Ապրիլ 25, 2024
exclusive
14127 դիտում

«Հրազդան»՝ սնանկ ստադիոնից մինչեւ մշակույթի անշարժ հուշարձան


Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից

Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից

Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից

Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից

Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից

Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից

Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Թադեւոսյանի արխիվից

Լուսանկարը` Ս. Բաղդասարյանի արխիվից

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Փորձագիտական հանձնաժողովը 7 կառույցի տվել է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ: Դրանց թվում է նաեւ «Հրազդան» մարզադաշտը:

«Հրազդանը» Հայաստանի ամենամեծ ստադիոնն է ու այս տարի կդառնա 48 տարեկան, սակայն այն բավական անմխիթար վիճակում է գտնվում ու անգամ չի կարողանում ֆուտբոլային հանդիպումներ հյուրընկալել:

Իսկ ժամանակին ստադիոնում փայլում ու իրենց հաղթանակներով հայերին ուրախացնում էին «Արարատ-73»-ի ֆուտբոլիստները: «Հրազդանը» նաեւ Հայաստանի հավաքականի մի շարք հանդիպումներ է հյուրընկալել Թուրքիայի, Իտալիայի, Դանիայի ընտրանիների հետ, կայացել են նաեւ երիտասարդական ընտրանիների ու երկրի առաջնությունների խաղեր:

ԽՍՀՄ- ի ամենամեծ ստադիոններից մեկը

Հայաստանը 1970 թվականին պետք է նշեր Խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակը: Հանրապետության ղեկավարությունը ցանկանում էր մեծ սպորտային կառույց ունենալ, բայց քանի որ այդ ժամանակ «Արարատ» ֆուտբոլային թիմը հաջող ելույթներ էր ունենում, որոշվեց կառուցել «Հրազդան» մարզադաշտը: Ստադիոնը Հրազդանի կիրճում է, այդտեղից էլ ստացել է անունը:

Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից


Մարզադաշտի նախագծումը Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Գուրգեն Մուշեղյանի դիպլոմային աշխատանքի թեման էր: Նախագծային աշխատանքները «Հայպետնախագիծ» ինստիտուտի տնօրեն Կորյուն Հակոբյանի գլխավորությամբ են կայացել: Հեղինակային խմբի կազմում ընդգրկված էինք Մուշեղյանն ու կոնստրուկտոր Էդուարդ Թոսունյանը:

Սակայն եղավ մի պահ, երբ շինարարական աշխատանքները դադարեցվեցին: Խորհրդային այլ հանրապետություններն անհանգստացել էին, որ Հայաստանն այդքան մեծ մարզադաշտ է ունենալու: «Հրազդանը» ողջ Սովետական Միությունում իր մեծությամբ 3-րդ էր լինելու:

«Հրազդանի» կառուցումը

ԽՍՀՄ-ի ղեկավարները կարծում էին, որ նման փոքր քաղաքի համար 70-հազարանոց ստադիոնը շատ մեծ է: Բայց հայկական կողմը կարողացավ համոզել Մոսկվային, շինարարությունը վերսկսվեց 1969 թվականի երկրորդ կեսին ու ավարտվեց 1970 վերջերին՝ տեւելով ընդամենը 18 ամիս: Ծախսվեց 5 մլն ռուբլի:

Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից


Կառուցմանը մասնակցեցին հանրապետության, գրեթե, բոլոր շինարարական կազմակերպությունները: «Հրազդանի» շինարարությունը համաժողովրդական էր, ողջ ժողովուրդն էր մասնակցում դրան:

1970-ի նոյեմբերի 29-ին Խորհրդային Հայաստանը պետք է նշեր 50-ամյակն ու այդ օրն էլ նշանակված էր ստադիոնի պաշտոնական բացման արարողությունը: Բազմաթիվ հյուրերի թվում Հայաստան էր ժամանել նաեւ Լեոնիդ Բրեժնեւը:

Սակայն տեղացած առատ ձյունը խանգարեց միջոցառման կայացմանը, «Հրազդանի» իսկական բացումը կայացավ 1971 թվականի մայիսին, երբ «Արարատը» հանդիպեց Ալմաթիի «Կայրաթին» ու հաղթեց 3:0 հաշվով:

Լուսանկարը` Գ. Մուշեղյանի արխիվից


Մասնավորեցումն ու սնանկացումը

2005 թվականին ստադիոնը մասնավորեցվել է Աշոտ Աղաբաբյանի կողմից: Պայմանագրով նախատեսված էր, որ մինչեւ 2010 թվականը ստադիոնի սեփականատերը պետք է կատարի 2 մլն դոլարի ներդրում:

2008 թվականի Հայաստան-Թուրքիա խաղն առիթ դարձավ, որ ստադիոնի վերանորոգման համար ծախսվի 2,5 մլն դոլար: Վերանորոգվեցին հանդերձարաններն ու յարուսը, բուժկետը, դոպինգ ստուգման սենյակը, մամուլի ասուլիսի սրահը, ասֆալտապատվեց հանդիսատեսի ու խոտածածկի միջեւ ընկած հատվածը:

Լուսանկարը` Photolure


2015 թ. հունիսին մարզադաշտը Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ սնանկ ճանաչվեց։

«Հրազդանը» առանձնահատուկ էր հայերի համար, կարեւոր ու հաղթանակներ խորհրդանշող: Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ ստացած կառույցն իր հիմնական նպատակին չի ծառայում՝ էլ չի թնդում երկրպագուների աղմուկից, չի ցնծում գոլերից, ստադիոնի խոտածածկն էլ վաղուց անցել է թույլատրելիի սահմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին