exclusive
14370 դիտում

Vive la football. Անկրկնելի Ֆրանսիայի հավաքականն ու չհանձնվող խորվաթները


Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` sport-express.ru

Լուսանկարը` sportbox.ru

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` France Footbal

Լուսանկարը` cdni.rt.com


1 ամիս շարունակ խելքահան անող, ֆանտաստիկ, անկանխատեսելի ու գեղեցիկ ֆուտբոլի ականատես եղանք: Ֆավորիտներ ու առաջին հայացքից թվացող հետնապահներ, համաշխարհային աստղեր ու Ռուսաստանում նոր անուն հանածներ, սիմուլյացիաներ ու իսկական վնասվածքներ, վիդեոկրկնություններ ու բազմաթիվ իրացված 11-մետրանոցներ:

Բայց այս առաջնությունն առաջին հերթին ցույց տվեց, որ ֆուտբոլ սիրով են խաղում, նվիրվածությամբ ու անմնացորդ:

Ամբողջ ուղին սկզբից մինչեւ վերջ անցան ամենաարժանիները՝ Ֆրանսիայի ու Խորվաթիայի ընտրանիները, նրանց կախարդական ֆուտբոլի հմայքը տիրում էր ամբողջ «Լուժնիկի» ստադիոնում:


Երբեք պարգեւատրման ժամանակ այդպիսի բան չէր կատարվել. երկու երկրների նախագահները` Էմանուել Մակրոնն ու Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը միմյանց համար ուրախանում ու տխրում էին, սփոփում իրար ու պարզապես վայելում այդ անկրկնելի պահը՝ համեմված այդքան դրական լիցքերով ու հորդառատ անձրեւով:

Այն, որ ֆուտբոլը կախարդական է, վաղուց գիտեինք, բայց որ ԱԱ-2018-ի եզրափակիչն այդքան գոլառատ ու տպավորիչ կստացվի, վեր էր բոլոր պատկերացումներից: 2010-ի ու 2014-ի եզրափակիչների ժամանակ գոլ եղավ միայն լրացուցիչ ժամանակում, իսկ երեկ 1966 թվականից հետո առաջին անգամ գրանցվեց 6 գոլ, որոնք միաժամանակ նաեւ այդքան գեղեցիկ էին:

Ֆրանսիան ու Խորվաթիան պարգեւատրեցին երկրպագուներին նվիրվածության, 1 ամիս շարունակ իրենց հետ լինելու ու պարզապես ֆուտբոլը սիրելու համար:

Լուսանկարը` fifa.com


Բաստիլի գրավման անկախության տոնի հաջորդ օրը ֆրանսիացիները եւս մեկ բարձունք գրավեցին ու ինչպես արեցին դա՝ վստահ, առանց իրենց ուժերին կասկածելու, ԱԱ-ում առաջին հաղթանակից հոբելյանական 20 տարի անց:

Ամբողջ առաջնությունը Ֆրանսիան անցավ առանց վայրիվերումների, հաղթում էր, երբ պետք էր, անհրաժեշտության դեպքում ոչ-ոքի անում, չբողոքում հագեցած խաղացանկից ու, ամենակարեւորն, ամեն ինչ ժպիտով անում: Դիդյե Դեշամի ու ֆուտբոլիստների տրամադրությունը չէր փոխվում ողջ մրցաշարի ընթացքում՝ Ավստրալիայից մինչեւ Խորվաթիա նրանք հասան մի շնչում:

2 տարվա ընթացքում 2-րդ եզրափակչում Ֆրանսիան զիջել չէր կարող, 2016-ի պարտությունից Գրիզմանը, Պոգբան, Դեշամն ու մյուսները շատ դասեր էին քաղել: Ու երեկ նրանց մենք տեսանք ավելի ուժեղ, վստահ ու այս նվաճմանը պատրաստ:

Լուսանկարը` sportbox.ru


Ֆրանսիան միացնում էր թիմի շարժիշն այն պահին, երբ դրա կարիքն ամենաշատը կար, խփում էր իր գոլերն ու պաշտպանվում խորվաթներից: Այն ֆիզիկապես պատրաստված ամենալավ խաղացողներն ուներ, երկար պահեստային նստարանը, հաջողակ Ումտիտին, որի մասնակցությամբ խաղերում չէր զիջում:

Այս տարին ֆրանսիացի մարզիչներինն  էր, ու Դեշամը դրանից պետք է օգտվեր: 1998-ի իր չեմպիոն թիմակից Զինեդին Զիդանի ՉԼ-ում փայլուն նվաճումներից հետո, նա այլընտրանք չուներ:

Լուսանկարը` sport-express.ru


Դեշամը 2 մեծ երկընտրանքի առաջ էր կանգնած՝ կամ նա կդառնար 3 եզրափակիչներում զիջած մարզիչը (2004-ի ՉԼ-ում «Մոնակոյի» հետ, ԵՎՐՈ-2016-ում), կամ էլ կդառնար 3-րդ մասնագետը, որը չեմպիոն էր դարձել նաեւ որպես ֆուտբոլիստ: Ու մենք արդեն գիտենք, թե որ մեկն ընտրեց նա:

Ֆրանսիայի հաղթանակից հետո, ինչպես եւ 1998-ին, խոսվում է ֆուտբոլիստների ազգության մասին: Չեմպիոնների հայտացուցակում 17 խաղացողներ այլ երկրներից են՝ ծնվել են ոչ Ֆրանսիայում կամ էլ ֆրանսիական արմատներ չունեն: Սակայն բոլորն էլ կայացել ու անուն են ձեռք բերել հենց այդ երկրում, ինչն ամենակարեւորն է ֆրանսիացիների համար:

Լուսանկարը` fifa.com


Բայց Մոսկվայում հուլիսի 15-ի եզրափակչում հիասքանչ էին ոչ միայն ֆրանսիացիները: Անգամ պարտվելիս ու եզրափակիչ սուլիչից հետո խորվաթներն այնքան ուժեղ էին ու չկոտրված: Նրանք տխուր էին, այլ կերպ հնարավոր էլ չէր լինի, բայց որքան տպավորիչ ու ոգեշնչող էր նրանց անցած ուղին:

Խորվաթիան Ռուսաստան էր բերել հուժկու ու խենթ հավաքական եւ անկրկնելի նախագահ, որն իր ներկայությամբ էլ ավելի գեղեցկացրեց եզրափակիչը:

Խորվաթները հայրենիք կվերադառնան ավելի զորեղ՝ իրենց հետ տանելով արծաթե մեդալներն ու մրցաշարի լավագույն խաղացող Լուկա Մոդրիչին, որն այս առաջնության Ոսկե Գնդակի հաղթողն է:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին