մի Մեսսի է տխրում:

Դժվար է ասել, թե նրանց խփած գոլերից հետո ովքեր են տխրում, բայց այն, որ Ռոնալդուի ու Մեսսիի պայքարը յուրահատուկ հմայք է տալիս ֆուտբոլին, միանշանակ հաստատ է: Երկուսն էլ մեկ անգամ չէ, որ խոսել են փոխադարձ հարգանքի ու միմյանց առավելությունների մասին:

Իզուր են մարդիկ կարծում, որ մենք թշնամիներ ենք, մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել: Ես միայն կարող եմ նախանձել Լեոյի ձախ ոտքին, այն իմից մի քիչ լավն է: Բայց դե իմ աջից էլ բողոքելը մեղք կլինի, այն էլ Մեսսի աջից է ուժեղ:

Ռոնալդուն նաեւ ընդգծել է, որ իրենք Մեսսիի հետ վաղուց են համաշխարհային ֆուտբոլում լավագույնները ու նախկինում ոչ մեկի չէր հաջողվել այդքան երկար ժամանակ պահել առաջատարությունը:

Լուսանկարը` goal.com


Հնարավոր է, դուք Մեսսիին ենք լավագույնը համարում, սակայն իմ կարծիքով ես եմ ամենալավը: Արդեն 10 տարուց ավելի է թոփ մակարդակի խաղ եմ ցուցադրում: Ցույց տվեք նման 2-րդ ֆուտբոլիստին: Մոլորակի առաջին, թե երկրորդ համարն եք, որոշում են դետալները, մասնավորապես տիտղոսները: Ես չեմ անհանգստանում մեր մրցակցության համար, եւ ինչո՞ւ մտածեմ, երբ լավագույնը հենց ես եմ:

Ռոնալդուն իրեն ու Մեսսիին թանկ մրցարշավային մեքենա է կոչել, ինքը Ferrari է, իսկ Մեսսին՝ Bentley, որոնց բոլորը մեծ հետաքրքրությամբ են հետեւում:

Մեսսին էլ չի թաքցրել, որ Ռոնալդուի հետ ջերմ հարաբերություններ ունեն, իրենց նա կոչել է գործընկերներ, որոնք ամեն օր չեն շփվում, քանի որ տարբեր ակումբներում են խաղում:

Բայց մենք հարգում ու հիանում ենք միմյանցով, առիթը բաց չենք թողնում դա ցուցադրելու համար, չգիտեմ, թե ինչու մարդիկ դա չեն նկատում: Ռոնալդուն շատ որակներ ունի, որոնց շատերը կնախանձեն ու կցանկանան ունենալ: Բայց մենք բացառիկ ենք յուրովի: Երբեք չեմ մրցակցել նրա հետ ու չեմ մրցակցում: Մենք թենիս չենք խաղում, որ միմյանց դեմ պայքարի դուրս գանք: Ֆուտբոլը թիմային խաղ է, իմ նպատակը թիմիս հաղթանակին նպաստելն է, ոչ թե Ռոնալդուից լավը լինելը:

Չեմ քննարկի, թե մեզնից ով է ավելի լավը: Ի վերջո ինչ տարբերություն, Ռոնալդուն աշխատում է 24/7 ժամ, նա արժանի է սուպերաստղ կոչվելու: Ինձ համար կարեւորն այն է, որ «Բարսելոնան» հաղթի ու տիտղոսներ նվաճի:

Լուսանկարը` fifa.com


2017 թվականին ֆուտբոլիստները կրկին միմյանց հասցեին գովասանքի խոսքեր ասացին:

Ռոնալդու. Սիրում եմ հետեւել լավ խաղացողներին, իսկ Մեսսին փայլուն ֆուտբոլիստ է: Մեծ հաճույքով եմ  նայում նրա խաղերը: Մենք հարգում ենք իրար, այնպես չէ, որ Լեոյին հյուր եմ գնում ու միասին ճաշում ենք, նրան ընկեր կոչել չեմ կարող, բայց ինձ համար նա գործընկեր է, ոչ թե մրցակից:

Մեսսի. Մեր մրցակցությունն ուռճացնում է մամուլը: Ռոնալդուն հիանալի ֆուտբոլիստ է, որը շատ լավ որակներ ունի: Նա աշխարհում լավագույններից է:

Վիճարկել, թե նրանցից ով է ի վերջո լավագույնն, անիմաստ է: Երկուսն էլ ինքնուրույն կարողացել են կայանալ, հասարակության ամենացածր շերտից բարձրանալ ու դառնալ համաշխարհային սպորտի գերաստղեր: Նրանց ժամանակակիցներին միայն մնում է ուրախանալ, որ ապրում են Մեսսիի ու Ռոնալդուի ֆուտբոլային դարաշրջանում:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին